Անցած շաբաթվա ընթացքում դրամի արժեզրկումը կամ դոլարի արժեւորումը մեծ իրարանցում առաջացրեց ինչպես ֆինանսական շուկայում, այնպես էլ քաղաքացիների շրջանում:
Թանկացան որոշ ապրանքատեսակներ, քիչ թե շատ խնայողություններ ունեցող մարդիկ էլ շտապեցին իրենց ունեցած դրամը վերածել դոլարի, քանի որ որոշ տնտեսագետներ կանխատեսեցին, որ դոլարի փոխարժեքը կհատի 450 դրամի սահմանը: Սակայն, հասնելով առավելագույնը 412 դրամի՝ 1 դոլարի դիմաց, դրամը սկսեց արժեւորվել: Թե ինչով էին պայմանավորված այդ կտրուկ փոփոխությունները, միանշանակ դժվար է ասել: Այդուհանդերձ, կան այդ գործընթացները բացատրող որոշ վարկածներ:
Նախ՝ դրամի արժեզրկումը կանխելու համար, ԿԲ-ն իր արտարժութային պահուստներից բավական մեծ քանակությամբ դոլար նետեց շուկա: Մարտի 15-19-ը ընկած ժամանակահատվածում միայն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ» ֆոնդային բորսայում իրականացվեց 35 մլն 925 հազար դոլարի առք եւ վաճառք` 403,13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Իսկ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը այս տարի առաջին անգամ շաբաթվա կտրվածքով ավելի քան 27 մլն դոլար ավելի շատ վաճառեցին, քան` գնեցին: Սակայն, տեսնելով, որ դոլարային ներարկումներով հնարավոր չէ պահպանել դրամի անկումը, ԿԲ-ն գնաց ըստ էության շուկայական հարաբերությունների պահանջին դեմ ճանապարհով: Բանկերին հրահանգվեց վաճառել իրենց պահուստային դոլարները, ինչը կարող էր առեւտրային բանկերի համար մեծ խնդիրներ առաջացնել:
Ուշագրավն այն է, որ, ինչպես միշտ, Հայաստանի արտարժութային շուկան չի արտացոլում այն, ինչ տեղի է ունենում համաշխարհային շուկայում: Համաշխարհային շուկայում ամերիկյան դոլարը կայունացել է ու արդեն վերադարձել է եվրոյի նկատմամբ 7-8 ամիս առաջվա դիրքին, եւ, այսօր այն տատանվում է մեկ եվրոն 1,33-1,34 դոլարի սահմաններում:
Հայաստանում տեղի ունեցավ ճիշտ հակառակ գործընթացը. անցյալ շաբաթ դոլարն արժեւորվեց, իսկ այս շաբաթ` արժեզրկվեց: Թեեւ, մեր պաշտոնյաները արդեն իսկ գտել են դրա արդարացումը, եւ անցյալ շաբաթվա դոլարի «հաղթարշավը» մեկնաբանում են՝ որպես սուբյեկտիվ գործոն ու սպեկուլյատիվ գործարքների հետեւանք: Այս բացատրությունն այնքան էլ միանշանակ չի կարելի ընդունել, քանի որ դոլար-դրամ փոխարժեքի սպեկուլյատիվ գործողությունների արդյունքում Հայաստանում միշտ էլ արժեզրկվել է ոչ թե դրամը, այլ` դոլարը: Թերեւս արժե հիշել 3 տարի առաջ դրամի կտրուկ արժեւորման դեպքը, երբ դոլարի գինը նվազեց մինչեւ 270-280 դրամ: Իսկ ներկայումս, երբ արտերկրից ստացվող արտարժութային փոխանցումները մոտ 35 տոկոսով նվազել են, իսկ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ներմուծումը մոտ 5 անգամ գերազանցել է արտահանմանը, դրամի արժեւորման այս խաղը չի տեղավորվում «սպեկուլյատիվ գործարքների» տրամաբանության մեջ:
Այս պահին դրամի անսպասելի արժեւորման ամենախելամիտ բացատրությունը թերեւս մարտի 21-ին սկսված մուսուլմանական Նոր Տարին է` Նովրուզ բայրամը: Վերջին տարիներին Իրանի շատ ու շատ քաղաքացիներ ավանդույթ են դարձրել 13 օր տեւող այդ տոնը անցկացնել Հայաստանում, եւ այստեղ են ժամանում ընտանիքներով, մեծ ընկերախմբերով: Այս օրերին մայրաքաղաքի փողոցներում կարելի է տեսնել հազարավոր իրանցի զբոսաշրջիկների, որոնց համար մեր երկիրը էժան հանգստի վայր է` առաջին հերթին՝ տրանսպորտային ծախսի առումով: Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, հստակ վիճակագրություն չկա, սակայն, մոտավոր հաշվարկներով՝ անցյալ տարի այս տոներին այցելել է մոտ 15 հազար իրանցի զբոսաշրջիկ: Այս տարի, տարբեր գնահատականներով, Հայաստան ժամանած իրանցիների թիվը մի քանի անգամ ավելի է: Հասկանալի է, թե Հայաստանի նման փոքր երկրի համար ինչ մեծ նշանակություն ունի միանգամից 15 հազար եւ ավելի զբոսաշրջիկի այցը: Բնականաբար, այս մի քանի օրը առեւտրականների, վարձով բնակարանների տերերի, սպասարկման օբյեկտների ու խանութների սեփականատերերի համար փող աշխատելու լավ ժամանակահատված է:
Եթե մեր երկիր ժամանած յուրաքանչյուր իրանցի զբոսաշրջիկ այստեղ ծախսի միջինը 20-25 դոլար, ապա դա նշանակում է, որ մեր արտարժութային շուկա է մտնում օրական ավելի քան 350 հազար դոլար, որն էլ, անշուշտ, լրացնում է նախորդ շաբաթ առաջացած դոլարի դեֆիցիտը: Ահա թե ինչու դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 412-ից չբարձրացավ, այլ` կտրուկ անկում ապրեց: Այսինքն` այս անգամ դրամի արժեզրկումը կանխվեց ոչ թե Կենտրոնական բանկի միջամտության ու ճիշտ դրամավարկային քաղաքականության, այլ` պարսիկների շնորհիվ: