Տարբեր թվեր

01/04/2010

Այս պահին «Նաիրիտ» գործարանը արտադրանք չի թողարկում, ո՞րն է պատճառը: «Ա1+»-ի այս հարցին ի պատասխան՝ «Նաիրիտի» մամուլի հասարակայնության հետ կապի վարչության պետ Անուշ Հարությունյանը միայն ասել է. «Պատճառները խիստ տարբեր են, եւ հիմա չեմ կարող նշել»: Հակառակ այս փաստի` Անուշ Հարությունյանը վստահեցրել է, որ գործարանի աշխատակիցները հարկադիր պարապուրդում չեն: Ի դեպ, մարտի կեսերին հոսանքի անջատումների պատճառով դադարեցվել էր գործարանի աշխատանքը: Պատճառը «Հայաստանի էլեկտրացանցերին» ունեցած պարտքն է: Անուշ Հարությունյանը նշել է, որ «Հայաստանի էլեկտրացանցերին» իրենց պարտքը անջատման ժամանակ կազմել է 829 միլիոն դրամ: «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության լրատվական ծառայության ղեկավար Նատալյա Սարջանյանը հայտնել է, որ մարտի 1-ի դրությամբ «Նաիրիտի» պարտքը կազմել է 1 մլրդ դրամ: