Սոխը միշտ օգտակար է
Հազարավոր տարիներ մարդիկ սոխն օգտագործում են բժշկական նպատակներով: Հին Չինաստանում բուժակներն օգտագործում էին սոխը զանազան ինֆեկցիաներ բուժելու նպատակով: Հին Հունաստանում` մարզիկներն, իսկ Հռոմում՝ գլադիատորները, սոխ ուտում էին` ուժեղ լինելու եւ մարտերի ժամանակ միշտ հաղթելու նպատակով: Իսկ միջին դարերում էլ հավատում էին, որ սոխի միջոցով կարելի է բուժել բոլոր հիվանդությունները: Ժամանակակից բժշկությունը եւս ընդունում է սոխի բուժական բազմաթիվ նշանակությունները:
Սոխը շատ լավ է շնչառական եւ իմունային համակարգերի համար: Այն ունի ուժեղ հակաբակտերիալ եւ հակասնկային հատկություններ: Այն շատ լավ է բրոնխիտին եւ նույնիսկ օգնում է օրգանիզմին՝ պայքարելու թոքաբորբի դեմ: Հնում նույնիսկ սոխի միջոցով պայքարել են թոքախտի դեմ:
Սոխի եւ մեղրի խառնուրդը շատ լավ խորխաբեր միջոց է հանդիսանում: Այս խառնուրդն օգտագործում են տարբեր տեսակի վերքերի` ինֆեկցիաների եւ բորբոքային պրոցեսների կանխման համար:
Սոխը կարելի է քերել, վրան լցնել 1 թեյի գդալ շաքարավազ ու թողնել մնա մի քանի ժամ, այնուհետեւ սոխից դուրս տված հեղուկը կարելի է տալ երեխաներին հազի ժամանակ: Այն շատ օգտակար է եւ, կարելի է ասել` հավասարազոր է պենիցիլինին:
Այն շատ լավ օգնում է մարսողական համակարգի աշխատանքին` բազմացնելով օգտակար բակտերիաներն ու պայքարելով թունավոր բակտերիաների դեմ: Այն պայքարում է նաեւ բազմաթիվ մակաբույծների, աղիքային որդերի դեմ, կանխում է գիրությունը, ինչպես նաեւ՝ կարգավորում է մարմնի քաշը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ովքեր ավելի հաճախ են օգտագործում սոխ, նրանց մոտ մի քանի անգամ պակասում է չարորակ ուռուցքներով հիվանդանալու ռիսկը:
Քանի որ սոխն արյան մեջ զգալիորեն նվազեցնում է խոլեստերինի քանակը, հետեւաբար այն շատ լավ է սիրտ-անոթային համակարգին: Այն շատ լավ պայքարում է նաեւ տարածված աթերոսկլերոզի դեմ:
Թվարկեցինք սոխի բազմակի դրական ու բուժիչ հատկանիշները, բայց չպետք է մոռանալ, որ ինչպես ցանկացած բուժիչ միջոց, սոխը եւս չի կարելի չարաշահել:
Պետք է նաեւ չմոռանալ սոխի մի շատ լավ հատկության մասին եւս, հատկապես, որ մոտենում են Սուրբ Հարության տոները: Խոսքը ձու ներկելու մասին է: Կարմիր սոխի կեղեւով, ինչպես հայտնի է` կարելի է շատ լավ «ներկ» ստանալ ձու ներկելու համար: Սոխի կեղեւից ստացած գույնը եւ՛ շատ գեղեցիկ է, եւ՛ անվնաս ցանկացած սննդային գունաներկերից:
Մոտ 200գ կեղեւի վրա լցնել 500գ ջուր եւ եռացնել, որից հետո ձուն լավ լվանալ ու դնել սոխի թուրմի մեջ ու մարմանդ կրակի վրա եփել 10-12 րոպե: Ջուրը պետք է այնքան լինի, որ ձվերն ամբողջությամբ ծածկվեն: Այս ձեւով պատրաստված ներկանյութը նաեւ ամրացնում է ձվի կեղեւը:
Կեչու կեղեւով եւս կարելի է ներկել ձուն: Կեչու մատղաշ տերեւներով պատրաստել եփուկը այնպես, ինչպես սոխի կեղեւից, քամել եւ թուրմի մեջ եփել ձվերը թույլ կրակի վրա 10-12 րոպե եռալու պահից: Ձվերը ներկվում են դեղին գույնով:
Այս ձեւով թուրմ են պատրաստում նաեւ ընկույզի տերեւներից, գույնը` դեղին:
Կիտրոնի կեղեւով կուլիչ
Անհրաժեշտ է 500գ ալյուր, 150գ շաքարավազ, 250մլ կաթ, 6 դեղնուց, 40գ խմորիչ, 100գ կարագ, 1 կիտրոնի ցեդրա եւ վանիլին, 50գ չամիչ եւ 10 նուշ: Ջնարակի համար` 2 ձվի սպիտակուց, 200գ շաքարի փոշի, վանիլին կամ կիտրոն:
Վերցնել 100գ ալյուր, կաթ եւ 1 թեյի գդալ շաքարավազ խառնած խմորիչ, խառնել եւ թողնել խմորվի: Դեղնուցները լավ հարել շաքարավազի հետ, վրան ավելացնել մնացած ալյուրը, աղ, վանիլին եւ հունցել այնքան ժամանակ, մինչեւ հեշտությամբ անջատվի ձեռքերից: Աստիճանաբար ավելացնել հալեցրած, բայց ոչ տաք կարագ, չամիչ, կիտրոնի կեղեւ, մաքրած-մանրացրած նուշը:
Խմորը տեղափոխել կաղապարի մեջ ու թողնել տաք տեղ, որ մի քիչ հասունանա: Թխել 180-200 ջերաստիճանում 40 րոպե: Հանել, թողնել սառչի, զգուշությամբ հանել կաղապարից, վրան լցնել ջնարակ:
Ջնարակի պատրաստումը. Ձվի սպիտակուցները շաքարավազի հետ փայտե գդալով լավ հարել: Հարելու ընթացքում ավելացնել վանիլին կամ կիտրոնի հյութ: