Անցնող շաբաթը բավական կարեւոր էր Հայաստանի արտաքին քաղաքականության
համար: Տարածաշրջանային այցով Բաքու, ապա Երեւան ժամանեց ԵԱՀԿ գործող
նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը, որը, բացի
արարողակարգային հանդիպումներից, այստեղ եւս մեկ` չնախատեսված հանդիպում
ունեցավ:
Մինչեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի հետ հանդիպելը, Ռուպելը
Երեւանում ավելի քան մեկ ժամանոց զրույց ունեցավ Լեռնային Ղարաբաղի
նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: «Երեւան» հյուրանոցում կայացած հանդիպման
չնախատեսված լինելն ակնհայտ էր անգամ արարողակարգային մանրուքների
բացակայությունից: Սակայն էականը դա չէ: Կարծում ենք, Դմիտրի Ռուպելի
տարածաշրջանային այցի ամենակարեւոր նպատակը, բացի Ալիեւ-Քոչարյան
«մեսիջների» փոխանակումից, հենց Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումն էր:
Բնականաբար, նրանց զրույցի մասին կարելի է միայն եզրակացություններ անել:
Ղարաբաղյան բանակցությունների ներկա ընթացքը եւ իրադարձությունների ու
հայտարարությունների համադրումը հնարավորություն են տալիս իրականությանը
մոտ եզրահանգումներ կատարել:
ԵԱՀԿ գործող նախագահի Բաքվում եւ Երեւանում ունեցած հանդիպումներին եւ
հայտարարություններին մամուլն անդրադարձել է: Կարծում ենք, սակայն, եւս
մեկ անգամ արժե անդրադառնալ Արկադի Ղուկասյանի հետ Ռուպելի հանդիպմանն ու
դրա հնարավոր դրդապատճառներին: Նախ` ԼՂՀ նախագահի հետ հանդիպելով, ԵԱՀԿ
ղեկավարը, հավանաբար, ցանկանում էր եւս մեկ անգամ ընդգծել այն
տրամաբանությունը, որի շրջանակներում այսօր միջազգային հանրությունն`
ընդհանրապես եւ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ն` մասնավորապես
տեսնում են ԼՂ հարցի լուծումը: Այն է` միջազգային հանրությունը
անվերապահորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ
ազգերի ինքնորոշման սկզբունքն առաջինի հետ համադրելով` պատրաստ է
Ղարաբաղին շնորհել ինքնավարության ամենաբարձր աստիճան, սակայն միայն
Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այս դիրքորոշման
անփոխարինելիության մասին այլեւս ոչ միայն պետք չէ պատմական էքսկուրսներ
ու համեմատություններ կատարել, այլեւ բավական է վերընթերցել աշխարհի գրեթե
բոլոր երկրների ու միջազգային կառույցների վերջին առնվազն 2 տարվա
հայտարարությունները: Իսկ Երեւանում Ռուպելի արած այն հայտարարությունը,
որ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները կարող
են համաձայնեցվել, քանի որ նման մոտեցումն առկա է թե՛ Բաքվում, եւ թե՛
Երեւանում, վկայությունն է այն բանի, որ Հայաստանն այլեւս
հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում
լուծելու տարբերակին սկզբունքային համաձայնություն է տվել: Հենց այս
դետալն էլ, կարծում ենք, կարող է շրջադարձային նշանակություն ունենալ
ինչպես ԼՂ բանակցությունների հարցում, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական
կյանքում: Բանն այն է, որ «Երեւան» հյուրանոցում Ռուպելի հետ հանդիպումից
հետո Արկադի Ղուկասյանն ուղղակիորեն հայտարարեց, որ Ղարաբաղի
իշխանությունները չեն համաձայնելու նույնիսկ «ինքնավարությունից բարձր,
անկախությունից ցածր» կարգավիճակին, որը կապահովի ԼՂ բնակչության
ինքնորոշման անգամ առավելագույն մակարդակ: Ինչպես տեսնում եք, այս հարցում
Հայաստանի եւ ԼՂ-ի իշխանությունների միջեւ սկզբունքային հակասություններն
այնքան են հասունացել, որ Արկադի Ղուկասյանն այլեւս չի թաքցնում դրանք:
Իհարկե, դիվանագիտական ձեւակերպումներով: Հենց այս հանգամանքից ելնելով`
պրն Ղուկասյանին հարցրինք` հնարավոր համարո՞ւմ է իրադարձությունների
այնպիսի զարգացում, որի դեպքում Հայաստանում կկրկնվի 1998 թվականի
պալատական հեղաշրջումը: Այսինքն` ՀՀ իշխանությունները համաձայնեն մի
տարբերակի, որին դեմ կլինի Ղարաբաղի ղեկավարությունը եւ արդյունքում` նաեւ
ղարաբաղյան գործիչների մասնակցությամբ տեղի կունենա իշխանափոխություն,
ինչպես 1998 թվականին: Արկադի Ղուկասյանը` նշելով, թե իր կարծիքով` 1998
թվականին տեղի ունեցածը «ֆարս» էր, հայտարարեց, որ պատմությունը չի
կրկնվում եւ 1998 թ. սցենարի կրկնությունը բացառված է: Կապրենք` կտեսնենք:
Այս հանգամանքները հաշվի առնելով, թույլ ենք տալիս ենթադրել, որ ԼՂ
նախագահի հետ Դմիտրի Ռուպելի չնախատեսված հանդիպման նպատակը Արկադի
Ղուկասյանին «համոզելն» էր: Այսինքն` Հայաստանի իշխանությունները`
համաձայնելով հակամարտության կարգավորման այդ տարբերակին, ԵԱՀԿ-ին
տեղեկացրել են, որ ԼՂ-ն դեմ է դրան, եւ իրենք չեն կարողանում ազդել
վերջինիս ղեկավարության վրա: Ռուպելն էլ փորձել է Ղուկասյանին բացատրել,
որ «ժողովուրդը երբեք չի սխալվում»:
Ի դեպ, չնայած մեր դիտարկմանն ի պատասխան (որ Բաքվում, այսպես կոչված,
Ադրբեջանի ղարաբաղյան համայնքի ղեկավարի հետ հանդիպելուց հետո Արկադի
Ղուկասյանի հետ հանդիպումն արդյո՞ք նպատակ չուներ ցույց տալու, որ ԵԱՀԿ-ն
հավասարություն է դնում այդ կազմավորման եւ ԼՂ-ի կայացած իշխանությունների
միջեւ)` Դմիտրի Ռուպելը հայտարարեց, թե իր նպատակը բոլոր կողմերին լսելն
ու հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքելն է, սակայն դժվար չէ կռահել,
որ այդպիսով ԵԱՀԿ-ն ցանկանում է ամրապնդել ԼՂ հարցը նաեւ միջհամայնքային
երկխոսության միջոցով լուծելու առաջարկը: Ինչը, մեղմ ասած, անընդունելի է
հայկական կողմի համար:
Մի խոսքով, տպավորություն է ստեղծվում, որ իրականում մայիսին Վարշավայում
կայացած Քոչարյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ԼՂ հարցի լուծման շուրջ
համաձայնություն է կայացվել, եւ այժմ այդ տարբերակին հասարակությանը
պատրաստելու գործընթաց է գնում: Այսինքն` համենայնդեպս, Հայաստանի
իշխանությունները հասկացել են, որ իրականում պարտվողական տարբերակը
«հաղթողական» փաթեթավորմամբ ներկայացնելու ռեսուրս այլեւս չունեն եւ
խնդրել են ԵԱՀԿ-ին` կազմակերպել հայ հասարակության «զոնդաժը»: Ինչն էլ
Երեւանում հաջողությամբ իրականացրեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի
արտգործնախարար Դմիտրի Ռուպելը: Եվրոպական չափանիշներով: