ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հյուրընկալել է աշխարհահռչակ «Դիփ Փարփլ» ռոք խմբի անդամ Յան Գիլանին, եւ «Ռոքը օգնում է Հայաստանին» ծրագրի ղեկավար Ջոն Դիին: Ս. Սարգսյանը նշել է, որ մեր երաժշտասեր հասարակության կյանքում այն իրադարձություն է, եւ, դիմելով անվանի երաժիշտներին` ասել է. «Բնականաբար, ոչ ոք չի կասկածում, որ ձեր համերգներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում եւ ջերմ մթնոլորտում, բայց Հայաստանում դուք մեկ այլ ջերմության ականատես կլինեք. բացի տաղանդի նկատմամբ ջերմությունից, դա նաեւ երախտագիտության ջերմություն է: Մենք երախտապարտ ժողովուրդ ենք եւ շնորհակալությամբ ենք հիշում, որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո դուք մեր կողքին էիք»: «Մենք ուրախ ու երջանիկ ենք, որ կարողացել ենք մեր համեստ ներդրումն ունենալ»,- ասել են ռոքի աստղերը: Յան Գիլանը հավելել է, որ երբեք չի մոռանա 20 տարի առաջ իր այցը Սպիտակ, եւ ուրախ է, որ այսօր կարող է իր երաժշտությունը բերել նրանց: Անդրադառնալով երեւանյան համերգին` Յան Գիլանն ու Ջոն Դին իրենց հիացմունքն են հայտնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական արվեստից, եւ հաճելիորեն զարմացել, որ երիտասարդ ու ավագ սերնդի ներկայացուցիչները հավասար ոգեւորությամբ վայելում են երաժշտությունը: ՀՀ նախագահն ու անվանի երաժիշտները խոսել են նաեւ «Ռոքը օգնում է Հայաստանին» ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքի մասին: «Մենք մշտապես հպարտ եւ ուրախ կլինենք հյուրընկալել ձեզ մեր երկրում»,- ընդգծել է Ս. Սարգսյանը: