Արդեն 8 տարի է` «Ա1+» հեռուստաընկերությունը զրկված է եթերից: Եթերազրկումից հետո ԵԽ ԽՎ-ն ՀՀ-ի վերաբերյալ իր բոլոր բանաձեւերում կարեւորել է «Ա1+»-ին եթեր տրամադրելու հարցը, սակայն որեւէ փոփոխություն այդպես էլ տեղի չունեցավ: Անդրադառնալով այս խնդրին, ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Տիգրան Թորոսյանն «Ա1+»-ին ասել է. «Ցավոք, ընդունվեց օրենք, որով ընդհանրապես ՀՀ-ում դադարեցվեցին մրցույթները: «Ա1+»-ի հետ կապված առաջին լավագույն քայլը կլինի մրցույթների վերականգնումը»: Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ մինչ այդ չվերաբացվեց հեռուստաընկերությունը, եւ որեւէ բան չարվեց, որպեսզի կյանքի կոչվի ԵԽ ԽՎ բանաձեւերի պահանջը, Տ. Թորոսյանն ասել է. «Ներողություն: Ես կարծում եմ, որ «որեւէ բան չարվեցը» չի համապատասխանում իրականությանը: Դա որեւէ կապ չունի ԵԽ ԽՎ-ի ընդունած բանաձեւի եւ ՀՀ ԱԺ-ի հետ: Մրցույթ անցկացնող մարմին կա եւ նա է որոշում` մրցույթ անցկացնե՞լ, թե՞ ոչ: Մի բան կարող եմ ասել. այն ժամանակ մեր խորհրդարանն օրենք չընդունեց մրցույթներ դադարեցնելու մասին: Սա բացարձակ նոր որակ է` մրցույթները դադարեցնել անհեթեթ հիմնավորումով, թե՝ անցնում ենք թվային հեռարձակման: Երկրորդ` երբ առաջացավ խնդիրը, ընդամենը մի քանի օր հետո «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն ինքս եմ ուղարկել փորձաքննության: Օրենքի նախագիծն էլ այն ժամանակ ներկայացրել էր ընդդիմությունը, եւ չէր կարելի ասել, թե թերությունները իշխանությունները միտումնավոր էին արել»: Թեեւ փորձաքննությունից հետո թերություններն ուղղվել են, սակայն Տ. Թորոսյանը գտնում է, որ խնդիրն այն է, որ օրենքն այդպես էլ չկիրառվեց: Իսկ հարցին, թե` «Ա1+»-ի եթերազրկումը քաղաքական որոշո՞ւմ էր, թե՞ ոչ, Տ. Թորոսյանը պատասխանել է. «Իմ կարծիքով, «Ա1+»-ի դուրս մնալը եթերից հիմնավորված չէ: Այսինքն, եթե մենք համեմատեինք «Ա1+»-ի պատրաստած հաղորդումները, ծրագիրն այն հեռուստաընկերության հետ, որը փոխարինեց «Ա1+»-ին այդ մրցույթի արդյունքում, ակնհայտ է, որ համարժեք չէին իրենց որակներով: Իսկ թե ինչի՞ց ելնելով` հանձնաժողովը նման որոշում ընդունեց, կարծում եմ` հանձնաժողովի պատասխանելու խնդիրն է»: