Անտեղի է

28/03/2010

Պատասխանելով «news.am»-ի հարցին, թե` համապատասխանո՞ւմ են իրականությանը այն լուրերը, թե Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ իր մասնակցությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին պայմանավորվածություն է ձեռք բերվել ցեղասպանության վերաբերյալ քննարկումների մասին, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը պատասխանել է. «Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի նախկին ԱԳ նախարարն այդպիսի բան կարող էր ասել: Սակայն, եթե դա իրականություն է, ապա դա առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ ես ներկա եմ եղել այն հանդիպումներին, որոնց արդյունքում սկսվել եւ շարունակություն է ստացել հայ-թուրքական կարգավորման գործընթացը, երբ որեւիցե պայմանավորվածություն ցեղասպանության եղելության քննարկման մասին չի եղել: Թե ՀՀ նախագահը, թե ԱԳ նախարարը բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ ՀՀ-ն երբեւէ հարցականի տակ չի դրել եւ չի դնելու ոչ ցեղասպանության փաստը, ոչ էլ դրա միջազգային ճանաչման կարեւորությունը: ՀՀ ԱԳ նախարարն այդ մասին հայտարարել է անգամ 2008թ. նոյեմբերին Ստամբուլում` Թուրքիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Բաբաջանի հետ հանդիպումից րոպեներ առաջ: Այսօր այս հարցի շուրջ որեւէ շահարկում անհարիր է եւ անտեղի»: