Երեկ Անկարայում կայացել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ երկրի հայ համայնքի ղեկավար, Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլու հանդիպումը: Հանդիպումից հետո Շիրինօղլին պատասխանել է լրագրողների հարցերին: Ըստ «Ազատության», «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հատտեճյանի փոխանցմամբ, Շիրինօղլին ասել է, թե եկել է վարչապետին հատուկ շնորհակալություն հայտնելու, քանի որ 8 կալվածքներ վերադարձվել են հայկական համայնքին: Լրագրողները Էրդողանին հարցեր են տվել 1915թ. մասին, Էրդողանի վերջին հայտարարությունների մասին: Պետրոս Շիրինօղլին ասել է, թե 1915 թվականին տեղի ունեցածի մասին խոսելիս չէր ցանկանա օգտագործել «ցեղասպանություն» բառը: Նա ասել է, որ անշուշտ, գիտե, որ շատ անախորժ դեպքեր են տեղի ունեցել, երկու կողմերն էլ տառապել են, բայց «հին դեպքերը քրքրելը լավ չէ», ու վստահություն է հայտնել, որ վարչապետ Էրդողանին ու Հայաստանի նախագահ Սարգսյանին կհաջողվի ելք գտնել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար: Փոխանցելով Պետրոս Շիրինօղլու խոսքերը` Ռոբեր Հատտեճյանն ասել է, որ նա «պետք է խոսեր խոհեմ ու հեռատես կերպով, ինչը եւ արեց»: Թուրքիայում անօրինական բնակվող հայաստանցիներին վտարելու` Էրդողանի հայտարարության մասին Պետրոս Շիրինօղլին ասել է, թե գիտեին, որ հայաստանցիներին վտարելու մասին Էրդողանը «սրտանց չի խոսել. իր սրտի եկածը այդ չէր»: «Մինչեւ հիմա որեւէ վարչապետ մեզ հետ՝ ազգային փոքրամասնությունների հետ, այդքան մոտ չէ, որքան Ռեջեփ Էրդողանը»,- ասել է Շիրինօղլին: