ԿԲ-ն զսպո՞ւմ է

03/04/2010

Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով գնաճին, ասել է, որ այն հիմնականում պայմանավորված է բնակչության մեջ արտարժույթի նկատմամբ ունեցած սպասումներով: Նրա խոսքերով` տարվա վերջին գնաճի միտումներն ավելի մեղմ են լինելու, քան առաջին եռամսյակում: «Դա կախված կլինի նրանից, թե տնտեսությունն ինչպես կդրսեւորի իրեն տարվա ընթացքում` տրանսֆերտների եւ փոխարժեքի ձեւավորումից»,- ասել է Ղուկասյանը` հավելելով, թե Կենտրոնական բանկը քայլեր ձեռնարկում է գնաճի զսպման ուղղությամբ: Ըստ նրա` ԿԲ-ն նախատեսում է փոփոխություններ կատարել պարտադիր պահուստավորման մեջ: Խոսքը արտարժութային միջոցների դիմաց պահուստավորման կարգի փոփոխման մասին է: «Նախկինում 12% պահուստավորումը տեղի էր ունենում արտարժույթով, ապրիլի 14-ից սկսած այդ 12%-ի 3%-ը պետք է կատարվի ազգային դրամով: Սա նշանակում է, որ բանկերի ախորժակն արտարժութային միջոցների նկատմամբ կզսպվի, ենթադրվում է, որ սա կբերի արտարժութային ավանդների տոկոսադրույքների անկմանը»,- նշել է նա` պարզաբանելով, թե դա դոլարիզացիայի դեմ պայքարի բնական շարունակությունն է: