Միայն հունվարի 29-ին՝ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի Հայաստան կատարած պաշտոնական այցի օրը, ՀՀ քաղաքային իշխանությունները հասկացան, որ Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայից բացվող համայնապատկերը Երեւանին վայել մուտք չէ:
«Այստեղ պետք է էլիտար թաղամաս կառուցել»,- հայտարարեցին նրանք` «չնկատելով» նույն պողոտայի սկզբնամասը, որը Երեւանի մուտքը «զարդարում» է խաղատներով ու կահույքի բացօթյա խանութներով: «Սարդարի այգիները կպահպանվեն իբրեւ Ազգերի համագործակցության տարածք, բլրի գագաթին կտեղակայվի մշակութային կենտրոնը, իսկ ստորոտում` բնակելի համալիրը` դպրոցներով, մանկապարտեզներով, անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներով»,- Նորագյուղի բնակիչներին փորձում էին վստահեցնել մեր քաղաքային իշխանությունները:
Երեւանի կենտրոնում գտնվող Նորագյուղ թաղամասի անվանումը գրեթե բոլորին է զարմացնում, անգամ` Նորագյուղ թաղամասի բնակիչներին: «Մենք էլ չգիտենք, թե ինչի՞ են մայրաքաղաքի կենտրոնը Նորագյուղ կոչել: Մենք, մեկ ա, ասում ենք՝ Պասկեւիչի բլուր»,- նշեցին թաղամասի բնակիչները, որոնք անթաքույց ռոմանտիզմով խոսում էին Երեւանի բերդի գրավման մասին: «Այ, հեն ա` նայի՛, Սարդար խանի ամրոցն էր, հիմիկվա Երեւանի կոնյակի գործարանը, ներքեւում մանկապարտեզ կար, որն առաջ Սարդար խանի հարեմի տեղն էր: Իսկ էս թաղամասն ամբողջությամբ անտառ էր: Դե, Պասկեւիչի ժամանակ էլ: Հետո ուզում էին Պասկեւիչի արձանը դնել, բայց հետո, չգիտես ինչի, փոշմանեցին: Բերեցին էս բլրի վրա մի որբ քար դրեցին ու գնացին»,- շարունակեցին նորագյուղցիները: Նրանց ասելով` թաղամասը հիմնադրվել է Հայրենական պատերազմի ավարտից հետո: Ուշագրավն այն է, որ մինչ օրս բնակիչներից շատերը տուն կառուցելիս գտնում են ոսկորներ ու հնամաշ իրեր: «Ինքս գտել եմ ոսկորներ: Դե, մահացած մարդու էին: Երեւի էստեղ էին նաեւ մարդկանց թաղում»,- ասաց թաղամասի բնակիչ Խորենը: Քիչ անց պասկեւիչյան բլրի մոտ հավաքվեցին թաղամասի բնակիչները` հետաքրքրվելով, թե արդյո՞ք իրենց կտեղափոխեն: «Հանդիպման ժամանակ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խոստացավ, որ մի քանի ամսից, նախքան կառուցապատումը, տեղի բնակիչներն առանց փոխհատուցման կտեղափոխվեն»,- ասացին բնակիչները: «44 տարի է` ապրում եմ այս թաղամասում: Ես չեմ ուզում, որ մեր թաղամասը քանդեն: Մեզ ասել էին, որ մարտի 26-ին պիտի գան պայմանագիր կնքեն: Բայց, փաստորեն, չեկան: Ասում են` քաղաքի տեսքին խանգարում է: Ինչի՞ են նոր մտածում: Եթե խանգարում է, թող գան մի մեծ պարիսպ քաշեն, որ չերեւա անվայել տեսքը: Ախր, էլ պետություն չկա, ո՞ւմ հավատանք, ասեք»,- նշեց թաղամասի բնակիչ տիկին Լաուրան: Նրան ի պատասխան, մյուս բնակիչները արձագանքեցին. «Ինչի՞: Այ մարդ, թող գան քանդեն, ինչ ուզում են անեն: Մենակ մեզ լավ տուն տան, ու մենք էս քանդուքարափից պրծնենք: Մարդ ինչքա՞ն կարա էսքան դիք բարձրանա: Էստեղ իսկի տաքսին է դժվար բարձրանում: Իմ էն տարիքը չէ արդեն` էսքան դիք իջնեմ-բարձրանամ, որ գնամ ավտոկայանում մի կալոնկա մաքրեմ»: «Մեր պահանջը միայն էն ա, որ մեզ ապահովեն բնակարաններով, բայց` Կենտրոնում: Մենք էսքան տարի Կենտրոնում ապրել ենք, հո չե՞նք գնալու ծայրամաս: Եթե մեր պահանջը չբավարարեն, մեկ ա` չենք թողնի մեր տները: Իյա՜, կարող ա գան մեզ մեր տներում սպանեն: Ուզում ա Լուժկովը չլինի, Լուժկովի հերը լինի, մեկ ա»,- իրավիճակը բորբոքված ներկայացրեցին բնակիչները: «Հա, բայց ես ինչի՞ պիտի իմ էս լավ տունը թողնեմ-գնամ: Ինձ ոչ մի տուն էլ պետք չի: Բողոքում են միայն նրանք, ովքեր ապրում են խոնավ ու վատ պայմաններով տներում: Մեր կառավարության հետ հույս կապել չի կարելի»,- ասացին բակում հավաքված կանայք` գաղտնի նայելով իրար եւ ասածները հավաստելու համար` գլխով համաձայնության նշան անելով: «Ախր, հասկանո՞ւմ եք, մենք չենք ուզում Բուզանդի փողոցի բնակիչների օրն ընկնենք: Իրենց վիճակը բոլորս էլ հիշում ենք, ինչի՞ եք ուզում, որ հիմա էլ մենք էդ նույն վիճակում հայտնվենք: Պետք չի, թեկուզ մի քիչ նեղ, բայց մենք ուզում ենք ապրել մեր տներում»,- շարունակեց խոսել կանանցից մեկը` նայելով տանիքից թափվող ջրին: «Աղջիկ ջան, նայեք, ասենք, աերոպորտից հյուր են գալիս: Մենք Եվրախորհուրդ ենք մտնում, բա Եվրոպայից գալիս-ասում են` էս ի՞նչ ա վիճակը: 50 թվի պատրաստած շենքեր են: Էս թաղամասը քաղաքի դեմքն ա: Հիմի տեսեք` ի՞նչ ա կատարվել` դրսից եկել են, ասել են՝ քաղաքի կենտրոնում ուզում են բիզնես կենտրոն բացել: Դե իրենց էլ առաջարկել են մեր թաղամասը, ասել են` էս ա, վերցրեք, ինչ ուզում եք՝ արեք»,- ասաց պարոն Իշխանը` մատնացույց անելով բլրից բացվող տեսարանը: «Մեծ հարսս, գիտե՞ս` ինչի ա գնացել իմ մոտից: Էս գնալ-գալու պատճառով»,- ավելացրեց զրուցակիցներից մեկը` հանգամանորեն ներկայացնելով իրենց կենցաղային պայմանները: Բնակիչների փոխանցմամբ, դեռեւս 5 տարի առաջ ջրամատակարարումը կատարվում էր ոչ կանոնավոր, իսկ թաղամասի բարձրադիր հատվածում մինչ օրս գազիֆիկացում չի կատարվել: «Էսօր լավ ա: Օրական 4 ժամ ջուր ենք ստանում: Միայն առավոտները` 7-ից սկսած: Այսինքն` եթե առավոտը հասցրեցիր ջուր վերցնել, լավ ա, եթե չէ` օրդ պռավալ կլինի»,- սեփական կենսապայմանների նկատմամբ հաշտ ու խաղաղ մոտեցումներով խոսում էին բնակիչները: «Լսի՛, հիմի, եթե ես ինձ համար «Համեր» առնեմ, դրանից քեզ ի՞նչ օգուտ, ասա՛,- արձագանքեց բնակիչներից մեկը` մաքրելով մեքենան,- Պատասխանի: Հիմի էդ նույնը չի՞. եթե, ասենք, էստեղ գան էլիտար թաղամաս կառուցեն, քեզ ի՞նչ օգուտ կամ մեզ ի՞նչ օգուտ: Ոչ մի օգուտ: Օգուտն էն մարդունն ա, ով կառուցելու ա: Իսկ էս թաղամասն ինչ կառուցվել ա, նման խոսակցություններ եղել են»: «1970-ական թթ. կար էսպիսի խոսակցություն: Մեզ միշտ ասում են, որ գալու են քանդեն տները, բայց դե դա էդքան էլ իրական չէ: Հիշում եմ, նույնիսկ դեպք էր եղել, երբ մեր թաղամասում տուն էին քանդել` ներսում ապրողներին չզգուշացնելով»: «Ի՛նչ էլ լինի, մեկ ա` մեր մասին դժվար թե մտածեն: Եթե իրենք ուզեն մի օրում սարքեն, ու մենք համաձայն չլինենք, մեզ չեն էլ նայի: Էս չի՞ մեր իրականությունն, ասա՛»,- Նորագյուղի վերնասլաց ճանապարհին խոր հոգոց հանելով՝ նշեց մեկ այլ բնակիչ: Հետաքրքիրն այն է, որ սեփական ճակատագրի մասին խոսելիս նորագյուղցիներն այնքան անտարբեր էին, կարծես, իսկապես, խնդիրը հարեւանի «Համեր» գնելու մասին է: Ու ցավալին այն է, որ բնակիչներից շատերն իրենց կարծիքները հայտնում էին վախով` անգամ իշխանություններին գովելիս: «Կառավարությունն էլ տեղ չի թողել ապրելու»,- Նորագյուղի ետդարձի ճանապարհին եզրափակեցին թաղամասի բնակիչները: