ՀՀՇ-ն` եվրոպական ազդեցիկ կուսակցության անդամ

01/04/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մարտի 12-ին Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը դարձել է Եվրոպայի Լիբերալ դեմոկրատական եւ ռեֆորմիստական կուսակցության` ԵԼԴՌԿ անդամ: Այս մասին երեկ կայացած ասուլիսում տեղեկացրին ՀՀՇ ղեկավարները: ԵԼԴՌԿ-ի հետ ՀՀՇ-ի համագործակցությունը սկսվել է 6-7 տարի առաջ: Նշենք, որ եվրոպական այդ կուսակցությանն անդամակցում են 30 երկրների 56 քաղաքական ուժեր Եվրոպայի 30 երկրներից: ՀՀՇ ղեկավարները տեղեկացրին, որ այդ կուսակցությունը 74 պատգամավորով ներկայացված է Եվրախորհրդարանում, Եվրոպական 27 հանձնակատարներից 10-ը եւս այդ կուսակցության անդամ են: Բացի այդ, եվրոպական այդ քաղաքական ուժին անդամակցած կուսակցություններն արդեն իրենց երկրներում ունեն 4 վարչապետ, տասնյակ նախարարներ, հարյուրավոր պատգամավորներ: Եվ, որ ամենակարեւորն է, այդ կուսակցությունն ունի մեծ խմբակցություններ թե Եվրախորհրդարանում, թե ԵԽ ԽՎ-ում, որտեղ բազմիցս քննարկվել է եւ քննարկվելու է Հայաստանի հարցը: «Այլեւս ՀՀՇ-ն լինելով այդ կուսակցության անդամ` կարող է այդ քննարկումներին իր տեսակետները հասու դարձնել իր կոլեգաների միջոցով: Այսինքն՝ սա հնարավորություն կտա կոնկրետ աշխատանք տանել ԵԽ ԽՎ-ում, Եվրախորհրդարանում, բարձրացնել այն հարցերը, որ հուզում են կուսակցությանը եւ Հայաստանի ողջ հասարակությանը: Սա մեր պայքարին լրացուցիչ լծակ կտա մարդու իրավունքների, օրինականության, սահմանադրական կարգի վերականգնման առումով»,- հայտարարեց ՀՀՇ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսան Արզումանյանը:

ՀՀՇ ղեկավարները համոզված են, որ եվրոպական այս կուսակցության անդամների միջոցով կկարողանան ԵԽ ԽՎ-ում ու այլ կառույցներում ավելի անմիջականորեն ներկայացնել մարտի 1-ի իրադարձությունների ու քաղբանտարկյալների խնդիրը եւ դրական լուծումների հասնել: «Ես վստահ եմ, որ Մարտի 1-ի կազմակերպիչները չեն հասկանում, թե ինչ է միջազգային հասարակություն, ինչ է պետության միջազգային հեղինակություն: Եվ վստահ եմ, որ չեն հասկանում, թե ինչ է նշանակում Եվրոպայի Լիբերալ դեմոկրատական ինտերնացիոնալ կուսակցություն: Կամ առհասարակ ինչպես է դրսում երկրի մասին կարծիք ձեւավորվում: Այդ առումով թերեւս վստահ եմ, որ չեն հասկանում, թե ինչ է նշանակում` երկրի իմիջ: Եթե հասկանային, սպանդ չէր լինի դեսպանատների աչքի առաջ, Երեւանի կենտրոնում»,- ասաց ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Նշենք, որ ՀՀՇ-ից եվրոպական այս կուսակցության խորհրդի անդամ կդառնան կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ու Ա.Արզումանյանը, ովքեր այս ընթացքում վարել են անդամակցության հետ կապված բանակցությունները:

ՀՀՇ ղեկավարները երեկ անդրադարձան նաեւ ԼՂՀ հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ներքաղաքական խնդիրներին: Ա.Արզումանյանի խոսքերով՝ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու հարցը եղել է 1998թ. Ռոբերտ Քոչարյանի` իշխանության գալու նախապայմանը: Ա.Զուրաբյանն էլ ավելացրեց, որ այդ նախապայմանը Ռ.Քոչարյանի առաջ դրվել է Ֆրանսիայում` 1997 թվականին: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում հենց ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն էր առավել հաճախ հայտարարում, թե Ռ.Քոչարյանի որոշմամբ է ԼՂՀ-ն դուրս թողնվել բանակցություններից: Եվ բանախոսների խոսքերով՝ Եվրոպան հենց այս որոշման համար է աչք փակել Ռ.Քոչարյանի նախագահ դառնալու առաջին խախտման` 10 տարի ՀՀ-ում մշտական բնակության վերաբերյալ տեղեկանքի բացակայության վրա: Իսկ ապրիլի 12-13-ը ԱՄՆ-ում կայանալիք Սերժ Սարգսյան-Ռեջեփ Էրդողան հնարավոր հանդիպումից ՀՀՇ ղեկավարները մեծ սպասելիքներ չունեն: «Որեւէ փոփոխություն թուրքական դիրքորոշման մեջ ես չեմ ակնկալում: Թուրքիան հստակ հայտարարել է, որ պատրաստ է վավերացնել այդ արձանագրությունները միայն այն դեպքում, երբ ԼՂՀ կարգավորման գործընթացում լինի առաջընթաց` ըստ իրենց պատկերացումների: Նման առաջխաղացում մոտակա 1-2 շաբաթների ընթացքում ես չեմ սպասում: Հնարավոր է Վաշինգտոնում դատարկ դիվանագիտական քողարկված հայտարարություն լինի, բայց ոչ ավելին»,- ասաց Ա.Արզումանյանը: ՀՀՇ ներկայացուցիչներն անդրադարձան նաեւ ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե նախկին եւ ներկա իշխանությունները մսխել են Ղարաբաղում ձեռք բերված փայլուն հաղթանակը: «ՀՀՇ-ն, բնականաբար, մեղքի իր բաժինն ունի այս հարցում: Դրա վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ այս մարդկանց իշխանության բերելն ինքը համարում է սխալ: Եվ դա հաղթանակների մսխման գործընթացի պատճառ հանդիսացավ»,- հայտարարեց Ա.Զուրաբյանը: