Բաց նամակ

01/04/2010

Լուծարման գործընթացում գտնվող «Նաիրիտ» ԲԲ ընկերության պարտատեր նախկին աշխատակիցներից մի քանիսը իրենց ստորագրություններով դիմում-բողոքի նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասվում է.

«Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել «Նաիրիտ» ԲԲ ընկերության նկատմամբ իրականացվող անօրինական գործողությունների մասին։ «Նաիրիտ» ԲԲ ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում։ Մենք հանդիսացել ենք ընկերության աշխատակիցներ, իսկ այս պահին հանդիսանում ենք այդ կազմակերպության պարտատերերը՝ աշխատավարձերի գծով։ «Նաիրիտ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը հանդիսանում են պետական սեփականություն, ժողովրդական լեզվով ասել է թե՝ այդ ընկերությունը պատկանում է պետությանը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Նաիրիտ» ԲԲ ընկերության լուծարումից հետո մնացող գույքը անցնելու է պետությանը, որպես ընկերության միակ բաժնետեր։ Լուծարային հանձնաժողովի նախագահը բարեխղճորեն փորձում է պաշտպանել «Նաիրիտ» ԲԲԸ-ի շահերը, որպեսզի բոլոր պարտատերերը ստանան իրենց հասանելիք գումարները, իսկ մնացած գույքն անցնի բաժնետեր-պետությանը։

Սակայն, արդեն տեւական ժամանակ է, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությունը, որը ստեղծվել է «Նաիրիտ» ԲԲ ընկերության կողմից եւ հանդիսանում է մասնավոր սեփականություն (բաժնետերերը հիմա այլ մասնավոր անձինք են), մտացածին եւ արհեստական գումարի պահանջներ է ներկայացնում «Նաիրիտ» ԲԲ ընկերության դեմ, ինչը հանգեցնելու է նրան, որ մենք, որպես ընկերության պարտատերեր, եւ ՀՀ-ն՝ որպես ընկերության բաժնետեր, լուծարման արդյունքում չեն ստանալու իրենց հասանելիք գումարները եւ գույքը։ Վերջին նմանատիպ գործողությունը հանդիսանում է այն, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Նաիրիտ» ԲԲ ընկերության՝ 883.858.166 (ութ հարյուր ութսուն երեք միլիոն ութ հարյուր հիսունութ հազար հարյուր վաթսունվեց) ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը արդեն երկու դատական ատյանների կողմից անհասկանալի կերպով բավարարվել է։

Չենք ցանկանում անդրադառնալ դատական ակտերի հիմնավորվածության քննարկմանը, միայն պետք է նշել, որ պահանջվող գումարի, այսպես ասած՝ հիմնավորումը հանդիսանում է հետեւյալը՝ «ՀՀ կառավարության 26.12.2000թ. որոշման հիման վրա ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությանը հատկացրել է ոչ այնքան գույք, որքան պետք է հատկացներ, ուստի դրա արժեքը պետք է հատուցի «Նաիրիտ» ԲԲ ընկերությունը»։ Նշենք, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության, «Նաիրիտ» ԲԲ ընկերության միջոցով ստեղծել է «Նաիրիտ Գործարան» ԲԲ ընկերությանը՝ վերջինիս հանձնելով 5.999.990.090 ՀՀ դրամ արժողությամբ գույք եւ դրա դիմաց ստանալով 599.999 հատ բաժնետոմս։ Այժմ «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությունը պահանջում է իրեն հանձնել լրացուցիչ գույք, սակայն դրա դիմաց չի տրամադրում որեւէ հատուցում։ ՀՀ դատական ատյանները իրենց վճիռներով վերահաստատում են «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերության կողմից «Նաիրիտ» ԲԲ ընկերությունից անհատույց գույք ստանալու «իրավունքը»։ Սա ուղղակի անթույլատրելի է։

Պատկերավոր ասած՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունը մեղադրում է իր ստեղծողին (ՀՀ-ին՝ ի դեմս «Նաիրիտ» ԲԲ ընկերության) իրեն ավելի շատ գույք չտրամադրելու հարցում։ Սա թե իրավական եւ թե բարոյական տեսանկյունից ուղղակի անթույլատրելի է։ Ստեղծվողի պահանջով ստեղծողին մեղադրել, սա հակասում է նույնիսկ տիեզերական օրենքին:

Ի հակառակ հիշյալ բոլոր գրված եւ չգրված օրենքների՝ ՀՀ դատական ատյանները կայացնում են դատական ակտեր, ինչի արդյունքում լուծարման գործընթացում գտնվող «Նաիրիտ» ԲԲ ընկերությունը ծանրաբեռնվում է անհիմն եւ արհեստածին գումարային պարտավորություններով։ Հիշյալ գործին ծանոթացող եւ քիչ թե շատ իրավական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք կփաստի դրա լուծման անարդարացիությունը։ Արդյունքում նման իրավիճակի պահպանվելու պարագայում մենք՝ որպես «Նաիրիտ» ԲԲ ընկերության աշխատակիցներ, եւ ՀՀ-ն՝ որպես այդ ընկերության բաժնետեր, կմնան ձեռնունայն՝ առանց իրեն հասանելիք գումարների եւ գույքի, քանի որ փորձ է արվում օրինական կարգով ՀՀ-ին հասանելիք գույքը անհիմն դրամական պարտավորություններ ստեղծելու արդյունքում փոշիացնել եւ յուրացնել։

Ձեր ուշադրությունը սույն խնդրի վրա հրավիրելը պայմանավորված է նաեւ նրանով, որ տվյալ պարագայում հիշյալ գործի շրջանակներում անընդհատ շրջանառվում է ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանի անունը, ում վերագրում են «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությանը հովանավորելուն ուղղված որոշակի գործողությունների կատարում։ Բնականաբար, մենք որեւէ փաստ կամ ապացույց չունենք այդ հանգամանքը հաստատելու համար, սակայն կարծում ենք՝ սին չեն նաեւ այդ խոսակցությունները։ Եվ եթե այդպես է, ապա ուրեմն կարիք կլինի Ձեր միջամտությունը հիշյալ խնդիրը օրինական դաշտ վերադարձնելու կապակցությամբ։ Իրավական պետությանը բնորոշ չէ իշխանական լծակների օգտագործումը՝ անձնական շահերի բավարարման նպատակով, եւ հենց նմանատիպ հանգամանքներն են ծնում կոռուպցիան եւ նպաստում դրա արմատավորմանը։

Մենք հավատում ենք Ձեր հաստատակամությանը իրավական պետության կայացման հարցում եւ ակնկալում ենք Ձեր ուշադրությունը հիշյալ խնդրի վրա»։