Դիվանագիտական արվեստին եւ տեխնիկային նվիրված հոդվածներում մենք հիմնականում անդրադարձանք դիվանագիտական հաղորդակցությանը, հանդիպումներին եւ զրույցներին, որոշ չափով վերլուծեցինք դրանց հոգեբանական ասպեկտները, ձեւերն ու մեթոդները: Դիվանագիտությունը դիտելով որպես միջազգային հարաբերությունների եւ պետությունների արտաքին քաղաքականության շարունակական եւ չընդհատվող բանակցային պրոցես, մենք տեսանք, որ դիվանագետների կոնտակտները ինքնանպատակ զբաղմունք չեն, այլ հանդիսանում են նրանց առջեւ դրված խնդիրների լուծման միջոց, գործիք: Այդ խնդիրները բազմազան են. պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատում եւ զարգացում, արտաքին քաղաքական գծի իրագործում, պետության շահերի պաշտպանություն արտասահմանում եւ այլն: Իսկ այդ բոլորը հնարավոր է միայն ու միայն մարդկային հարաբերությունների եւ շփումների միջոցով: Եվ ոչ միայն: Դիվանագետի զրույցը, նրա փոխգործակցությունը օտար արտգործնախարարությունների, դեսպանությունների, միջազգային ներկայացուցչությունների հետ եւ դիվանագիտական կորպուսում, ինքնին ոչ մի արժեք չունեն, եթե դրանք չեն փոխադրվում թղթի վրա, այսինքն՝ չեն ձեւակերպվում որպես փաստաթուղթ: Ամենակարեւոր ինֆորմացիան, որից երբեմն կախված են երկրի եւ ժողովրդի ճակատագրերը, գրոշ անգամ չարժե, եթե հրատապ չի փոխանցվում Կենտրոն: Ուրեմն, դիվանագետի գործունեությունը ոչ միայն բանավոր է, այլեւ կապված է գրավոր խոսքի հետ: Ավելին, հաշվված է, որ նրա աշխատանքի գրեթե 90 %-ը կազմում են փաստաթղթերի ստեղծումն ու առաքումը: Բոլոր կայացած երկրների դիվանագիտական ծառայությունները, բոլոր ժամանակներում մեծապես կարեւորել են գրագրության մակարդակը եւ որակը: Դեռեւս Հին Հունաստանում են ուշադրություն դարձրել դիվանագետի լեզվին: Քաղաքական խոշոր գործիչ, մեծ հռետոր Դեմոսֆենն ասել է. «Դեսպանները իրենց տրամադրության տակ չունեն ոչ ռազմանավեր, ոչ ծանր հետեւակ, ոչ ամրոցներ: Նրանց զենքը խոսքն է»: Երբ կարդում ես եվրոպական եւ ռուսական դիվանագետների մի քանի դար առաջ կազմած հաշվետությունները, հեռագրերը եւ մյուս փաստաթղթերը, գեղագիտական հաճույք ես ստանում: Ճիշտ է, ժամանակները փոխվել են, փոխվել են պաշտոնական լեզուն ու ոճը, սակայն բարձր պահանջները դիվանագետի գրչի նկատմամբ` մնացել են նույնը: Ամերիկյան դիվանագետներ պատրաստող Ջորջթաունի համալսարան ընդունվելու հիմնական պայմանը դիմորդի վերլուծական եւ, մեկ էլ, գրական ունակությունների առկայությունն է: Նույն ամերիկացիներից` հետախուզության նախկին շեֆ Ալան Դալեսը այն կարծիքն է հայտնել, որ «լավ հետախույզին, ինչպես նաեւ դիվանագետին տարբերում է մտքերը պարզ, համառոտ եւ հետաքրքիր ձեւով շարադրելու կարողությունը»: Ես, կարծեմ, մի առիթով նշել եմ, որ ռուսական դիվանագիտությունը, եթե հաշվի չառնենք խորհրդային շրջանի գաղափարախոսական կաղապարը, աշխարհի լավագույն դիվանագիտական դպրոցներից մեկն է, որն անցել է 300 տարվա ուղի: Այն ունի խոսքի, լինի բանավոր թե գրավոր, լավագույն ավանդույթներ: Խորհրդային ԱԳՆ-ն անում էր հնարավորը դրանք պահպանելու եւ հղկելու համար` օգտվելով անգամ չգրված օրենքներից: Երբ կադրերի վարչությունը դեսպանին ներկայացնում էր այս կամ այն դիվանագետի թեկնածությունը, առաջին հարցը, որը տալիս էր նա, լինում էր հետեւյալը. «Ա օն պիշուսչի՞»: (Այս թեւավոր խոսքը ռուսները փոխառել են Հարոլդ Նիկոլսոնից, որը նշել է. «Դիվանագիտությունը գրելու արվեստ է»): Եթե դեսպանը համոզված չէր լինում դիվանագետի գրելու ունակությունների մեջ, կարող էր հրաժարվել տվյալ թեկնածությունից: Դիվանագիտական ակադեմիայում օտար լեզուների ուսուցման կողքին հատուկ ուշադրություն էր դարձվում ռուսերենի քերականությանը, շարահյուսությանը, ոճին, փաստաթղթերի ձեւակերպման տեխնիկական կողմին: Նման պրակտիկան շարունակվում էր կենտրոնական ապարատում եւ արտասահմանյան ներկայացուցչություններում աշխատելու ժամանակ: Դիվանագետից պահանջվում էր մշտապես կատարելագործել գրելու արվեստը` ձգտելով այն հասցնել կատարելության: Ռուսական դիվանագիտական ծառայության ամենամեծ առավելությունը կայանում է նրանում, որ այն մշտական` պերմանենտ ուսուցողական պրոցես է բոլոր կարգի դիվանագետների համար` սկսած դեսպանից, վերջացած ռեֆերենտով:
Դիվանագետի սխալը բումերանգ է
Դիվանագիտական լեզուն, ինչպես ամեն մի այլ մասնագիտական լեզու, ունի իր առանձնահատկությունները, նրբություններն ու գաղտնիքները: Այն չի կարելի շփոթել լրագրային ոճի հետ: Որոշ դիվանագետներ մոռանում են սա, որի արդյունքում ծնվում են թերթի առաջնորդող հիշեցնող հաշվետվություններ, զրույցի գրառումներ եւ այլ փաստաթղթեր: Եթե լրատվամիջոցների լեզուն ընդունելի չէ դիվանագիտական գրագրության համար, ապա պարզ է նաեւ, որ հարկ է հնարավորինս խուսափել մակդիրներից, ածականներից, դրանց գերադրական աստիճաններից, համեմատություններից, էլ չեմ ասում՝ չափազանցություններից եւ սենսացիոն նկարագրություններից: Դեսպանությունից դուրս եկող փաստաթուղթը պետք է լինի հավասարակշռված, մանրակրկիտ ստուգված եւ ճշգրտված, ինչպես տպարանից իջեցված բարձրակարգ ակադեմիական մենագրությունն է: Ավելին, դիվանագիտական փաստաթուղթը` պետական փաստաթուղթ է: Այն մի պետության խոսքն է` ուղղված մեկ այլ պետության: Անճշտությունը, առավել եւս՝ սուտը, այստեղ բացառվում են: Դրանց առկայությունը դեսպանության կնիքը կրող փաստաթղթի վրա հղի է անկավխատեսելի հետեւանքներով:
80-ականների սկզբներին ԽՍՀՄ-ը դիվանագիտական հարաբերություններ չուներ Հարավային Կորեայի հետ: Մեր դիվանագետներին խստիվ պատվիրված էր «արհամարհել» այդ պետության ներկայացուցիչներին, իսկ պաշտոնական ընդունելությունների ժամանակ «անտեսել» նրանց եւ, ընդհակառակը, սիրալիր լինել հյուսիսկորեացիների հետ: Սենեգալը այն հազվագյուտ երկրներից էր, որն այն ժամանակ հարաբերություններ ուներ երկու Կորեաների հետ: Այնպես որ, մեզ բախտ էր վիճակված սեուլցիներին եւ փհենյանցիներին հաճախ տեսնել միատեղ, միեւնույն միջոցառումներին: Եվ ահա, Հոկտեմբերյան հեղափոխության պետական ընդունելության կապակցությամբ հրավիրատոմսեր ուղարկելիս դեսպանության արարողակարգի պատասխանատուն` երիտասարդ, խոստումնալից դիվանագետը (պայմանականորեն անվանենք նրան Իվանով), թույլ է տալիս կոպիտ սխալ. Հյուսիսային Կորեայի դեսպանի համար նախատեսված հրավիրատոմսի վրա նա գրում է Հարավային Կորեայի դեսպանի անունը, արտագրելով այն նախարարության պաշտոնական արարողակարգի գրքից: Տեղի ունեցավ կատարյալ սկանդալ, որը գրոշ իսկ չարժեր: Հյուսիսային Կորեայի դեսպանը, որը պրոֆեսիոնալ դիվանագետ չէր եւ մինչեւ Դակար գալը հանդիսացել էր կուսակցական ֆունկցիոներ, ոչ միայն չեկավ մեր ընդունելությանը, այլեւ երկու անգամ բողոքի նոտա ուղարկեց խորհրդային դեսպանություն` պահանջելով պատժել «երկու երկրների բարեկամության թշնամի արարողակարգի շեֆին»: Կորեացին ստանալով հանդերձ մեր դեսպանի նոտան, առ այն, որ նա ներողություն է խնդրում թյուրիմացության համար, երրորդ նոտայով տեղեկացրեց, որ կատարվածի մասին տեղյակ է պահել իր կառավարությանը, որպեսզի «հարցը քննարկվի Կրեմլի մակարդակով»: Դեսպան Բելսկին, որը, պրոֆեսիոնալ բարեմասնություններ ունենալու կողքին, բարի անձնավորություն էր, սահմանափակվեց Իվանովին նկատողություն հայտարարելով: Սակայն վերջինս, այնուամենայնիվ, պատժվեց` արձակուրդից չվերադարձավ: Ամենայն հավանականությամբ, դեսպանության արտաքին հակահետախուզությունը (վարչություն «K») իր գծով (առանց դեսպանի հետ համաձայնեցնելու) գրել էր Մոսկվա` նպատակահարմար համարելով կասեցնել Իվանովի գործուղումը:
Հեղինակի անձնական արխիվից
Դիվանագետը իրավունք չունի գրել այն, ինչը ստույգ չգիտե կան ինչին չի տիրապետում: Դիվանագիտական շարադրանքը որոշ առումով մոտ է գիտականին, քանի որ համադրում է նրա առանձնահատկությունները վերլուծական-գրական ժանրի հետ: Սակայն, չլինելով ոչ գիտական, ոչ էլ գրական գործ, այնուամենայնիվ, դիվանագիտական փաստաթուղթը պետք է այնպիսին լինի, որ կարդացվի հետաքրքրությամբ: Միապաղաղ, ձանձրալի ոճով, կրկնություններով կազմված ամեն մի թուղթ պրոֆեսիոնալ ցածր մակարդակի եւ անփորձության վկայություն է: Անտոն Չեխովը, ոճի այդ հսկան, իզուր չի ասել, որ նույն բառը չպետք է կրկնվի չորս էջում: Ինֆորմացիայի «պայթյունի» ներկա դարում այն ինֆորմացիան է կարդացվում եւ արժանանում ուշադրության, որը, կարեւոր տեղեկատվություն եւ վերլուծություն պարունակելուց բացի, գրված է պատկերավոր եւ հետաքրքիր լեզվով, երբ ողջ շարադրանքը պարբերությունից պարբերություն օրգանապես շաղկապված է, եւ հնարավոր չէ դրանք տարանջատել, ինչպես անհնար է քանդել կուռ մարգարտաշարը: Ինֆորմացիան, եթե չգրվեց՝ ինչպես երաժշտություն, որի մեջ հնչում են մտքի բոլոր նյուանսներն ու ելեւէջները, չի կարդացվում եւ չի ընկալվում ո՛չ սրտի, ո՛չ էլ ուղեղի կողմից: Դրա վրա ավելի լավ է ժամանակ չվատնել:
Հակիրճությունը տաղանդի քույրն է
Դիվանագետի լեզուն պետք է լինի հնարավորինս հակիրճ, զուսպ, կուռ-տրամաբանական, պարզ եւ ամենակարեւորը` օբյեկտիվ-ճշմարտացի:
«Կներես, որ երկար եմ գրում, կարճ գրելու ժամանակ չունեմ»: Չգիտեմ՝ ում կողմից` ում են ուղղված այս տողերը, սակայն լավ եւ դիպուկ է ասված: Իրոք` դժվար է հակիրճ ու համառոտ խոսելը կամ գրելը, մանավանդ, երբ թեման ծանոթ է. որքան լավ գիտես այն, այնքան շատ ասել-գրելու գայթակղությունը մեծ է: Հաղթահարել այդ ցանկությունը կարողանում են նրանք, ովքեր փորձառու են, հատուկ մարզված կամ էլ տաղանդավոր: Դիվանագիտական նոր պատմությունը մտքերը կարճ, հատու եւ անվրեպ արտահայտելու երեք անգերազանցելի քաղաքական գործիչներ է ճանաչում. Աբրահամ Լինկոլն, Ուինստոն Չերչիլ եւ Ջոն Քենեդի: Հետիսբերգի տակ տարած հաղթանակի կապակցությամբ Լինկոլնը խոսեց ընդամենը 5 րոպե: Իսկ մեկ ուրիշ նախագահ` Ուիլյամ Հենրի Հարիսոնը իր ինոգուրացիոն ելույթին հատկացրեց ավելի ժամանակ եւ պատժվեց: 1841թ. մարտի 4-ին նա մեկ ժամից ավելի խոսեց բաց երկնքի տակ, սառնամանիքին, հիվանդացավ թոքաբորբով ու մեռավ: Ամերիկյան նախագահների ինոգուրացիոն ելույթների մեջ ամենափայլունը համարվում է Քենեդիի 15 րոպեանոց ելույթը, 1961թ. հունվարի 20-ին, որի ժամանակ նրա արտասանած նախադասություններից մեկը դարձավ թեւավոր խոսք «Հայրենակիցներ: Մի հարցրեք, թե ինչ կարող է անել երկիրը ձեզ համար: Ավելի լավ է ասեք, թե ինչ կարող եք դո՛ւք անել նրա համար»: Հակիրճ խոսքի վարպետ է համարվում Չերչիլը: Քաղաքական փառքի գագաթնակետին նա հրավիրվեց «Հարոու Սքուլ» (1941թ. հոկտեմբերի 29): Ահա Մեծ Բրիտանիայի պրեմիեր-մինիստրի ելույթի ողջ տեքստը: «Երբեք չնահանջեք` երբեք, երբեք, երբեք, երբեք: Ոչ մի բանում: Ոչ մեծում, ոչ փոքրում: Երբեք: Զիջեք միայն պատվի եւ ողջամտության փաստարկներին»: Որքան հակիրճ եւ անկեղծ է լիդերի խոսքը, այնքան ավելի ներգործուն եւ ազդեցիկ է այն հնչում: Խրուշչովի ելույթների միջին տեւողությունը 2-3 ժամ էր: Որքան ցածր են երկրի քաղաքական, տնտեսական եւ մյուս պոտենցիալները, որքան զարգացման հեռանկարները հակադարձ համեմատական են նրա ռեալ հնարավորություններին, այնքան լիդերների քաղաքական ելույթները եւ խոստումները երկարաշունչ են եւ անհամոզեցուցիչ: Այն հատուկ է ԱՊՀ բոլոր պետությունների նախընտրական կամպանիաներին, երբ մարդկանց խոստանում են մեկ օրից մյուսը արթնանալ բոլորովին նոր, «դրախտային» երկրում: Նախագահության թեկնածուները այնպիսի հեռանկարներ են նկարագրում ընտրողների առաջ, որոնց համեմատությամբ Թոմաս Մորի Ուտոպիայի դրախտային կղզին կարող է դժոխք թվալ: Իսկ ահա թե ինչ է ասում Արեւմտյան Գերմանիայի առաջին կանցլեր Կոնդրատ Ադենաուերը պատերազմից հետո իր կիսաքաղց ընտրողներին. «Ես ձեզ կարագ ու հաց չեմ խոստանում: Դուք` ինքներդ, ձեր աշխատանքով պետք է դրանք ապահովեք»: Նման խոսքերն ավելի են ազդում, քան դատարկ խոստումները: Տաղանդավոր գործիչները խոսել են ոչ միայն գեղեցիկ, հակիրճ եւ պատկերավոր, այլեւ գրել են նույն ոճով եւ նույն ձեւով: Խոսքը նուրբ եւ բարդ հոգեբանական ֆենոմեն է, կապված մարդու ընդհանուր կուլտուրայի, էրուդիցիայի, կյանքի փորձի եւ գիտելիքների հետ: Լեզուն մարդու կացութաձեւն է, նրա հոգեկան կերտվածքի, խարակտերի եւ բարոյահոգեբանական վիճակի բարոմետրը: Ֆրանսիացի մտածող Ժորժ Բյուֆոնը պատահական չի ասել, որ մարդը՝ ինքը, իր ոճն է: Այդ իսկ պատճառով առաջարկել հակիրճ, համառոտ եւ պատկերավոր գրելու մի ընդհանուր բանաձեւ` դժվար է: Պետք է շատ կարդալ: Հայաստանում, դժբախտաբար, ուսումնական ձեռնարկների խիստ պակաս կա: Սակայն գոյություն ունի գրքերի այնպիսի մի աշխարհ, որի համար տասը կյանքն անգամ քիչ է: Ցանկացողներին խորհուրդ կտայի ծանոթանալ «Վնեշնյայա պոլիտիկա Ռոսիի վ դոկումենտախ» բազմահատոր աշխատության հետ: Այնտեղ շատ բան կգտնեք: Կարդացեք անվանի քաղաքական եւ դիվանագիտական գործիչներին, չմոռանալով երբեք համաշխարհային գրականության մեծերին: Հայ դիվանագետին՝ իր ուրույն հակիրճ ոճը մշակելու գործում, կարծում եմ, կօգնի Գրիգոր Զոհրապին, Դերենիկ Դեմիրճյանին եւ Հրանտ Մաթեւոսյանին վերընթերցելը:
Շարունակելի