Հանձնաժողով, ստորագրահավաք, ճյուղ, մասնաճյուղ, փակ ու բաց նամակներ, լուռ ու աղմկոտ ամբիցիաներ

28/03/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Այն փաստը, որ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի գեղղեկի հարցը փորձաքար է լինելու թատերական աշխարհի համար, պարզ էր դեռեւս 2 տարի առաջ, երբ ՀՀ Մշակույթի նախարարը հայտարարեց, որ լուծարում է այդ պաշտոնն ու ցանկանում է թատրոնը հռչակել որպես ազատ բեմ: Անցավ ժամանակ, որի ընթացքում գեղղեկի պաշտոնի համար հարմար ռեժիսոր-թեկնածուներին ներկայացումներ անելու հնարավորություն տրվեց: Նրանք արեցինք: Հետո հարց ծագեց` բա հիմա ո՞վ: Պարզ է, որ նախարար Հասմիկ Պողոսյանը` «Արեք ներկայացումները, հետո մենք կտեսնենք» հարցադրում-չափորոշիչն առաջ քաշելով, «կրակն ընկավ» եւ մնացածին էլ «կրակը գցեց»: Համենայնդեպս, նա իր հեռուստահարցազրույցում հայտարարեց, որ փնտրում է տաղանդավոր սուբյեկտի` թատրոնի գեղղեկ դարձնելու համար: Փնտրում է, բայց չի գտնում: Եթե անձամբ Մշակույթի նախարարն է Մայր թատրոնի գեղարվեստական առաջնորդին ընտրելու, ապա նրան, իրոք, չես նախանձի, քանի որ նրա ցանկացած որոշում էլ ավելի մեծ դժկամությամբ կընդունվի, քան ներկայիս` օդից կախված ու ինտրիգներով ու հայհոյանքներով լի իրավիճակը:

Ըստ օրենքի` թատրոնի գեղարվեստական ղեկավարին ընտրում է նույն թատրոնի տնօրենը (քանի որ թատրոնները համարվում են ՊՈԱԿ-ներ), իսկ տնօրենին նշանակում կամ հեռացնում է Մշակույթի նախարարությունը: Սակայն, քանի որ ոչ ոք չի հանդգնի թատրոնը պարզապես ոչ առեւտրային կազմակերպություն անվանել, ապա տնօրենը չի համարձակվի միանձնյա` առանց նախարարի հետ համաձայնեցնելու՝ գեղարվեստական որակի համար պատասխանատու անձ ընտրել: Եթե դա անի` նրան աշխատանքից կհեռացնեն: Համենայնդեպս, անկախ Հայաստանի պատմության մեջ նման նախադեպ եղել է, երբ Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Լեւոն Աբրահամյանը հեռացրել է գեղղեկ Արմեն Մելիքսեթյանին, իսկ հետո նախարարը հենց իրեն է աշխատանքից ազատել: Ընդունված է համարել, որ տնօրենը միայն կոմունալ, շինարարական, ֆինանսական հարցերի լուծողն է, այլ ոչ թե թատերական պրոցեսի կազմակերպիչը: Այդպես էլ շարունակվում է, թեեւ օրենքը պարտադրում է տնօրեն-մենեջերին ավելի մեծ դերակատարություն տալ` նրա գործառույթների դաշտում տեղավորելով մասնագետների հրավիրումը, բեմադրությունների պատրաստումն ու թատրոնի «արտադրանքի» քարոզումն ու «վաճառքը»: Սակայն նման տնօրեններ չկան: Եվ ուռճացված, անղեկ վիճակում գոյատեւող Սունդուկյանի թատրոնում արհեստականորեն պայթյունավտանգ մակերես ստեղծվեց զուտ այն պատճառով, որ այսքան ձգձգվեց գեղղեկի ընտրությունը: Վերջերս Սունդուկյանի թատրոնում տեղի ունեցան 2 պրեմիերաներ` Արմեն Էլբակյանը բեմադրեց «Մուսա լեռան 40 օրը», իսկ Արմեն Մազմանյանը` ըստ Տոնինո Գուերայի պոեմի՝ բեմադրեց «Մեղրը»: Շուտով նաեւ Վահան Բադալյանի «Մակբեթի լեգենդի» պրեմիերան կլինի: Առաջին երկու բեմադրությունների հեղինակները համարվում էին գեղղեկի ամենահարմար թեկնածուները: Թեեւ, երբ խոսվում է նոր ուժի, նոր մտքի ու կամքի մասին, ապա լավագույն փոփոխությունն ունակ էր անել հենց երիտասարդ Վահան Բադալյանը, որին «քարտ բլանշ» տալով (այսինքն` թույլ տալով անել այն, ինչը նպատակահարմար է համարում հենց ինքը), հնարավոր էր «ժանգոտած» ու «նեխած» Սունդուկյանի թատրոնի կառույցը թարմացնել: Սակայն Վահան Բադալյանը հենց ինքը չի ուզում իր գլուխը դնել Մայր թատրոնի գիլյոտինի տակ` շատ լավ հասկանալով, որ առաջացած խնդիրները դուրս են ստեղծագործական ոլորտից:

Հիմա եկել է այն պահը, երբ հարցի բուն իմաստն ու կոնտեքստներն այնքան են շեղվել, անձնավորվել ու մանրացել, որ ցանկացած խոսք կարող է հրդեհ առաջացնող կայծի դեր կատարել: Համենայնդեպս, այդպիսի կայծի դեր կատարեց Հայաստանի Թատերական գործիչների միության 32 անդամների կողմից կազմված նամակը, որով առաջարկվում էր Սունդուկյանի գեղղեկի պաշտոնում տեսնել Արմեն Էլբակյանին: Նամակի հեղինակները տարեսկզբին գնացին նախարարի մոտ, ասացին իրենց ցանկության մասին, նախարարը լսեց ու 2 ամիս ժամանակ խնդրեց` մտածելու համար: Անցավ 3 ամիս, իսկ լռությունը շարունակվում է` էլ ավելի սրելով իրավիճակն ու հասցնելով այն աբսուրդի թատրոնին բնորոշ սյուրռեալիստական իրականությանը (չգիտենք` թե ինչի՞, բայց համառորեն սպասում ենք): Նման անհեթեթ իրավիճակում ոչ մեկի նյարդերը դիմանալ չէին կարող (աբսուրդը լավ բան է, բայց ոչ համատարած):

Առաջինը չդիմացավ Արմեն Մազմանյանը, մի մարդ, որին անվերապահորեն կարելի է լավագույն հայ ռեժիսորներից մեկը համարել, որը ժամանակին «ճեղքեց» խորհրդային հայ թատրոնը Պիրանդելլոյի պատվածքի փայլուն բեմադրությամբ (նաեւ Համլետի դերակատարմամբ, որն, ավաղ, շատ քիչ մնաց Կամերային թատրոնի խաղացանկում): Ի դեպ` Արմեն Մազմանյանը Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ամենապատասխանատու ու գիտակ դասախոսներից է, եւ նրա ղեկավարած դերասանական կուրսերը որակյալ շրջանավարտներ են տալիս: Նա, ի տարբերություն մյուս ռեժիսորների, չի զլանում ամեն օր աշխատել իր ուսանողների հետ: Մի քանի տարի առաջ տեսնելով նրա կուրսի դիպլոմային աշխատանքը (ըստ Խուլիո Կորտասարի), կարող եմ վստահ ասել, որ այդ աշխատանքը մի քանի գլուխ ավելի բարձր էր, քան շատ պետական թատրոնների արածը: Եվ հիմա Ա. Մազմանյանը, ով բեմական տարածք կառուցող եզակի պրոֆեսիոնալներից է, անիմաստ ու տգեղ իրավիճակում է հայտնվել: Սունդուկյանական բեմում ցուցադրած նրա «Մեղրը» լավ չի ստացվել ու վատ արձագանքների է արժանացել, իսկ ներկայացման հեղինակը` շիկացած կեցվածքով իր ներկայացման ընդունումը «դավադրության» ու «անձնավորված ատելության» արդյունք է անվանում: Նա նշում է, որ գոհ է իր բեմադրությունից (թեեւ, իհարկե, ավելի ազնիվ կլիներ, եթե ասեր հակառակը), իսկ Ա.Էլբակյանի «Մուսա լեռը» անվանում է «ակումբային սիրողական թատերախմբի ներկայացում»: Այս պայմաններում ու մթնոլորտում արված բեմադրություններից եւ ոչ մեկը չէր կարող լավը լինել: Դա շատ լավ հասկանում են եւ Մազմանյանը, եւ Էլբակյանը: Չի հասկանում, թերեւս, միայն Մշակույթի նախարարը:

Հավաք, ստորագրահավաք, կարծիքահավաք

Պետական կառույցներում նստած ինչ-որ անտեսանելի «ռեժիսոր» սխալ դերաբաշխում է արել ու պայքարողի դեր տվել այն մարդկանց, որոնք ոչ թե բախում հրահրող են, այլ` բախման զոհ են: Եվ ստացվում է, որ մարտահրավերի ձեռնոցը նետվել է ոչ թե մարտի դաշտում (բեմում), այլ խուլ ու մութ հանդերձարանում, որտեղ նույնիսկ չի էլ երեւում, թե դիմացդ ո՞վ է կանգնած, եւ ո՞ւմ հետ պետք է մենամարտես: Նաեւ` հասկանալի չէ, արդյոք մենամարտե՞լ է պետք, թե՞ լավ է հրաժարվել պայքարից: Ազատ ոճի նման պայքարին դերասան, ռեժիսոր, «Էդգար Էլբակյան» թատրոնի հիմնադիր-ղեկավար Արմեն Էլբակյանը հաստատ չէր ցանկանա մասնակցել, քանի որ, ինչպես ասում է Ա.Մազմանյանը` այդ պայքարը «տրորում եւ կեղտոտում է մարդկանց»: Ու թեեւ Մազմանյանը դա ասում է իր մասին, սակայն այդ խոսքերը կիրառելի են բոլորի նկատմամբ:

«Հոգնեցինք, այլեւս չեմ ուզում խոսել ոչ Մազմանյանի, ոչ էլ Սունդուկյան թատրոնի մասին: Հիմա բոլորս հասարակության բերանում ծամոն ենք դարձել: Դա սխալ է»,- ասում է Ա.Էլբակյանը` շարունակելով փոքր, կիսաքանդ ու ցուրտ, բայց շատ ազնիվ աշխատող իր թատրոնում նոր բեմադրություններ անել:

Խոսելով ՀԹԳՄ-ի նամակ-առաջարկի մասին, Ա.Մազմանյանն ասել է. «Չէր կարելի ընկնել ու 37 թվի նման ստորագրահավաք կազմակերպել, թե` դարձրեք ինձ Սունդուկյանի գեղղեկավարգ Ստորագրություններով բերված մարդն արդեն ազատ չի ստեղծագործելու»: ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը հակադարձում է. «Այն մարդը, ով մեջտեղ բերեց «ստորագրահավաք» բառը, ինքն է մնացել 37 թվականում: Եթե մեզ ստորագրահավաք կազմակերպելու մեջ են մեղադրում, ուզում եմ ասել, որ միությունը դեկտեմբերի 23-ին հրավիրած իր նիստի ընթացքում ինքնաբուխ է այդ նամակը կազմել: Մենք կարծում ենք, որ Արմեն Էլբակյանի թեկնածությունն ամենատրամաբանականն է: Եվ թող որոշ մեր ընկերներն իրենց պատերով չտան, այդ նամակը որեւէ մեկի դեմ չէ»: Իհարկե, անհասկանալի է, թե ինչպե՞ս են իրար հետ համագործակցում միությունն ու նախարարությունը: Հ.Ղազանչյանը նշում է, որ իրենք փորձում են համագործակցել, սակայն դա այդքան էլ հեշտ չէ: «Ցավոք, շատ մարդիկ սխալ կարծիքներ են ներկայացնում նախարարին եւ ավելի են սրում իրավիճակը: Մենք գիտենք, թե ովքեր են դա անում»,- ասում է նա: Իսկ թե ի՞նչ է Սունդուկյանի թատրոնից իրականում ուզում նախարարը, Հ.Ղազանչյանն այսպես է մեկնաբանում. «Նախարարը գտնում է, որ եթե մենք այսքան սպասել ենք, ուրեմն պետք է սպասենք, մինչեւ բոլորն անեն իրենց բեմադրությունները: Այդ մտքին մենք միշտ հակառակվել ենք` համարելով, որ բեմադրությունը չի կարող չափանիշ լինել, քանի որ լավ բեմադրություն անելը մի բան է, իսկ լավ գեղարվեստական ղեկավար լինելը բոլորովին այլ բան է: Եվ եթե բեմադրիչը մեկ անգամ սխալ է անում իր աշխատանքը, դա չի նշանակում, որ նա դրանով ջնջում է իր կենսագրությունը»: Ի դեպ` Ա.Մազմանյանը դեմոնստրատիվ երդվել է, որ չի ցանկանում Սունդուկյանի գեղղեկի պաշտոնը զբաղեցնել, Ա.Էլբակյանն էլ 2 տարի տեւող «ծամոն-էպոպեան» առաջարկում է այլեւս չծամել: Իսկ ի՞նչ է առաջարկում նախարարը` անհայտ է:

Հ.Գ. Երեկ «Էդգար Էլբակյան» թատրոնում պրեմիերա էր: Հանդիսատեսին ներկայացվեց Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբարը», որը «Թյուրիմացության շքահանդես» անվանումն էր ստացել: Այդ բեմադրության մեջ շատ հետաքրքիր դեր ուներ երգիչ ու հաղորդավար Արսեն Գրիգորյանը, որը ակտիվորեն գործող ու ցանկացած իրավիճակին հարմարվող իրավաբանի փայլուն կերպար էր ստեղծել: Նրա փաստաբան Օգսենը դիպուկ ցուցադրում էր, թե ինչպես են հարցեր լուծվում` ճյուղերում, մասնաճյուղերում, մանր ու մեծ հանձնաժողովներում: Եվ նրա կերպարը շատ ավելի արդիական էր, քան անմեղ` «թյուրատեսության» զոհ դարձած ծերուկ Բաղդասարը (Վանիկ Մկրտչյանի զգացական կատարմամբ): Բաղդասարը օրը ցերեկով, «բարդակ» դարձած տանը քրիստոնյաներ է որոնում, իսկ Օգսենը` «բարդակում» ապրել է սովորում: Նույնն էլ խորհուրդ է տալիս մյուսներին: Եթե նույնիսկ ռեժիսոր Ա. Էլբակյանը ցանկացել էր այլ շեշտադրումներ անել, սակայն բեմադրությունը` անկախ կյանքով ապրելով, «հնչեց» հենց այդ կոնտեքստում: Թատրոնն ընդհանրապես կոնտեքստներ ստեղծող հարթակ է: Պարզապես չի կարելի բեմն ու կուլիսները տեղերով փոխել, քանի որ այդ դեպքում ոչ միայն կոնտեքստները, այլեւ իմաստներն են կորչում: