Արվեստ. թերապիա եւ արտադրություն

03/04/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Սուրբ Հարության տոնի նախօրեին հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկան Հայաստանի հոգեբաններն ու հատուկ դպրոցների սաները։

Ապրիլի 1-ին Կամերային երաժշտության տանը բացվել էր ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին հոգեբանական խնդիրներ ունեցող մանուկ եւ պատանի հայաստանցիների ձեռքի աշխատանքները։ Զատկի տոնի խորհուրդն ունեցող պարագաները՝ նկարները, սփռոցները, կավե ափսեներն ու արձանիկները, ձեռագործ գունավոր ձվիկներն ու տարբեր մանր, փխրուն ու ճաշակով արված ստեղծագործությունները պատրաստել էին այն երեխաները, որոնք իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են՝ մեկուսացված լինելով պարիսպների ետեւում գտնվող օժանդակ դպրոցներում։ Մտավոր եւ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող երեխաների համար արվեստն ու արհեստները սովորաբար կենսական նշանակություն են ունենում, քանի որ հմտանալով որեւէ արհեստում, նրանք հնարավորություն են ստանում հետագայում «փեշակ» ձեռք բերել ու ապրուստի միջոցներ գտնել։ «Մանկական հոգեբանների եւ հոգեբույժների» ընկերության փոխնախագահ Խաչատուր Գասպարյանը նկատում է. «Այս ցուցահանդեսը նաեւ ակցիա է, որով մենք ուզում ենք ցույց տալ, որ արհամարհված, ստիգմայի՝ խարանի ենթարկվող ցանկացած երեխա մեզանից մեկն է։ Ինչպե՞ս է ստացվում, որ մենք հանգիստ ենք վերաբերվում սրտանոթային հիվանդություն ունեցող երեխայի գոյությանը, բայց մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին պիտակավորում ու մերժում ենք»։ Իհարկե, բոլորի համար էլ ցանկալի է, որ խնդիրներ ու սահմանափակումներ ունեցող երեխաները կարողանան ադապտացվել հասարակությանը, հարմարվել ժամանակակից կյանքի ռիթմին։ Լսողության խնդիրներ ունեցող հատուկ համալիրի տնօրեն Աշոտ Ավետիսյանը նկատում է, որ երեխայի սոցիալիզացիայի գործում մեծ դեր կարող է խաղալ ցուցահանդես-վաճառքի ավանդույթը։ «Երեխան տեսնում է, որ կարող է իր աշխատանքով գումար վաստակել, եւ վաճառքը դառնում է խթան՝ հետագայում իր գործը շարունակելու համար։ Միայն խրախուսանքը չի կարող այնքան ուրախացնել նրան, որքան գումարը, թեկուզեւ՝ սիմվոլիկ։ Հաճախ լսում ենք, որ խոսվում է ինտեգրման մասին, բայց ինտեգրումը չի կարող միակողմանի լինել։ Ոչ միայն խնդիրներ ունեցող երեխան պետք է փորձի ինտեգրվել հասարակության մեջ, այլեւ՝ հասարակությունը դա պիտի ցանկանա»,- ասում է նա։ Ընդ որում՝ նման ինտեգրման սկիզբ կարող է լինել նաեւ կանոնավոր աշխատող խանութի հիմնումը։ Չէ՞ որ ցանկացած հատուկ դպրոց իր դասաժամերի հիմնական բաժինը հատկացնում է արհեստագործական որեւէ ճյուղի։

Խ.Գասպարյանը տագնապալի եզրակացություն է անում. «Հատուկ դպրոցներում հայտնված երեխաների մեծամասնությունը ոչ թե հոգեկան դժվարություններ ունի, այլ՝ ընտանեկան ու սոցիալական: Հաճախ այդ երեխաներն օժանդակ դպրոցներում են հայտնվում մանկավարժական բացթողումների պատճառով։ Կամ էլ պարզապես ծնողները չեն կարողացել զբաղվել նրանց հետ։ Երեխաներից շատերը չէին ունենա դժվարություններ, եթե դժվարություն չունենային նրանց ընտանիքները։ Չէ՞ որ երեխան ընտանիքի պրոյեկցիան է։ Միջազգային ստատիստիկան փաստում է, որ հոգեբանների ու հոգեբույժների կարիքն ունեցող երեխաների

93%-ն ընտանեկան լուրջ պրոբլեմներ ունեն»։ Ցուցահանդեսին իր սաների աշխատանքները ներկայացրած Վանաձորի հատուկ դպրոցի ուսուցիչները պատմեցին մի աղջկա մասին, որը զարմանալի պրոֆեսիոնալիզմով ու նրբությամբ ասեղնագործել էր թաշկինակներն ու խոհանոցային բռնիչները։ Մտավոր ու տեսողական խնդիրներ ունեցող այդ 10-ամյա աղջիկը մինչ իր աշխատանքը վաճառելը երազում էր ցույց տալ այն իր մայրիկին։ Սակայն մայրիկին դա չհետաքրքրեց, քանի որ նա հազվադեպ է գիշերօթիկ դպրոցում ապրող դստերը այցելում։ Եվ դժվար չէ կռահել, որ եթե աղջկա երազանքն իրականանար, նրա ապաքինումն էլ թերեւս ավելի արագ կլիներ։ Իսկ համբերությամբ ու սիրով պատրաստած նրա բռնիչները հաստատ երջանկություն կբերեն այն ընտանիքին, որի խոհանոցում կհայտնվեն դրանք։

Հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների ցանկացած նկար կամ այլ ստեղծագործություն նաեւ յուրահատուկ հոգեվերլուծություն է։ Արվեստը թերապիա է, որի օգնությամբ վեր են հանվում ենթագիտակցական վախերն ու զսպված զգացումները։ Խ.Գասպարյանն ասում է. «Աշխատելով այդ երեխաների հետ, մենք հաճախ խնդրում ենք նրանց սեփական վախը նկարել թղթի վրա կամ պատկերել պլաստիլինե ֆիգուրի մեջ։ Եվ երբ պրոբլեմը նյութականանում է, նրա ազդեցությունը փոքր-ինչ թուլանում է։ Մենք կարծես երեխայի մտքից հանում ենք պրոբլեմն ու այն տեսանելի ու կոնկրետ ենք դարձնում։ Դա հոգեթերապեւտիկ կարեւոր քայլ է, որը հանգստացնող նշանակություն ունի։ Երեխան չգիտե, թե ինչպե՞ս պետք է վարվել մտքում գոյություն ունեցող վախի հետ, իսկ երբ այն նյութականանում է, արդեն հնարավոր է կոտրել, խեղդել, այրել կամ «թաղել» վախը»։

«Ջերմիկ անկյուն» հիմնադրամի աշխատակիցներն, օրինակ, պատմեցին փոքրիկ Ալինայի մասին, ով նկարելով ու սեփական նկարները պատռելով, կարողացել է զարմանալի առաջընթաց ապրել։ Եվ այժմ նրա հիվանդության սիմպտոմները նվազել են, իսկ նկարներն, ընդհակառակը, գունային ուժեղ էներգետիկա են ձեռք բերել։ Մռայլ գույներն իրենց տեղը զիջել են արեւային գույներին, եւ բժիշկներն էլ հոգեբանական խնդիրներ ունեցող Ալինային կայացած նկարչուհի են համարում եւ փայլուն ապագա են կանխատեսում։

Հոգեբանական տարածքն ընդհանրապես շատ երերուն է, առողջ եւ հիվանդ մարդու սահմանազատումը կարող է եւ հազիվ նշմարելի լինել։ Համենայնդեպս, պատկերային արվեստում շատ գլուխգործոցներ ստեղծել են անհավասարակշիռ մարդիկ։ Այնպես որ՝ հոգեկան հիվանդությունը կարող է նաեւ տաղանդի սկիզբ դնել։ Պարզապես հարկավոր է ոգեւորել, թույլ չտալ, որ խնդիրներ ունեցող երեխաները թեւաթափ լինեն ու իրենց միայնակ զգան։ Պետք է նշել նաեւ (եւ անել դա առանց սենտիմենտալության), որ ցուցահանդես-վաճառքին ներկայացված բոլոր նմուշները ոչ միայն գեղեցիկ ու երեւակայությամբ լի էին, այլեւ՝ մատչելի գներ ունեին։ Այս օրերին շատ հայաստանցիներ, տոնական եռուզեռով տոգորված, այս կամ այն խանութից Զատկի տոնին նվիրված չինական ապրանքներ են գնում՝ անձեռոցիկներ, սեղանին եւ սառնարանին փակցվող մանր զարդեր ու ֆիգուրներ։ Իսկ մեր պատանի ու իրենց միայնակ զգացող հայաստանցիները հազար անգամ ավելի գեղեցիկ ու որակյալ ապրանք էին կարողացել ստեղծել, որի գինը համարժեք է կամ էլ մի քանի անգամ ցածր է, քան զանգվածային չինական արտադրանքինը։ Ամեն մի նմուշ անհատականություն էր։ Մագնիս-զատիկներից յուրաքանչյուրն, օրինակ, առանձնահատուկ դեմք եւ ուրվագիծ ուներ, քանի որ նրանց հեղինակներից յուրաքանչյուրի համար էլ զատիկ կամ անձեռոցիկ պատրաստելը միայն աշխատանք չէ, այլ՝ ինքնահաստատվելու եւ ինքնադրսեւորվելու շանս։ Եվ գնելով այդ ապրանք-ստեղծագործությունները՝ մենք նրանց ինքնահաստատվելու հնարավորություն էինք տալիս։