Վասն տնտեսության եւ իրանցի զբոսաշրջիկների

30/03/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եթե 451թ. Վարդան Մամիկոնյանն իմանար, որ մեկուկես հազարամյակ հետո իր հայրենակիցները պարծենալու են Հայաստանում գտնվող իրանցիների մեծ թվով, երեւի տարակուսեր՝ արժե՞ արդյոք Ավարայրում ճակատամարտի դուրս գալ պարսիկ զինվորների ու նրանց փղերի դեմ, թե՞ ոչ։

Իհարկե, այսօր 451 թվականը չէ, եւ պարսիկներն էլ ոչ միայն մեր թշնամիները չեն, այլ երեւի՝ մեր անմիջական ամենահուսալի հարեւանը։ Եվ, ի տարբերություն 5-րդ դարի, այսօր նրանք ոչ իրենց փղերին են խմեցնում, ոչ էլ իրենք են խմում։ Ու թերեւս հենց այս վերջին հանգամանքը՝ սեփական երկրում ալկոհոլ օգտագործելու արգելքը, էական դեր է խաղացել Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թվի վրա։

Համենայնդեպս, ժողովրդի մեջ տարածված է այն համոզմունքը, որ իրանցիներն էլ, մյուս ժողովուրդների նման, սիրում են տոները մարդավարի նշել, ինչո՞ւ ոչ՝ նաեւ գինովնալ ու մի քիչ ազատ զգալ։ Ու քանի որ սեփական երկրում չեն կարող բացահայտ ու հանգիստ սրտով քեֆ անել, ընտրել են ամենաօպտիմալ տարբերակը՝ այցելել Հայաստան, համ ուզածի պես քեֆ անել, համ էլ՝ այցելել տեսարժան վայրեր։

Սա վատ չէ։ Որքան էլ մեզանից ոմանք սրտնեղեն, թե մարտի 21-ից սկսած Երեւանը վերածվել է Թեհրանի, դա մեզ համար շատ էլ ձեռնտու է։ Այդ թվում` իրանցիներից դժգոհող տաքսու վարորդների, որոնք (ինչպես ասում են չար լեզուները) օտարերկրյա հյուրերի համար «ակցիա» էին կազմակերպել՝ տեղափոխում էին շատ ավելի թանկ գներով։

Սակայն պաշտոնական բացատրությունը ալկոհոլային գործոնին այդքան էլ մեծ տեղ չի տալիս։ Օրինակ՝ ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանի, իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքը պայմանավորված է վարվող պետական քաղաքականությամբ։ Մ. Ապրեսյանը նաեւ ասել է, որ իրանցի զբոսաշրջիկների հոսքի ավելացման պարագայում գործել է «մուլտիպլիկացիոն էֆեկտը». այսինքն՝ նախկինում իր այցելությունից գոհ իրանցի մեկ զբոսաշրջիկն իր հետեւից բերել է հարյուրների։ Փաստորեն, կարելի է ենթադրել, որ այսօր Հայաստան այցելած հարյուրավոր իրանցիները մյուս տարի իրենց հետ կբերեն հազարների։ Թերեւս, նաեւ այս համոզվածությունն է իր դերը խաղացել, որ ոլորտի պատասխանատուներն այս տարի կանխատեսում են զբոսաշրջիկների թվի 5% աճ։ Սակայն արդյո՞ք իրանցիները գոհ կմնան, կգործի՞ «մուլտիպլիկացիոն էֆեկտը»։ Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը օրերս մտահոգություններ հայտնեց, որոնք թույլ չեն տալիս չափից դուրս լավատես լինել։ Օրինակ՝ նա ուշադրություն է հրավիրել էքսկուրսավարների խնդրին՝ նշելով, որ որակյալ կադրերի պակասի պատճառով այստեղ սովորող Իրանի քաղաքացիներն են կատարել այդ աշխատանքը: «Ո՞վ էր պատմում զբոսաշրջիկներին Հայաստանի պատմությունը, ո՞վ էր ներկայացնում երկիրը: Սա մի ոլորտ է, որ հստակ կարգավորման կարիք է զգում»։ Զբոսաշրջության ոլորտում ներգրավված մարդիկ խոսել են նաեւ չարաշահումների (օրինակ՝ միջքաղաքային միկրոավտոբուսները միայն իրանցիների համար բարձրացրել են ուղեվարձը) եւ հյուրանոցների խնդրի մասին։ Մասնավորապես, հյուրանոցատերերը պահանջել են ամրագրել համարները` վճարելով ամբողջությամբ, ինչը ամենեւին ձեռնտու չէ տուրիստական ընկերություններին։

Իսկ ինչո՞ւ է այդքան կարեւոր իրանցիներին սիրաշահելը։ Նշենք, որ այստեղ ամենեւին կապ չունի՝ զբոսաշրջիկն իրանցի՞ է, ռո՞ւս, անգլիացի՞, թե՞ հոնդուրասցի։ Զբոսաշրջիկին պետք է սիրաշահել, հարգել ու այդպիսով՝ ստիպել, որ նա հաջորդ անգամ էլ այցելի՝ իր հետ բերելով իր բարեկամներին ու հարազատներին, որովհետեւ նրանց այցելությունից երկիրը ստանում է «քեշ փող»։ Այս հանգամանքի մասին խոսելն ամենեւին ամոթ բան չէ, քանի որ զբոսաշրջությունը նույնպես բիզնես է։

Եթե փորձենք հաշվել միայն Նովրուզի արդյունքում ՀՀ տնտեսության մեջ մտած գումարները, ապա բավականին պատկառելի գումար է ստացվում։ Այսպես, ըստ պաշտոնական տվյալների, վերջին 1 ամսվա ընթացքում Հայաստան են այցելել շուրջ 15 հազար իրանցի զբոսաշրջիկներ։ Ինչպես նշել է Մ. Ապրեսյանը, 2006-2007թթ. կատարված վիճակագրական ուսումնասիրություններով՝ զբոսաշրջիկը մեկ այցելության ընթացքում Հայաստանում ծախսում է 700-800 ԱՄՆ դոլար, իսկ ներկայումս այդ թիվը կազմում է միջինը 1000 դոլար։ Փաստորեն, մեկ ամսվա ընթացքում իրանցի զբոսաշրջիկները Հայաստանի տնտեսություն են «ներարկել» 15 միլիոն դոլար։ Քիչ գումար չէ, բայց՝ դժգոհություններ էլ կան։ Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Ռ. Մինասյանը, օրինակ, գոհունակություն հայտնելով, որ երկիրը եկամուտներ է ստանում զբոսաշրջությունից՝ հռետորական հարց է բարձրացրել՝ օրինակա՞ն են արդյոք այդ եկամուտները, եւ պետբյուջեն ստանո՞ւմ է արդյոք համապատասխան մուտքեր դրանցից։ Իհարկե, միության նախագահն անհանգստացած է ոչ թե պետբյուջեի համալրմամբ, այլ պարզապես ցանկանում է, որ գումարները անցնեն «չերեզ» իրենց՝ գրանցված կազմակերպությունների։ Այդ իսկ պատճառով էլ դժգոհում են, որ տուրիստներին սպասարկում են չգրանցված կազմակերպությունները՝ ոչ պրոֆեսիոնալ եւ լիցենզիա չունեցող գիդերով։ Անկախ շարժառիթներից՝ մտահոգությունը կարելի է հասկանալ։ Սակայն, մյուս կողմից, երկրի համար այնքան էլ մեծ կապ չունի՝ զբոսաշրջիկը ում միջոցով եւ ինչպես է ծախսում գումարները։ Եթե անգամ վճարում է ոչ պրոֆեսիոնալ գիդին կամ հյուրանոցի փոխարեն վճարում է տանտիրոջը՝ առանց որեւէ պայմանագրի, ապա այդ գումարները «մուլտիպլիկացիոն» էֆեկտով աշխուժացնում են տնտեսությունը։

Իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքը սերտորեն զուգակցվեց նաեւ փոխարժեքի թեմայի հետ։ Դոլարը, որը սկսել էր մեծ թափով արժեւորվել եւ մի պահ արդեն գերազանցում էր 410 դրամը, նորից սկսեց էժանանալ։ Հիմնական պատճառը, ինչպես նշեցին շատ փորձագետներ, այն էր, որ իրանցի զբոսաշրջիկները իրենց հետ բերած դոլարը դրամի փոխարկելով՝ վերացրին արտարժույթի դեֆիցիտը։

Սակայն ամեն ինչ առավել ուշագրավ է դառնում, երբ այս ամենին նայում ենք բոլորովին այլ տեսանկյունից։ Այն, որ իրանցի զբոսաշրջիկների հոսքը լուրջ քննարկման եւ մեկնաբանությունների թեմա դարձավ՝ այդ թվում պաշտոնյաների կողմից, փաստ է։ Այսինքն՝ 1 ամսվա ընթացքում 15 հազար զբոսաշրջիկի այցը մեզանում ընդունվեց որպես սենսացիոն մի երեւույթ, որն անգամ ազդեց մեր երկրի դրամավարկային ցուցանիշների վրա։ Մինչդեռ դատելով պաշտոնական այլ ցուցանիշներից՝ նման բան չպետք է լիներ, եւ մեր տնտեսության մեջ ու կյանքում անգամ 30 հազար զբոսաշրջիկների ներհոսքը պետք է աննկատ անցներ։

Պարզաբանենք։ Եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստան է այցելել 15 հազար իրանցի, ստացվում է՝ մեկ օրվա կտրվածքով մենք ունեցել ենք 500 զբոսաշրջիկ։ Իսկ ի՞նչ է ասում պաշտոնական վիճակագրությունը, ասենք, 2009 թվականի համար։ «Ըստ հետազոտությունների արդյունքում ձեւավորված փորձագիտական գնահատումների, 2009թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն են ժամանել 575.281 զբոսաշրջիկներ»: Փաստորեն՝ նախորդ տարվա ընթացքում Հայաստան են այցելել 575 հազարից ավելի զբոսաշրջիկներ, օրական կտրվածքով՝ 1500 հոգուց ավելի։ Եվ զարմանալիորեն, օրական միջինը 1500 զբոսաշրջիկի պատրաստ «մեր զբոսաշրջային բիզնեսը պատրաստ չէր վերջին օրերին Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած զբոսաշրջիկների չափ հյուրեր ընդունելու» (ինչպես նշել է ոլորտի ներկայացուցիչներից մեկը)։

Թվացյալ այս հակասությունը, իրականում, ունի շատ պարզ բացատրություն. 575.281 հոգին զբոսաշրջիկ չեն։ Նրանց առավելագույնը մեկ երրորդ մասն է իրոք Հայաստան եկել որպես դասական «տուրիստ»՝ շորտիկով, լուսանկարչական ապարատով եւ վերնիսաժից հուշանվերներ գնելու առաքելությամբ։ Մյուսները պարզապես այցելուներ են (մեծ մասամբ՝ հայեր), որոնց պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է որպես զբոսաշրջիկ՝ տվյալները փոքր-ինչ սիրունացնելու համար։