Զանգ ընկերուհուն

30/03/2010

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կիրակի օրը զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: 1 ժամ տեւած հեռախոսազրույցի հիմնական թեման, ըստ Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Բուրաք Օզյուգերգինի` եղել է ԱՄՆ Սենատի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւը: Խոսնակի փոխանցմամբ` Դավութօղլուն ընդգծել է, որ թիվ 252 բանաձեւի` Կոնգրեսի լիագումար նիստում հայտնվելը կվնասի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին եւ թուրք-ամերիկյան հարաբերություններին: «Քլինթոնը նշել է, որ հասկանում է Դավութօղլուի մտահոգությունները, եւ հայտարարել, թե ամերիկյան վարչակազմը դեմ է ինչպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված որոշմանը, այնպես էլ այդ որոշումը Կոնգրեսի լիագումար նիստում ընդգրկելուն: Քլինթոնը հայտարարել է նաեւ, որ Միջուկային անվտանգության հարցերին նվիրված միջազգային գագաթաժողովին մասնակցելու նպատակով ապրիլի 12-13-ը վարչապետ Էրդողանի կատարելիք վաշինգտոնյան այցը բոլոր տեսանկյուններից մեծ նշանակություն ունի, եւ իրենք Վաշինգտոնում սպասում են Էրդողանին: Իր հերթին Դավութօղլուն նշել է, որ Էրդողանի այցելության հարցն առայժմ քննարկման փուլում է, եւ առաջիկայում կկայացվի որոշում»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը: Բացի այդ, ըստ Թուրքիայի արտգործնախարարության, պետքարտուղարը Դավութօղլուին տեղեկացրել է Ռուսաստան կատարած իր այցի մանրամասների եւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումների մասին: