«Մինչեւ 1997թ. ադրբեջանական կողմը հանդուրժում էր Ղարաբաղի առկայությունը բանակցություններում, քանի որ տեսնում էր, որ այն ժամանակվա իշխանությունը վճռական չէ, անգամ պատկերացնում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, իսկ 1998 թվականից հետո վիճակը փոխվեց»,- «Ա1+»-ի հետ զրույցում երեկ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ըստ նրա, 1998 թվականից հետո, երբ իշխանության եկավ Քոչարյանի ղեկավարած «վճռական թիմը», Ադրբեջանը հասկացավ, որ այլեւս ԼՂՀ-ն այդ իշխանության օրոք Ադրբեջանի կազմում չի կարող գտնվել, եւ ավելի կոշտացրեց դիրքորոշումը` պահանջելով բանակցել միայն Հայաստանի հետ: Հարցին, թե ստացվում է, որ ամեն դեպքում Քոչարյանի գործոնով է պայմանավորված Ղարաբաղի` բանակցություններից դուրս մղվելը, Գ. Սահակյանը պատասխանել է. «Ոչ, միտումս դրական է, եւ ասում եմ, մինչեւ այդ էլ երկու պետությունների նախագահների հանդիպման ժամանակ ղարաբաղյան կողմը չի մասնակցել, եւ որեւէ փաստաթուղթ էլ չի ստորագրվել, որ եռակողմ հանդիպումներ լինեն»: Հիշեցնենք, որ երեկ Ռ. Քոչարյանի գրասենյակը հոդված է հրապարակել, համաձայն որի՝ ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է եկել ոչ թե Քոչարյանի իշխանության գալուց հետո, այլ դրանից մեկ տարի առաջ: Երբ թղթակիցը Սահակյանին հիշեցրել է Ռոբերտ Քոչարյան-Ստեփան Դեմիրճյան հեռուստաբանավեճի ժամանակ Դեմիրճյանի արած հայտարարությունը, թե Հայաստանը պետք է երաշխավոր լինի եւ միջնորդական առաքելություն ունենա, ոչ թե Ղարաբաղի փոխարեն բանակցի, իսկ Քոչարյանը հակադարձել է, թե հեշտ է ամեն ինչ գցել Ղարաբաղի վրա, Գ. Սահակյանն ասել է. «Հայաստանը մինչեւ օրս էլ միջնորդական առաքելություն ունի ամբողջ բանակցությունների ընթացքում: Առանց Ղարաբաղի ոչ մեկը չի կարող Ղարաբաղի խնդիր լուծել»: