Խորհրդավոր ընթրիք չի լինի

01/04/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Բրիտանական լրատվամիջոցները պահքի այս օրերին քննարկում են, թե ինչ էվոլյուցիայի են ենթարկվել Հիսուս Քրիստոսի եւ Նրա աշակերտների` խորհրդավոր ընթրիքը պատկերող կտավները: Մասնագետներին հետաքրքրում է` սեղանին հատկապես ինչ եւ ինչ քանակությամբ է եղել մարդկության պատմության մեջ թերեւս ամենակարեւոր այդ ընթրիքի ժամանակ: Առաջին հազարամյակից մինչեւ 19-րդ դար այդ թեմայով 52 կտավի համակարգչային ուսումնասիրությունը պարզել է, որ ափսեների չափը, որոնցից կերել են սրբերը, անգամ հացի քանակը, ժամանակի ընթացքում աճել է: Բրիտանացի հետազոտողների եզրակացությունն, ըստ «Independent»-ի, ուշագրավ է` ժամանակի ընթացքում խորհրդավոր ընթրիքը վեր է ածվել հարուստ բանկետի:

Թեեւ խորհրդավոր ընթրիքը քրիստոնեական թեոլոգիայի կարեւորագույն իրադարձությունն է եւ նկարագրված է երեք ավետարանիչների` Ղուկասի, Մատթեոսի, Մարկոսի կողմից, սակայն, այդուհանդերձ, ոչ ոք չգիտի, թե ինչ եւ ինչ քանակությամբ է ճաշակվել այդ ընթրիքի ժամանակ: Հայտնի է, սակայն, որ սեղանին եղել է հաց եւ գինի: Նման աղքատիկ մենյուն ստիպել է գեղանկարիչներին գործի դնել իրենց երեւակայությունը: Ուսումնասիրողները պարզել են, որ, որպես հիմնական ճաշատեսակ, նկարիչների մեծ մասը պատկերել է ձուկ, ոմանք` անգամ խոզի ու ոչխարի միս: Միլանում, Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարում (նկարված 1495թ.), սեղանին միայն հաց է եւ գինով լցված գավաթներ: 130 տարի անց, Դանիել Կրեսպիի կտավում (1624թ.) սեղանին ձուկ է, միս, լիմոն, բանջարեղեն, մրգեր:

Նման ուսումնասիրություններ իրենց կարող են թույլ տալ բրիտանակա՛ն լրատվամիջոցները, Իսկ Հայաստանում հետաքրքրություն ներկայացնող հարցադրումն արվեստի հետ անգամ հեռավոր կապ չունի եւ հնչում է այսպես` պատերազմ կլինի՞, թե՞ ոչ: Ռազմական գործողությունների սկսման հավանականությունն այնքան է, որ, օրինակ, «Ժառանգություն» կուսակցությունը ստեղծված իրավիճակը գնահատում է որպես «Հայաստանի եւ Արցախի հանրապետություններին ուղղված ամենավտանգավոր մարտահրավերը` սկսած 1993-ից»: Ըստ այդմ` «Ժառանգությունը» կոչ է անում ընդդիմադիր ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին, իշխանական Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» կուսակցություններին` նստել կլոր սեղանի շուրջ: «Սա,- ըստ «Ժառանգության»,- կարող է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ներհասարակական, ներքաղաքական միասնության ապահովման եւ համախմբված ուժերով հակառակորդին դիմակայելու համար»: Ընդ որում` «Ժառանգությունն» առաջարկում է նստել սեղանի շուրջ` առանց նախապայմանների: Նպատակն ազնիվ է, սակայն՝ ոչ այնքան հասկանալի: Եթե կա պատերազմի սպառնալիք, եւ այն, համաձայն տրամաբանության, հավանական էր եւ է՛ այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի խնդիրը լուծված չէ, այդ դեպքում ի՞նչ գործ ունեն բանտերում ազատամարտիկները` քաղաքական մեղադրանքներով: Եվ ինչպե՞ս կարող է ՀԱԿ-ը նստել կլոր սեղանի շուրջ իշխանության հետ, քանի դեռ նույն այդ իշխանությունն ապօրինաբար անազատության մեջ է պահում իր անդամներին: ՀԱԿ-ը նման քայլի, հասկանալի է, չի գնա, քանի որ այդ դեպքում արդեն վերջնականապես եւ անդառնալիորեն կդադարի ընդդիմություն համարվելուց: Ներքաղաքական միասնություն, համախմբում ապահովելն իշխանությունների առաքելությունն է, եւ ցանկության դեպքում իշխանությունն` առանց որեւէ այլ քաղաքական ուժի հետ կլոր սեղանի շուրջ նստելու էլ, կարող էր երկրում ներքաղաքական խաղաղություն ապահովել: Սակայն չարեց: Այսինքն` նպատակահարմար չգտավ անել: Ինչ մնում է իշխանական մյուս երկու կուսակցություններին, ապա այս դեպքում տեղին կլինի նրանց ավելացնել նաեւ ՀՅԴ-ի անունը. դատելով նախադեպերից` ՀՅԴ-ն, կարծես, խորհրդարանական, ապա եւ՝ նախագահական ընտրություններին պատրաստվում է կրկնել ՕԵԿ-ի քայլը` ձեւանալ կոշտ ընդդիմություն, խլել իրական ընդդիմության ձայները, ապա սեղմել իշխանական հաղթող թեկնածուի ձեռքն ու աշխատանքի անցնել պետական որեւէ կառույցում: Հետեւաբար, ՀՅԴ-ն եւս իշխանությունների հետ կլոր սեղանի շուրջ նստելու խնդիր չունի:

ՕԵԿ-ին համարել առանձին ուժ, ով կարող է իրավունք ունենալ տեղ զբաղեցնելու որեւէ կլոր սեղանի շուրջ` որպես հավասար, խիստ չափազանցություն է. այս կուսակցությունը դե ֆակտո դադարել է գոյություն ունենալ 2008-ի մարտի մեկից տակավին մեկ օր առաջ:

ԲՀԿ-ն եւս իշխանությունների, ավելի կոնկրետ` երկրի նախագահի հետ նույն սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը չունի: ԲՀԿ-ի խնդիրը ՀՀԿ անդամ քաղաքական որոշ գործիչներն են, ովքեր ակնհայտորեն նյարդայնացնում են ԲՀԿ-ին: Այնպես որ, ԲՀԿ-ն եւս կլոր սեղանի շուրջ կարող է ներկայացված լինել երկրի նախագահի կողմից: Իսկ երկրի նախագահի կողմից վերոնշյալ բոլոր ուժերը վաղուց արդեն դադարել են հետաքրքիր զրուցակից համարվել:

Այնպես որ, ինչպես խորհրդարանում է միայնակ, այնպես էլ վերոնշյալ կլոր սեղանի շուրջ «Ժառանգությունը» կհայտնվի հպարտ մենության մեջ: «Կլոր սեղանը պետք է լինի առաջին քայլը` ազգային միասնության առավել լայն քաղաքական, քաղաքացիական եւ հոգեւոր ձեւաչափի կայացման ուղղությամբ»: Սակայն իրականությունն այնքան դառն է` ՀՀ քաղաքացին պետության համար նույնքան անարժեք է, որքան Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալը` եկեղեցու համար (վերջինիս վկայությունն է «Մոսկվա» կ/թ-ի ամառային դահլիճը, տասնյակ- հազարավոր հավատացյալների կամքին հակառակ, քանդելու որոշումը): Ի դեպ, ճարտարապետների հետ օրերս հանդիպած Մայր Աթոռի ներկայացուցիչ բարձրաստիճան հոգեւորականն ասաց, որ դահլիճը քանդելու եւ այդ տեղում եկեղեցի կառուցելու ցանկությունը բարերարինն է. եթե գումար տվող այդ մարդուն չընդառաջեն, նրան` իր գումարներով, հավերժ կկորցնեն, ինչը ոչ մի կերպ թույլ տալ չի կարելի (տես` «Ազատություն» ռ/կ-ի «Վիդեո» բաժինը):

Կարծել, թե «Ժառանգության» թվարկած ուժերն այնքան են վայելում հասարակության հարգանքը, որ, Աստված մի արասցե, պատերազմի դեպքում այդ ուժերի համատեղումը որեւէ կլոր սեղանի կամ ընթրիքի շուրջ ի զորու է մարդկանց մեծ սխրանքների առաջնորդել, միամիտ է: Պետության անհարգալից վերաբերմունքին արժանացող քաղաքացին, իր ձայնն անգամ իր հարազատ եկեղեցուն հասցնել չկարողացող մեր հասարակությունը, խոշոր իմաստով, պետությունից եւ եկեղեցուց լքված վիճակում է: ՀՀ քաղաքացիների ինքնագնահատականն ընտրություններից առաջ եւ հետո անասելի ընկնում է` հանգեցնելով դեպրեսիայի: Ընդ որում, բոլոր այն ուժերի մեղքով, ում պատրաստվում է սեղանի շուրջ համախմբել «Ժառանգությունը»:

Հետեւաբար, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում առաջին գիծ սեփական նախաձեռնությամբ կմեկնեն նրանք, ովքեր այս երկար տարիներին իշխանությունների կողմից իրենց նվաստացած արժանապատվությունը հայրենիքը պաշտպանելու գնով վերականգնելու խնդիր ունեն:

Հ.Գ. Ի դեպ, 2010 տարի առաջ հենց այս օրն է տեղի ունեցել խորհրդավոր ընթրիքը։ «Խորհրդավոր ընթրիքի» շարք ունի նաեւ Սերգեյ Փարաջանովը: Նրա «Խորհրդավոր ընթրիքին» սեղանին մարդու ներքին օրգաններ են, Զատկի ձու, արծաթե ժամացույց, սկուտեղ: Հետաքրքիր նյութ` մտորելու համար…