«Առաջ, որ գնում էինք Մոսկվա-տեղ, մի շիշ կոնյակով ուզածդ հարց լուծող էինք»:
20-րդ դարի հայ անհայտ նախկին երիտասարդ
Ինչպես արդեն հասկացաք, խոսքս սփյուռքահայերի մասին չէ: Իսկ ինչպե՞ս են
իրենց դրսեւորում հայաստանցիներն արտասահմանում: Այս հարցն ունի մի քանի
պատասխան՝ կախված, թե ի՞նչ նպատակով են հայերը գնում արտասահման՝
հանգստանալո՞ւ (կամ, ինչպես շատերն են ասում` «ման գալու եւ աշխարհ
տեսնելու»), կարճատեւ գործուղմա՞ն (ասել է թե՝ բյուջեի փողերով «կայֆավատ
լինելու»), երկարատեւ գործուղմա՞ն (այսինքն՝ ժամանակակից «խոպան»), թե՞
սովորելու (այս հաճույքից վերջին տարիներին կարող են օգտվել «շիշկեքի» կամ
էլիտար բիզնեսմենների երեխաները): Վերոնշյալ խմբերի տարբերության մասին
մենք դեռ կխոսենք, սակայն այս բոլորն ունեն մեկ ընդհանրություն. դրսում,
անկախ իրենց սոցիալական վիճակից, սեռից եւ տարիքից, նրանք դառնում են
«կուռկուռի ձագ» (բացառությամբ` շատ քչերի): Այլ հարց է, թե այդ մարդիկ
վերադարձից հետո բարեկամներին եւ ընկերներին ինչպես են ներկայացնում իրենց
«նվաճումները, հաջողություններն ու արկածները»: Բայց սա արդեն էական չէ,
քանի որ ոչ մի «կզող», եթե նրան այդ դիրքում տեսնող չի եղել, չի պատմի
իրականությունը:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դարձել է
«Ընտանեկան լոտո»-ի մասնաճյուղ, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ 100
դոլարով տոմս են գնում (շատերը` մի քանի անգամ), սակայն շահում են միայն
մի քանիսը (այն էլ մեծ հարց է, թե այդ բաղձալի կնիքն ինչպես է հայտնվում
նրանց անձնագրում): Տարբերությունը միայն մեկն է. լոտոյի հաղորդավարն այդ
կնիքը ձեռքին «տաշի-տուշի»-ով մարզերում չի շրջագայում: Սա եւս մեկ անգամ
ապացուցում է, որ հայերի մեջ մոլի խաղացողների թիվը շատ-շատ է: Ես
հասկանում են, որ Ամերիկան դոլարի հայրենիքն է, բայց դա դեռ չի նշանակում,
որ Գլենդելը երբեւիցե կդառնա հայերի հայրենիքը: Իսկ դա իր հերթին
նշանակում է, որ հայերն այնտեղ միշտ էլ «կզած են» ման գալու:
Խեղճանալու պատճառները մի քանիսն են: Նախ՝ մենք լեզու չգիտենք (ոչ
ռուսերեն, ոչ անգլերեն, իսկ մնացած լեզուների մասին խոսելն անիմաստ է):
Իսկ դա նշանակում է, որ դրսում մենք դառնում ենք ֆաունայի ներկայացուցիչ:
Այսինքն՝ կամ ավանակի նման բեռ ենք կրում, կամ թափառական շան նման սկսում
ենք այստեղից-այնտեղից հաց հայթայթել, կամ ոչխարի նման սպասում ենք, թե
ում մատաղացուն ենք դառնալու, կամ վերնիսաժում վաճառվող կատվի ու թութակի
նման` մեզ գնում Է ինչ-որ մեկը, ում անհասկանալի պատճառներով դուր է գալիս
տվյալ մարդը, ու տանում իր տուն, որ հետո օրը երկու անգամ հաց տա (եթե,
իհարկե, չմոռանա կամ ժամանակ ունենա): Ես ամենեւին չեմ ուզում ասել, որ
Հայաստանում ամեն ինչ լավ է, սակայն այստեղ այդ մարդիկ մյուսների հետ գոնե
խոսում եւ շփվում են իրենց հասկանալի լեզվով: Իսկ խոսելու կարողությունը,
ինչպես գիտեք, այն է, ինչով մարդն առաջին հերթին տարբերվում է մնացած
կաթնասուններից:
Երկրորդ հանգամանքն այն է, որ հայերը գենետիկորեն սովոր չեն հարգել
օրենքը, ինչի հետեւանքով ԱԺ պատգամավորից մինչեւ շարքային քաղաքացին
պարբերաբար «հետաքրքիր պաշտոնական հանդիպումներ են ունենում» տարբեր
երկրների իրավապահ մարմինների հետ, որոնց կաշառելն, ի տարբերություն
«հայրենական արտադրության» իրավապահների, շատ դժվար է, իսկ որոշ
դեպքերում՝ անհնար:
Երրորդ: Մենք ցուցամոլ ենք եւ «թիթիզ»: Այս առիթով չեմ կարող չհիշել «ՇԱՐՄ»-ի հանրահայտ հումորներից մեկը.
– Կակ օտլիչիտ արմյանինա վ տոլպե?
– Պոդոժդիտե 2-3 մինուտի, օն սամ օտլիչիտսա.
Իսկ ժամանակակից աշխարհը, որը գնում է դեպի գլոբալիզացիա, որտեղ
Եվրամիությունն ու Միացյալ Լատինական Ամերիկան արդեն ոչ թե հեքիաթ են, այլ
իրականություն, չի ներում «տարբերվողներին» եւ ուզում է բոլորին տեսնել
հավասար:
Եվ վերջապես` չորրորդ. մենք, կներեք արտահայտությանս համար, չտես ենք: Սա
դեռ դժբախտության կեսն է: Մենք ոչ միայն չտես ենք, այլեւ չենք էլ ուզում
տեսնել: Որովհետեւ, եթե Հարվարդի համալսարանն ավարտած Հայաստանի ԱԳ
նախարար Վարդան Օսկանյանն ասի, որ մենք հարյուր տարի կարող ենք ապրել եւ
զարգանալ առանց սահմանները բացելու, իսկ դա իր հերթին նշանակում է՝
չտեսնել եւ չշփվել ուրիշների հետ, ինչ կարելի է պահանջել մնացածներից:
Քիչ էր մնում մոռանայի, որ ես լավատես եմ: Այնուամենայնիվ, քանի որ
մենք Երկիր մոլորակի վրա ամենասփռված ազգերից մեկն ենք (եւ դեռ
շարունակում ենք սփռվել), հետեւաբար մնացած ազգերը մեզ այնքան էլ վատ չեն
ընդունում: Ես միայն կցանկանայի (ասեմ ավելին, ես համոզված եմ), որ մեր
Երրորդ Հանրապետության քաղաքացիները, մեկնելով այլ երկրներ, երբեք
չփոշմանեն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, եւ իրենց հպարտ զգան
ինչպես Հայրենիքում, այնպես էլ արտասահմանում:
Արտասահմանից նոր վերադարձած՝ Ա.Ք.