Ցավակցել է

30/03/2010

Երեկ Մոսկվայի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: «Մեծարգո Դմիտրի Անատոլիի, ընդունեք անկեղծ ցավակցությունս` Մոսկվայի մետրոպոլիտենում 2010թ. մարտի 29-ին կատարված ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Հայաստանը վճռականապես դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսեւորում: Եկել է ժամանակը` միջազգային հանրության համատեղ եւ անզիջում գործողություններով արմատախիլ անելու արդի ժամանակների այս չարիքը: Վստահ եմ, որ կարվի ամեն հնարավորը` բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու դրա կազմակերպիչներին: Խնդրում եմ կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Սգում ենք Ձեր եւ բոլոր ռուսաստանցիների հետ»:

Ի դեպ, մարտի 30-ը Մոսկվայում հայտարարվել է Սգո օր: Մոսկվայի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Սերգեյ Ցոյի խոսքով` այսօր Մոսկվայում կիջեցվեն բոլոր դրոշները, կհետաձգվեն ժամանցային բոլոր միջոցառումները: Հիշեցնենք, որ նախնական տվյալներով, պայթյուններն իրականացրել են երկու կին մահապարտ ահաբեկիչներ այն պահին, երբ գնացքը մոտեցել էր կանգառման հարթակին: