«Ինչ էլ լինի, փորձնական մարդահամարը հոկտեմբերի 28-30-ը անցկացվելու է, եթե անգամ դոնոր պետություններ եւ կազմակերպություններ չլինեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը` նշելով, որ փորձնական մարդահամարի անցկացման համար իրենց կողմից ամեն ինչ նախապատրաստվել է: Հիշեցնենք, որ փորձնական մարդահամարը պետք է անցկացվեր ապրիլի 14-23-ը` ընդգրկելով ամբողջ ՀՀ բնակչության թվաքանակի 1 տոկոսը: Սակայն ՀՀ կառավարությունն իր վերջին նիստում որոշեց հետաձգել այն: Կարինե Կույումջյանը նշել է, որ հետաձգման պատճառն այն է, որ միջազգային բոլոր դոնորներն այս պահին որոշում են «իրենց կազմակերպության գործառույթների քննարկման ընթացակարգը եւ մինչեւ ապրիլի վերջ չեն կարող պատասխանել` հնարավորություն ունե՞ն ներկայացված ծրագիրն ամբողջությամբ իրականացնել»: «Դոնորները նախապես տեղյակ էին փորձնական մարդահամարի ժամկետների մասին, սակայն ֆինանսական գործառույթներ ունեն` ֆինանսական տարվա սկսվելու եւ ավարտի հետ կապված, նոր ծրագրեր ընդունելու ժամանակացույց, որը մեր կամ մեկ ուրիշ երկրի հետ ուղղակի չէին կարող համապատասխանեցնել»,- ասել է նա` ավելացնելով, որ ծրագիրն այնուամենայնիվ ներկայացված է նրանց քննարկմանը: Նշենք, որ հունվարի 18-ին Համաշխարհային բանկում տեղի էր ունեցել դոնորների հանդիպում-քննարկում: ՀՀ-ում անցկացվելիք մարդահամարի համար նախատեսվել է 6,7 մլն ԱՄՆ դոլար, որից ՀՀ Ֆինանսների նախարարությունը կարող է տրամադրել միայն 21 տոկոսը: Մնացած գումարները պետք է տրամադրեն դոնորները: Այս պահին աջակցության իրենց պատրաստակամությունն են հայտնել ՀԲ-ի «Թրասթ ֆոնդը», Իտալիայի, Նորվեգիայի, Հնդկաստանի կառավարությունները: Վերջինս, Կարինե Կույումջյանի ասելով` կաջակցի միայն բուն մարդահամարի անցկացմանը, իսկ վերոնշյալ մյուս դոնորները ճշտում են իրենց աջակցության ձեւաչափը: Փորձնական մարդահամարին իր որոշակի աջակցությունը` 30 հազար ԱՄՆ դոլարի չափով կցուցաբերի նաեւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը: Տիկին Կույումջյանը, եւս մեկ անգամ ընդգծելով փորձնական մարդահամարի անցկացման անհրաժեշտությունը, նշել է. «Քանի որ բուն մարդահամարը թանկ հաճույք է, այդ պատճառով հնարավորինս պետք է խուսափել սխալներից»: Բուն մարդահամարի ժամկետը չի փոփոխվել` 2011թ. հոկտեմբերի 12-21-ը: Նշենք, որ մարդահամարի անցկացումն ու արդյունքների վերլուծությունը կիրականացվի 5 տարվա ընթացքում` 2009-2013թթ.: Ի դեպ, 2001թ. մարդահամարի տվյալներով՝ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 21.311 մարդ, իսկ ըստ 2009թ. հունվարի 1-ի բնակչության ընթացիկ հաշվառման տվյալների` այն կազմել է 3 մլն 238.000: