«Այս տարի շատ ավելի վատ վիճակում ենք հայտնվելու»

30/03/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

– Այս տարվա առաջին երկու ամիսներին պաշտոնական տվյալներով տնտեսական աճ է արձանագրվել: Հունվարին` 2,4 %, իսկ փետրվարին հունվարի նկատմամբ` 15,2 %: Ձեր կարծիքով, այս թվերը խոսո՞ւմ են այն մասին, որ ճգնաժամը մեր երկրում արդեն ավարտվել է, եւ տնտեսությունը վերականգնվում է:

– Թեեւ մեր տնտեսության մեջ այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրվել է որոշ աճ, սակայն ոգեւորվելու առիթներ դեռ չկան, հունվար-փետրվար ամիսները մեր տնտեսության «ննջելու» ամիսներն են: Այսօր համաշխարհային տնտեսության մեջ, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանում, դրական միտումներ են արձանագրվում, բայց այդ զարգացումները դեռեւս չեն կարող դրական հետեւանքներ ունենալ մեր տնտեսության համար: Այս տարվա ընթացքում եւս Հայաստանի տնտեսական իրավիճակը մնալու է բարդ: Նոր գործոններ առաջ չեն գալու, մինչդեռ ճգնաժամը պայմանավորած նախկին գործոնները իրենց ազդեցությունը այս տարվա ընթացքում եւս շարունակելու են ունենալ: Կարծում եմ, չենք ունենա անցած տարվա ընթացքում ունեցած անկումը, բայց դրա հետեւանքները կրելու ենք նաեւ այս տարի: Կարող ենք արձանագրել, որ անդունդ գլորվելու տեմպը նվազել է, բայց գուցե դա պայմանավորված է նրանով, որ մենք հասել ենք կամ մոտ ենք հատակին:

– Տնտեսական ճգնաժամից դուրս գալու եւ երկրի տնտեսության առողջացման վերաբերյալ ՀԱԿ-ը հրապարակեց «100 քայլ տնտեսական բարեփոխման ծրագիրը»: Սակայն, այն արձագանք չգտավ եւ այնքան էլ լուրջ չընդունվեց իշխանության ներկայացուցիչների շրջանում: Միայն հնչեցին 1-2 քննադատություն` ծրագրի որոշ դրույթների անիրագործելի լինելու վերաբերյալ:

– Եթե իշխանություն ասածը դա այն իշխանավորն է, որը հարմարվել է կոռուպցիայի եւ այն այլանդակության հետ, որ իշխող են մեր երկրում եւ որոշիչ են տնտեսական քաղաքականության առումով, իհարկե, ես հասկանում եմ. նրանք ոչինչ չեն ցանկանա փոխել: Բայց եկեք ռեալ խոսենք մեր երկրի մասին: Ինչ է` մի 2 փողատեր-կաշառակերի ձեռքը կրա՞կն ենք ընկել, ինչ է` նորմալ մարդը իրավունք չունի՞ այս երկրում ապրելու: Շատ ու շատ խնդիրներ կան, որոնք այսօր անհնարին են թվում, բայց դրանք պետք է լուծել, առաջին հերթին պետք է վերացնել այս արատավոր համակարգը, որն անգամ հույսն է սպանում մարդկանց մեջ: Հայաստանը պետք է զարգանա, մեր քաղաքացիները արժանապատիվ բարեկեցիկ կյանքով պետք է ապրեն, իսկ դրա բանաձեւը ծրագրերով ու հրապարակային քննարկումներով ու համատեղ աշխատանքով պետք է գտնվի:

– Իսկ գուցե այս համակարգի արատավորությունը գալիս է նրանից, որ մեր խորհրդարանի կեսից ավելին գործարարներն են, եւ հենց նրանք էլ կառավարում են երկրի տնտեսական քաղաքականությունը` իրենց շահերին համապատասխան:

– Կարծում եմ, որ այն քաղաքական ուժերը, որոնք երկրի կառավարման հարցում պատասխանատվություն են վերցրել իրենց վրա, պետք է վերջապես հասկանան, որ իրենք եւս պատասխանատու են թե վարած քաղաքականության ու թե տնտեսության մեջ դրսեւորված անկման համար: Թե չէ ստացվում է, որ մի փոքր խումբ մարդիկ, որոնք անգամ չգիտեն, որ այս երկրում գոյություն ունի սահմանադրություն, որը հստակ ասում է, թե ով կարող է լինել պատգամավոր, իսկ ով` ոչ, վճիռներ են կայացնում մեր ապագայի վերաբերյալ: Նրանք կարող են ավելի ճնշել հասարակությանը, կարող են նոր Մարտի մեկեր կազմակերպել, բայց այդ ամենը ապագա չունեցող է, վերջապես մի օր պետք է, չէ՞, նրանց ուժը չպատի, ու նորմալ տնտեսական քաղաքականության հիմք դրվի:

– Ակնկալո՞ւմ եք, որ տնտեսության կառավարման վերաբերյալ ՀԱԿ-ի ներկայացրած դրույթները խորհրդարանական ուժերի կողմից կքննարկվեն ու հաշվի կառնվեն դրանում ներառված կետերը:

– Չեմ կարծում, քանի որ այս խորհրդարանում ոչ նման ցանկություն, ոչ էլ կարողություն կա: Պառլամենտում ո՞վ կա, այդ ո՞ր մի ուժը պետք է այն քննարկման առարկա դարձնի: Կամ եթե լինեին այդ ուժերը եւ մի քիչ ավելի բծախնդիր վերաբերվեին այն ծրագրերին, որոնք անցած տարիներին ներկայացվում էին կառավարության կողմից, ապա մենք հաստատ գործ չէինք ունենա մի շարք խայտառակությունների հետ: Ինչ է, մոռացե՞լ եք, որ, օրինակ, 2008-ի վերջին հաստատեցին մի բյուջե, որը նախատեսում էր 9 տոկոսանոց աճ, բայց տարին փակվեց 15 տոկոսից ավելի տնտեսական անկման ցուցանիշով: Ամբողջ անցած տարվա ընթացքում կառավարությունը վերափոխում էր ծրագրերը, որակապես փոխում էր բյուջեն, որակական փոփոխության էր ենթարկում տնտեսական ու սոցիալական ծրագրերը: Պառլամենտում մեկը չգտնվեց, որ ասեր՝ սա մեր խնդիրն է, եկեք այն քննարկման առարկա դարձնենք, նաեւ որոշակիացնենք կառավարության պատասխանատվության շրջանակը: Միայն Հայաստանում ձեւավորված համընդհանուր անպատասխանատվության մթնոլորտում հնարավոր է, որ կառավարությունը առանց օրենսդրի մասնակցության նման վճիռներ կայացնի: Կարծում եմ՝ կառավարությունում կան անհատներ, որոնք ոչ միայն կծանոթանան, այլեւ այդ ծրագրի հատվածները կփորձեն կիրառել, սակայն, իհարկե, հրապարակավ վերաբերմունք չեն կարող ցույց տալ, քանի որ մեր երկրում իշխանությունը հստակ է`ընդդիմությունը երկրի թշնամին է: Հետեւապես այսօր չեն կարող ասել, որ ընդդիմությունը ինչ-որ հարցադրում ճիշտ է արել:

– Նկատի ունենալով ներկայում երկրում ստեղծված լարվածությունը` թե քաղաքական, թե սոցիալական առումով, հնարավոր համարո՞ւմ եք իրավիճակի էլ ավելի թեժացում` կապված ապրիլի 1-ից գազի ու մի շարք ապրանքատեսակների թանկացման հետ:

– Ցուցանիշների իմաստով ավելի վատ չի լինի, բայց կյանքի որակի առումով ավելի վատ վիճակում ենք հայտնվելու: Այս տարի տնտեսության շատ ոլորտներում կգրանցվեն դրական միտումներ, սակայն ընդհանուր վիճակը չի լավանա, ճգնաժամը հիմնականում հենց այդպես կդրսեւորվի: Համամիտ եմ նաեւ, որ սպասվող բարձր գնաճի հետ կապված սոցիալական լարվածությունը ավելի կթեժանա: Մանավանդ, որ գնաճն առաջին հերթին խփելու է ամենակարիքավորի գրպանին, փոքր բյուջե ունեցողի համար թանկացումն ավելի էական նշանակություն ունի:

– Այսօր Կենտրոնական բանկի վարած անհասկանալի քաղաքականությունը հատկապես գործարար շրջանակում անհանգստություն է ստեղծել: Դոլար-դրամ փոխարժեքի վայրիվերումները մարդկանց ստիպում են չվստահել դրամին, իրենց գումարը վերածել արտարժույթի ու այն դուրս հանել երկրից: Ինչի՞ կհանգեցնի նման գործելաոճը:

– Կհանգեցնի նրան, ինչի հետ մենք այսօր գործ ունենք: Բազմաթիվ զգուշացումներ են եղել ԿԲ-ին, ինքս քանի անգամ բարձրաձայնել եմ այդ խնդիրները: Կենտրոնական բանկը կոչված է որոշակի եւ հստակ քաղաքականություն վարելու, ոչ թե մի բան ասելու եւ մի այլ բան անելու համար: Քանի դեռ իշխանությունները շարունակելու են այս ճանապարհը, շուկայում անընդհատ լինելու են ցնցումներ: Անգամ այն պարագայում, որ դրամի արժեւորման համար տնտեսական նախադրյալները բացակայում են, մենք գործ ունենք եւ կունենանք դրամի արժեզրկման հետ: Կխորանա անվստահությունը ազգային արժույթի նկատմամբ, եւ գործ կունենանք փողի փախուստի հետ, այն, ինչ այսօր արդեն կատարվում է: Հայտարարում ենք, որ լողացող փոխարժեքի քաղաքականություն է, բայց մյուս ձեռքով պահուստներ ենք վաճառում:

– Գուցե դա այն բանի հետեւանք է, որ ԿԲ-ն անկախ չէ իր վարած դրամավարկային քաղաքականության մեջ եւ անում է այն, ինչ թելադրում են:

– Այո, ԿԲ-ն էապես կորցրել է իր անկախությունը: Այն այսօր դարձել է մի կառույց, որի միջոցով լուծում են անընդհատ առաջ եկող խնդիրները, փակում են ճեղքերը: Այդ պատճառով էլ ԿԲ-ի քաղաքականության առանցքը դարձել է արտարժութային ինտերվենցիաները:

– Իսկ այդ ինտերվենցիաները չե՞ն հանգեցնի արդյոք մեր ազգային պահուստների սպառմանը` որն էլ առաջ կբերի մի շարք բացասական հետեւանքներ:

– Իհարկե, բացի յոթ-ութ հարյուր միլիոն դոլար պահուստ վատնելուց, մենք անցած տարվա ընթացքում մեզ վրա շատ մեծ բեռ վերցրեցինք: 2-3 տարի հետո մենք հսկայական գումարներ պետք է տրամադրենք արտաքին պարտքի սպասարկման համար: Բացի այդ, վիճակի բարդությունը պայմանավորված է նրանով, որ մենք շարունակում ենք մնալ մի երկիր, որն ունի մեծ ներկրում, շատ փոքր արտահանում: Եվ մեր արտաքին առեւտրի ճեղքվածքը շատ ավելի մեծ է կամ հավասար թիվ է կազմում մեր պահուստների հետ:

– Ի՞նչ կերպ այն կանդրադառնա շարքային քաղաքացու վրա:

– Մենք կապրենք շատ ավելի վատ: Մեր աշխատածը, մեր ստեղծածը կգնա ոչ թե մեր զավակներին կամ մեր պետության զարգացմանը, այլ կծառայի պարտքի սպասարկմանը: Թիվ մեկ խնդիրն այսօր համակարգի փոփոխությունն է: Այսօր այն ուժերը, որոնք բռնազավթել են իշխանությունը, պետք է հասկանան, որ Հայաստանը տանում են վատ ճանապարհով: Մենք տարեցտարի դեպի վատն ենք գնում: Այսօր ունենք 90 տոկոսով հուսախաբ եղած ու երկիրը լքելու մասին մտածող հասարակություն: Երկրի նախագահն ու քաղաքական ուժերը պետք է, չէ՞, մտածեն սրա մասին: Կամ թող ձեւ անեն, իսկ հետո անընդհատ Մարտի մեկեր կազմակերպելով միայն պահեն բռնազավթված իշխանությունը:

– Ի՞նչ կանխատեսումներ ունեք այս տարվա տնտեսական ցուցանիշների առումով:

– Եթե չլինի աճպարարություն, եթե չլինի թվերի նկարչություն, մենք դժվար թե աճ ունենանք: Անցյալ տարվա իմ գնահատականներից ես չեմ հրաժարվում, տարին կփակենք 1-2 տոկոս տնտեսական անկմամբ, այլ բան կանխատեսելու հիմք դեռ չունեմ: