Գրականություն՝ առանց ինձ ու քեզ

03/04/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Անի՛, հայ շարքային ընթերցողի կարծիքով` հայ ժամանակակից գրականությունն ավելի շուտ մեռած է, քան ողջ: Ամեն դեպքում, ժամանակակից գրականությունը հետաքրքիր չի թվում այնքան, որ հակառակում համոզվելու համար բացես մեր գրողների գրքերը:

– Գրականությունը` որպես երեւույթ, երբեք չի մեռնում, այն անընդհատ շարժման մեջ է: Հասկանալի է, որ հասարակ ընթերցողին չենք կարող հրամայել, պարտադրել` վազել գրախանութից գրախանութ եւ հետեւել` ինչ նորություն կա: Մարդու համար հրաշալի վիճակ կա` հետաքրքրասիրությունը, ինչը նրան կստիպի վազել տվյալ գրքի հետեւից: Եթե, իհարկե, դա իրեն պետք է:

– Կվազի գրքի հետեւից, սակայն համաշխարհային գրականությունն այնքան հետաքրքիր է, գրքերի ահռելի պաշար կա, եւ մարդիկ ընտրություն անելիս` նախապատվությունը տալիս են հիմնականում` դասականներին կամ հայտնի, ընդ որում` այլազգի հեղինակներին:

– Եթե ընթերցողը դույզն-ինչ ճանաչի այսօրվա հայ գրողին, հաստատ նախապատվությունը կտա հայ գրողին: Նախ` աշխարհայացքն ավելի հարազատ է, երկրորդ` լեզուն` հայերենը, մատչելի է:

– Ընթերցողը, բարի կամք կամ հետաքրքրասիրություն դրսեւորելով, գնեց ժամանակակից գրողի գործը: Իսկ ի՞նչ ջանք պիտի գործադրի գրողը` ընթերցողին հետաքրքիր լինելու համար:

– Հայ գրականության համար այսօր հետաքրքիր ժամանակաշրջան է, ինչպես 60-ականները: Բայց պարադոքս է` ընթերցողը շատ քիչ գիտի կամ առհասարակ չգիտի իր գրողների մասին: Եկեք հասկանանք գրողին. գիրքը գրելուց հետո խնդիր է այն ընթերցողին հասցնելը: Գրողներն այսօր հաճախ եւ ցավով խոստովանում են, որ իրենց ամենալավ ընթերցողն, այնուամենայնիվ, իրենք են:

– Գուցե խնդիրը նախեւառաջ գրողի անհատականությո՞ւնն է` որքանո՞վ է վառ, ի՞նչ քաղաքացիական դիրքորոշում ունի եւ այլն: Մարդիկ ժամանակակից գրողներին դեմքով չեն ճանաչում` առիթ չեն ունենում:

– Հավատացեք, արժե նրանց ճանաչել, այդ թվում` դեմքով: Ունենք հետաքրքիր գրողներ, եւ ես, խախտելով անուններ չտալու ազգային սկզբունքը, այսօր կտամ անուններ: Վերջերս լույս տեսավ Անուշ Ասլիբեկյանի «Բարի գալուստ, իմ հեքիաթ» ժողովածուն` հասցեագրված հատուկ երիտասարդներին: Չեմ պատկերացնում, որ երիտասարդը կամ պատանին այս գործերը հաճույքով չկարդա: Գրողը նոր խոսք բերեց:

– Ի՞նչ է այսօր նշանակում` նոր խոսք:

– Այսինքն` նա ապրեց իր իրականության մեջ, իր ներաշխարհն ընթերցողին փորձեց շատ հետաքրքիր ձեւով ներկայացնել: Ի վերջո, եթե ստեղծագործության մեջ մարդն իրեն տեսնում է, ուրեմն` նա հաստատ կավարտի այդ գործի ընթերցանությունը: Կա մի հանգամանք. ընթերցողն այսօր շատ դժվար է կարդում, տեքստ կարդալը բարդացել է: Գրականության համար սա էլ է խնդիր: Ընթերցողը շատ քմահաճ է. կարող է կարդալ եւ հոգնել: Եվ նրան քմահաճ են դարձրել բազմաթիվ դյուրամարս հեռուստասերիալներըգ

– Եվ նման ընթերցողներին գայթակղելու ամենադյուրին ձեւը գտել է Պաոլո Կոելյոն` կարճ նախադասություններ, փոքրիկ գլուխներ: Տպավորությունն այնպիսին է, որ նրա ստեղծագործությունը գրում է համակարգիչը` հատուկ ծրագրով, սակայն ողջ աշխարհը, այդ թվում եւ` Հայաստանը, նրան ընդունում է անասելի հրճվանքով:

– Այս դեպքում կարեւոր է հերոսի խնդիրը: 51 միլիոն տպաքանակ ունեցող Կոելյոյի հերոսը մարմնավաճառուհի է կամ «Ալքիմիկոսի» հովիվ Սանտյագոն: Գրողն իր համար պիտի հստակ պատկերացնի` կարեւոր է ոչ միայն սյուժեի արտասովորությունը, այլեւ հերոսը: Կոելյոն հասկացավ` հասարակ մարդուն բերեց գրական դաշտ եւ դարձրեց կերպար: Մնացածն արդեն վարպետությունն է: Գրողի ամենամեծ բաղձանքն ընթերցողի սրտին հասնելն է: Եթե մեկն ասի, որ գրում է ինքն իր համար, պահում է ձեռագրերը գզրոցներում եւ գիշերները կարդում, ցնդաբանություն է:

– Որպես գրաքննադատ` պարտավոր եք ընթերցել ժամանակակից հայ գրականությունը: Ձեզ համար պարզե՞լ եք` ո՞վ է մեր ժամանակների հերոսը` ըստ մեր գրականության:

– Այսօր հերոսն իրեն չգտած, չհաստատված, որոնումների մեջ մեկն է: Լավ կլիներ` լիներ հակառակը` ուժեղ, ինքնավստահ, գուցե ոչ այնքան անբասիր, բայց պայքարող եւ հաղթող: Հերոսն ինքը պետք է հարթի իր ճանապարհն` անգամ գրողից անկախ: Ֆոլկներն ասում էր. «275-րդ էջում արդեն կատարվում է մի բան, որի տերը ես չեմ»:

– Մարդն, ըստ էության, չի փոխվում. բոլոր ժամանակներում նրան հուզում են միեւնույն հարցերը` ի՞նչ է կյանքը, ո՞րն է կյանքի իմաստը, ո՞վ է ինքը եւ այլն: Սրանք համամարդկային հարցադրումներ են, որոնք պատասխան են ուզում, եւ սա պիտի որ դրդի գրականության մեջ չլինել ազգագրության հասցված ազգային:

– Բոլորս մոլորակի մարդ ենք. հեռավոր մի տեղ աղետ է, տառապում ենք նաեւ մենք, զգում ենք արեւը, ինչպես ճապոնացին, ֆրանսիացին: Ազգային հենքը շատ կարեւոր է, բայց պետք է գրել մարդու մասին: Ի վերջո, գրականությունն աղոթք է մարդու մասին: Հեղափոխությունը, բնությունը, շարժումը ընդամենը դրվագներ են. հենակետում մարդն է: Հիշենք Շոլոխովի «Խաղաղ Դոնը»: Բազմաթիվ իրադարձություններ են, բայց կենտրոնում մարդն է, սերը, ընտանիքը: Նույնը` Տոլստոյի «Պատերազմ եւ Խաղաղություն» պատումում, Դոստոեւսկու գործերում: Մեծ գրողն անընդհատ գնում է դեպի մարդը: Անդրեյ Բելին իր հոդվածներից մեկում ասում է. «Ի վերջո, մենք պետք է հասնենք այդ բարձունքին` ես-ին»: Գրականության գյուտ է` հայտնաբերել կյանքի, մարդու այն կողմերը, որոնք մյուսները դեռ չեն տեսել:

– Իմ մասնագիտության բերումով` հաճախ ինքս էլ եմ ժամանակակից ստեղծագործողների գրքեր ընթերցում: Չեմ թաքցնի, կոնկրետ իմ ընթերցած գրքերը մինչեւ վերջ կարդալ չեմ կարողացել` կեղծ նոտան շատ բարձր է հնչում: Ինչո՞ւ պետք է ընթերցողն իր ժամանակը կորցնի ոչնչի վրա: Ի վերջո, համաշխարհային գրականության նշաձողը շատ բարձր է, եւ եթե չես կարող ստեղծել ավելի լավը կամ ավելի նորը, ճիշտ է չգրել կամ գրելու դեպքում չպնդել, որ ինչ-որ մեկն այն անհապաղ ընթերցի:

– Եթե հեղինակի գործը կարդալուց առաջ լսենք նրա մասին, հետո նոր ընթերցենք գործերը, նրա գիրքը բացելն ավելի հեշտ կթվա: Օրինակ` երբ Վիոլետ Գրիգորյանը գրեց իր առաջին ժողովածուն` «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում», դա մեծ հեղափոխություն էր բանաստեղծական աշխարհում: Նա մի բանաստեղծություն ունի, ուր պատկերացնում է աշխարհն` առանց իրեն: Չեմ պատկերացնում մի ընթերցող, ով այս տողի կողքով կարող է անտարբեր անցնել:

– Անժխտելի է. Վիոլետ Գրիգորյանն, իրոք, ասաց նոր խոսք:

– Նա ջարդեց բոլոր շրջանակներն ու ստեղծեց նորը:

– Դուք լավ ծանոթ եք ժամանակակից գրականությանը, հետեւաբար կարող եք խորհուրդ տալ անտեղյակներիս` ո՞ւմ կարդալ:

– Կտամ արձակագիր Սուսաննա Հարությունյանի անունը` նոր աշխարհ, կյանքի մասին նոր պատկերացում, նուրբ գեղագիտություն: Նույնը կարող եմ ասել Ալիս Հովհաննիսյանի մասին: Ընթերցողին, կարծում եմ, կհետաքրքրեն Արմեն Մարտիրոսյանը, Վահան Վարդանյանը, Մանասեն, Արտակ Համբարձումյանը, Արտաշես Ղազարյանը, Հրաչյա Թամրազյանը, Հրաչյա Բեյլերյանը, Խաչիկ Մանուկյանը…

– Գրաքննադատն է այն ճանապարհը, որը գրողին կապում է ընթերցողի հետ: Սակայն հեղինակավոր գրաքննադատներ եւս չունենք, ովքեր կարող են թե՛ գրողներին զգոն պահել եւ թե՛ ընթերցողին ուղղորդել դեպի արժեքավոր գրականություն: Որեւէ գրքի շուրջ հասարակական քննարկումներ չկան: Հիշում եմ միայն Վիոլետ Գրիգորյանի ժողովածուն, որը բուռն քննարկման արժանացավ, եւ Արմեն Շեկոյանի «Անտիպոեզիան»: Սակայն դա վաղուց էր:

– Գրաքննադատությունը խիստ անհրաժեշտ է: Ծնվեց գործը, գրաքննադատը պետք է մտածի նրան կյանք տալու մասին: Կարեւոր անցում է` գրող-գրաքննադատ-ընթերցող ճանապարհը, սակայն այս դեպքում էական է նաեւ այն, որ ոչ միայն ընթերցողը չի ճանաչում գրողին, այլեւ ժամանակակից գրողները չեն ճանաչում միմյանց,,,

Կամ չեն ուզում ճանաչել:

– Այս դեպքում արդեն չի աշխատում նաեւ «Արվեստն` արվեստի համար» կարգախոսը: Յուրաքանչյուրը հրապուրվում է իր ստեղծագործություններով: Ճիշտ է, լինում են քննարկումներ, որոնք, որպես կանոն, հյուծող բանավեճերի են վերածվում: Սակայն վիճակն անհուսալի չէ. իրեն փնտրելու եւ գտնելու խնդիր ունի ոչ միայն գրողը, այլեւ ընթերցողը:

– Գրողն իրեն գտնել կարող է, սակայն ընթերցողն իրեն եթե անգամ փնտրում է, ապա գտնում է ամենեւին ոչ ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններում,,,