Սկսվել է

30/03/2010

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին Վարդանանց փողոցում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն իրականացնող երիտասարդների դեմ հարձակման գործով դատաքննությունը: Թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ի լրացուցիչ ընտրություններում պատգամավորության թեկնածու, Ն. Փաշինյանի նախընտրական քարոզարշավն իրականացնող երիտասարդների վրա հարձակման եւ ծեծի փաստով այժմ մեղադրվում է միայն Դավիթ Սիմոնյանը: Ի սկզբանե նույն հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել նաեւ Վահան Նադարյանին, սակայն երեկ հայտնի է դարձել, որ փաստերի լրացուցիչ ուսումնասիրության եւ լրացուցիչ հարցաքննությունների արդյունքում մեղադրանքը հանվել է, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: «Ավելի շատ պետք է լինեին գործով, մի քանի մեղադրյալներ պետք է լինեին նույնիսկ, որովհետեւ խումբ է հարձակվել` մեկ ամբողջ կազմակերպված խումբ: Փոխանակ ավելի կոնկրետացնելու, ավելի խորությամբ քննություն կատարելու, ընդհակառակը` նրանք հետ են ուղարկում գործը, որպեսզի նույնիսկ մեկ անձի վրայից այդ մեղադրանքները հանվեն, ինչը եւ անում են»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է տուժող կողմի փաստաբան Ստեփան Ոսկանյանը, հավելելով, թե իրենց բոլոր միջնորդությունները նրանք ծառայեցնում են հակառակ գործողությունների համար: Գործով առաջին դատական նիստը կարճ է տեւել, քանի որ ամբաստանյալը ներկայացել էր առանց փաստաբանի եւ դատարանին միջնորդել ժամանակ տալ` գործում իր շահերը պաշտպանող ներգրավելու համար: Դավիթ Սիմոնյանը հրաժարվեց հարցազրույցից: Ըստ նախաքննական ցուցմունքների` նա արդարացված չի համարում իրեն առաջադրված մեղադրանքը: