«Այդ ամենը եղել է բոլորի աչքի առաջ»

28/03/2010

ՀՀ արդարադատության նախարարությունն ու Վճռաբեկ դատարանը արձագանքել են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կողմից մարտիմեկյան գործերով դատավարությունների վերաբերյալ վերջին զեկույցին` ներկայացնելով շուրջ 30 էջանոց առարկություններ: Այդ առարկություններում մասնավորապես նշվում է, որ զեկույցում «առանձին դատավարական բացթողումներ ներկայացված են որպես ընդհանուր օրինաչափություններ»: Ինչ վերաբերում է նրան, որ մարտիմեկյան գործերով նախաքննության ընթացքում բոլոր կասկածյալներին անխտիր կալանավորել են, եւ խախտվել է անձի ազատության իրավունքն ու անմեղության կանխավարկածը, նախարարությունը նշում է, որ եթե չկալանավորեին, ապա «մեծ էր հավանականությունը, որ նրանք կպայմանավորվեին համախոհների հետ` քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով»: Իսկ Վճռաբեկ դատարանն էլ նշել է. «Դատարանների կողմից մեղադրական թեքում ունենալու, անկողմնակալ վերաբերմունք չդրսեւորելու վերաբերյալ զեկույցի հետեւությունների հետ մեծ հաշվով դժվար է համաձայնել։ Դատարանվերը գործել են իրենց լիազորությունների շրջանակներում` կայացնելով եւ՛ արդարացնող, եւ՛ մեղադրող դատական ակտեր»: Ինչ վերաբերում է մեծ մասամբ միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա մարդկանց դատապարտելու վերաբերյալ` միջազգային փորձագետների դիտարկմանը, առարկություններում նշվում է, թե «ուսումնասիրված որեւէ գործով որեւէ մեկը չի դատապարտվել բացառապես ոստիկանի ցուցմունքի հիման վրա, բոլոր գործերով էլ առկա են եղել այլ ապացույցներ»: Իսկ դատարանների կողմից երբեմն անվայելուչ, անտակտ ու կոպիտ դիտողությունների մասով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտարկումներին ի պատասխան, նախարարությունը նշում է. «Եզրակացություններ անելիս հեղինակները անհարկի ընդհանրացումներ են արել, այնինչ մարտիմեկյան գործերով դատավարություններն ընթացել են ոչ սովորական իրավիճակում, երբ փորձ է արվել դատավարությունները վերածելու յուրահատուկ քաղաքական բնույթի հրապարակային միջոցառումների, ուստի դատավորներն ու դատական կարգադրիչները կիրառել են դատավարության մասնակիցների անվտանգությունը երաշխավորող գործուն միջոցներ»: Այս առնչությամբ, այդ դատավարություններին ներկա եղած իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե միջազգային դիտորդների գնահատականներն ավելի մեղմ են եղել: «Բոլորի աչքի առաջ է եղել, թե ինչպես են նրանք առեւանգել դատարանի դահլիճից վկաներին: Մեր բոլորի աչքի առաջ են եղել ծեծված վիճակում, խոշտանգված վիճակում առեւանգվածները: Մենք տեսել ենք` ինչ ցուցմունքներ եւ ինչ կարգի մեղադրանքներ են եղել դատարաններում: Այդ ամեն ինչը եղել է մեր աչքի առաջ, ու հիմա, ասենք, ամբողջ աշխարհին եւ այդ թվում՝ մեզ համարել կույր եւ տալ իրենց այս ամեն ինչը մերժող, գողականությանը վայել պատասխանը, ծիծաղելի է»,- նշել է նա: