Հայաստանի հարցով ԵԽ ԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի ու Ժորժ Կոլումբիեի ողջույնները ՀՀ իշխանություններին, ամենեւին չեն ոգեւորում Մարտի 1-ի փաստահավաք, լուծարված խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանին: Հիշեցնենք, որ համազեկուցողները ՀՀ իշխանություններին ողջունել են` մարտիմեկյան բռնությունների հետեւանքները վերացնելուն ուղղված բարեփոխումների ժամանակացույց ներկայացնելու իրենց կոչին արձագանքելու համար: «Պրեսկոտն ու Կոլումբիեն բազմիցս եկել են, ողջունել են իշխանություններին` ակնկալելով, որ նրանք ինչ-որ բան անեն: Կյանքը ցույց տվեց, որ իշխանությունները զբաղված են միայն իմիտացիայով»,- «Ա1+»-ին ասել է Անդրանիկ Քոչարյանը` հիշեցնելով, որ 2008թ. մարտի 1-ի սպանությունները մնում են չբացահայտված, իսկ Փաստահավաք խմբի զեկույցները, որոնք պարունակում էին սպանությունները բացահայտելու համար փաստացի տվյալներ, մնացին թղթի վրա: «Հիմա էլ Պրեսկոտն ու Կոլումբիեն ուրախանում են, որ իշխանություններն իրենց ժամանակացույց են ներկայացնելու: Դա Դավիթ Հարությունյանի հերթական իմիտացիան է` բարեփոխումներ կամ «Ճանապարհային քարտեզ» անվան տակ, որն, ըստ էության, որեւէ արդյունքի չի բերելու»,- վստահեցրել է Քոչարյանը: Իսկ 10 սպանությունների չբացահայտման հարցում Անդրանիկ Քոչարյանը տեսնում է նաեւ Պրեսկոտի ու Կոլումբիեի մեղքի բաժինը. «Եթե նրանք բացասական էին գնահատում Նիկոյանի զեկույցը, ապա դրանից հետո պետք է առաջարկներ անեին: Հերթական ակնկալիքներով մեր ժողովրդին, մեր հանրությանը խաբկանքի մեջ դնելը նրանց կողմից համարում եմ ոչ պարկեշտ քայլ»: