Ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտում մարտի 21-27-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 100 անգամ: Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության, ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են սահմանագծի հարավարեւելյան, կենտրոնական եւ հյուսիսարեւելյան ուղղություններում տեղաբաշխված ղարաբաղյան դիրքերը: Հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն առավել ինտենսիվ է եղել շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում: Միայն մարտի 22-23-ը Կարմիրավան, Նամիրլի, Ջրաբերդ, Սեյսուլան, Շուրաբադ եւ Յարմջա ուղղություններում տեղաբաշխված հայկական հենակետերը հակառակորդի կողմից գնդակոծվել են 34 անգամ, որոնց ընթացքում, բացի «ԱԿ» տիպի ինքնաձիգերից, կիրառվել են նաեւ «Սեւ նետ» եւ «ՍՎԴ» հատուկ նշանակության դիպուկահարային զինատեսակներ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից բոլոր ուղղություններով ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Հրադադարի խախտման արդյունքում ղարաբաղյան ուժերը կորուստներ չեն կրել: