Թուրքիան ակնհայտորեն ցույց է տալիս, որ չի ցանկանում վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, եւ մատնանշում է, որ գործընթացը կարող է աշխուժանալ, եթե ԼՂ հարցում առաջխաղացում նկատվի: Այս մասին երեկ հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` հավելելով, թե այս գործընթացը թեւակոխել է ողբերգական փուլ: Ըստ նրա` միակ կողմը, որը տուժում է, Հայաստանն է: «Դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ՀՀ-ի համար: Փաստացի Թուրքիան երբեք թույլ չի տա, որ գործընթացը դադարի, որքան էլ ասում են, թե արձանագրությունները հակասում են իրենց ազգային շահերին: Դրանով նրանք փորձում են մի դաշտ ստեղծել եւ հայ-թուրքական գործընթացը կապել ԼՂՀ հիմնախնդրին»,- ասել է նա: Իսկ քաղաքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով` Հայաստանը դեռեւս տուժած չէ. «Եվրոպական տարբեր երկրներում Ցեղասպանության հարցի օրակարգ մտցնելը եւ ճանաչումը, կարծում եմ, քաղաքակիրթ աշխարհի յուրահատուկ մեսիջներից է` ուղղված Թուրքիային` քայլել 21-րդ դարի մտածելակերպին համապատասխան, առերեսվել անցյալի հետ եւ հարեւանների հետ հաստատել նորմալ հարաբերություններ»: