Կոնգրեսականների կոչը

28/03/2010

Ամերիկացի 27 հանրապետական կոնգրեսականներ ԱՄՆ-ին կոչ են արել աջակցել ԱՄՆ-Լեռնային Ղարաբաղ երկխոսությանը, ավելացնել ֆինանսական օգնությունը Հայաստանին ու ԼՂՀ-ին: Հայաստանի աջակցության խմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնի գլխավորությամբ հանրապետականները նամակ են հղել ԱՄՆ Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Նիտա Լոուին եւ ենթահանձնաժողովի անդամ, բարձրաստիճան հանրապետական Քեյ Գրենգերին, որով հորդորում են Հայաստանին եւ ԼՂՀ-ին ցուցաբերվող 2011թ. արտաքին հատկացումների ծրագրում ներառել մի քանի կետեր, որոնք կօգնեն ամրապնդել ԱՄՆ-ի հարաբերությունները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ: Նամակի հեղինակներն առանձնացրել են Հայաստանին ու ԼՂ-ին ցուցաբերվող ֆինանսական օգնության վեց գերակա ուղղություններ: Նրանք կոչ են արել 2011թ. Հայաստանին հատկացնել 70 մլն դոլար, իսկ USAID-ին հանձնարարել 10 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղի հումանիտար եւ զարգացման ծրագրերի համար: Նաեւ կոչ են անում սահմանափակել ԱՄՆ ֆինանսական հատկացումները Ադրբեջանին, պահպանել Հայաստանին ու Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնության հավասարությունը: Հանրապետականները Նիտա Լոուին եւ Քեյ Գրենգերին հորդորել են խթանել երկխոսությունն ու մտքերի ազատ փոխանակումը ԱՄՆ պաշտոնյաների եւ Լեռնային Ղարաբաղի` ժողովրդավարական ուղիով ընտրված ղեկավարության միջեւ, ինչպես նաեւ վերացնել երկկողմ ազատ շփումը խոչընդոտող բոլոր սահմանափակումները: ԱՄՆ կոնգրեսականները նաեւ ենթահանձնաժողովի նախագահին ու բարձրաստիճան հանրապետականին կոչ են արել հորդորել Ադրբեջանին նպաստել փոխվստահության կառուցմանն ուղղված միջոցառումների իրագործմանը, որոնք կարող են խթանել կողմերի միջեւ հաղորդակցությունը եւ օգնել կարգավորել ԼՂ հակամարտությունը:Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ` 2010թ. Արտաքին ֆինանսական հատկացումների շրջանակներում Հայաստանին հատկացվել էր 41 մլն ԱՄՆ դոլար, Լեռնային Ղարաբաղին` 8 մլն ԱՄՆ դոլար: