Անցած շաբաթավերջին Լոս Անջելեսում սպանվել է 38-ամյա Կարինե Հակոբյանը, ում ամուսինը` 43-ամյա Խաչիկ Սաֆարյանը, եւ դուստրը` 9-ամյա Լուսինեն, սպանվել էին ավելի քան մեկ տարի առաջ: Ըստ «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության, անցած ուրբաթ Կարինե Հակոբյանի 14-ամյա դուստրը մոր մարմինը` գլխի ետեւի մասում հրազենային վերքով, հայտնաբերել է նրա ավտոմեքենայի մոտ:
Նույն դուստրը 2008 թվականի դեկտեմբերի 11-ին հայտնաբերել էր նաեւ սպանված հոր եւ քրոջ մարմինները: Ոստիկանությունը ընտանիքի երեք անդամների սպանությունների միջեւ կապ է տեսնում, թեեւ դա հաստատող ապացույցների դեռեւս չի տիրապետում: Ոստիկանության քննիչ Դան Մայերսը ընդգծել է, որ ընտանիքի անդամներից ոչ մեկը քրեական աշխարհի հետ առնչություն չի ունեցել: Խաչիկ եւ Լուսինե Սաֆարյանների սպանությունից հետո Ոստիկանությունը 75 հազար դոլար էր խոստացել հանցագործության բացահայտմանը նպաստող տեղեկության համար, սակայն դեռեւս մեծ առաջընթաց այդ գործում չի արձանագրվել: Հակոբյանը եւ Սաֆարյանը ամուսնացել են Երեւանում եւ ԱՄՆ են տեղափոխվել 2003 թվականին: