Վառելիքի եւ բնական ու հեղուկ գազի ոլորտներից հետո շաքարավազի
շուկային անդրադառնալը կարող է փոքր-ինչ տարօրինակ թվալ, քանի որ մի շարք
այլ բնագավառներ տնտեսության համար ավելի մեծ նշանակություն ունեն, քան
շաքարավազը: Սակայն այս ոլորտն «արտահերթ» կարգով ներկայացնելու որոշման
պատճառն այն է, որ շաքարավազի շուկան այն քչերից է, որտեղ գործում է
մենաշնորհ՝ բառի ամենադասական իմաստով: Այսինքն, ժողովրդական լեզվով ասած՝
«ծանր» ոլորտների շարքը փորձելու ենք «շաքարով կտրել»:
Եթե այլ ոլորտներում, որտեղ եւս իրականում մենաշնորհին մոտ դիրքեր
ունեցողներ կան, գոնե ձեւականորեն գործում են 1-ից ավելի ընկերություններ,
ապա շաքարավազի պարագայում ավելորդ ձեւականություններին չեն հետեւել.
արդեն 7-8 տարի ՀՀ-ում շաքարավազի ներկրման առյուծի բաժինը պատկանում է
մեկ անձի՝ գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Հենց նա էլ
լինելու է «դժվար կայացած ազգային բուրժուազիայի» հերթական հերոսը:
Շաքարավազի շուկան` ինչպես որ է
Մինչ այս ոլորտի ներկայիս հիմնական դերակատարին անդրադառնալը,
ներկայացնենք շաքարավազի շուկայի ձեւավորման ժամանակագրությունը:
Շաքարավազը կենսական նշանակություն ունեցող ապրանքատեսակ է եւ հացի,
կենդանական յուղի հետ միասին ընդգրկված է պարենային զամբյուղում: Ուստի,
եթե մյուս ապրանքների գծով տարանջատում ենք տվյալ շուկայի ձեւավորման
սկզբնական փուլը, ապա շաքարավազի դեպքում նման մոտեցումը ճիշտ չէ: Քանի որ
շաքարավազը մտնում է մարդկանց «օրապահիկի» մեջ, դրա պահանջարկը բավարարվել
է՝ անկախ շուկայի կարգավորման հանգամանքից: Այնպես որ, անմիջապես
անկախացումից հետո շուկայում հայտնվեցին շաքարավազ ներմուծող եւ իրացնող
տասնյակ անհատներ ու ընկերություններ: Առաջ անցնելով նշենք, որ ներկայումս
շաքարավազի շուկայի հիմնական մասնակից Սամվել Ալեքսանյանը եւս այս
ոլորտում իր գործունեությունը սկսել է հենց 1990-ականների սկզբին:
Բնականաբար, տարիների ընթացքում, եւ օբյեկտիվ (շուկայական), եւ սուբյեկտիվ
(անձնական) պատճառներով շուկայի մասնակիցների թիվը կրճատվեց, ընդհուպ`
մինչեւ այսօրվա վիճակը, երբ շուկայում, ըստ էության, գործում է մեկ
սուբյեկտ:
Որպես առաջին անհրաժեշտության սննդամթերք, բնականաբար, կարեւոր են
շաքարավազի որակական հատկանիշները: Միշտ խոսակցություններ են եղել այն
մասին, որ ՀՀ ներկրվող շաքարավազը տեղում որակական փոփոխության է
ենթարկվում, մասնավորապես՝ քաշը ավելացնելու նպատակով շաքարավազը
խոնավացվում է, արդյունքում` նվազում է նրա օգտակարությունը: Իհարկե,
տեխնոլոգիական առումով գոյություն ունեն շաքարի մոտ 10 տեսակներ, սակայն
ՀՀ ներկրվում է հիմնականում 2 տեսակի շաքարավազ, ինչի տարբերությունը
երեւում է դրանց գնից:
Ինչ վերաբերում է շաքարի սկզբնաղբյուրին, ապա, ինչպես հայտնի է, այն
ստացվում է ճակնդեղի մշակումից: Որպես շաքարավազի հայրենիք հայտնի են
լատինաամերիկյան երկրները, առավելապես՝ Բրազիլիան, եւ ԱՊՀ որոշ երկրներ՝
Ուկրաինան, Բելառուսը եւ այլն: ՀՀ այսօր շաքարավազ է ներկրվում մեծ մասամբ
Բրազիլիայից եւ Ուկրաինայից, թեեւ 1-2 տարի առաջ ներկրվել է նաեւ
բելառուսական շաքարավազ: Խորհրդային տարիներին ՀՀ-ում եւս եղել են շաքարի
արտադրության գործարաններ՝ Սեւանում եւ Սպիտակում: Վերջինս ավերվել է 1998
թ. երկրաշարժից, իսկ Սեւանի շաքարի գործարանն այսօր աշխատում է չնչին
հզորություններով՝ ապահովելով ՀՀ-ում իրացվող շաքարավազի 0,6 %-ը:
Համեմատության համար նշենք, որ խորհրդային տարիներին տեղական գործարանները
բավարարել են Հայաստանի պահանջարկի 25-30 %-ը: Իսկ գործոնները, որոնց
պատճառով այս գործարանն իր ամբողջ հզորությամբ չի աշխատում, բազմաթիվ են,
սկսած` հումքի ներկրման ծախսերից, վերջացրած՝ թափոնների վերամշակման
տեխնոլոգիաների ու արտադրամասերի բացակայությամբ: Բանն այն է, որ ճակնդեղի
մշակումից, շաքարից բացի, ստացվում են մի շարք «խոտանային» նյութեր, որոնք
եւս մեկ վերամշակման պրոցես անցնելուց հետո օգտագործվում են որպես առանձին
ապրանքատեսակներ: Մասնավորապես, ճակնդեղի մշակումից ստացվում է անասնակեր,
տեխնիկական սպիրտ, որոնց մշակման արտադրական տեխնոլոգիաները ՀՀ-ում կամ
չկան, կամ հնացած են: Իսկ առանց օժանդակ արտադրությունների շաքարի
արտադրությունը տնտեսապես շահավետ չէ: Սակայն ոլորտի մասնագետները
վստահեցնում են, որ անհրաժեշտ ներդրումներ կատարելու դեպքում ՀՀ-ում
շաքարի արտադրությունը հսկայական շահույթ կարող է ապահովել: Այդ դեպքում,
ինչո՞ւ չեն արտադրում: Օրինակ` Սեւանի շաքարի գործարանի տնօրեն Արմեն
Առաքելյանն անցյալ տարի «168 Ժամ»-ին տված հարցազրույցում ասել էր, որ
իրենց պարզապես թույլ չեն տալիս արտադրել՝ ոչ թե ուժային ճանապարհով, այլ
տնտեսական մեխանիզմներով, մասնավորապես՝ մաքսային, մեղմ ասած՝ խտրական
վերաբերմունքով: Ըստ Ա. Առաքելյանի, Կուբայից ներկրվող շաքարի հումքից
սահմանի վրա գանձում են 10% մաքսատուրք` ինչպես պատրաստի շաքարից:
Արդյունքում, ՀՀ-ում շաքարավազ արտադրելն այլեւս ձեռնտու չէ: Գործարանի
սեփականատերերն ակնարկում են, որ դա արվում է շաքարավազ ներմուծող Սամվել
Ալեքսանյանի շահերը պաշտպանելու համար: Իհարկե, վերջինիս պատկանող եւ
շաքարավազ ներմուծող «Flit-Food» (FF) հայ- հնդկական համատեղ
ընկերությունում բացառում են նման հնարավորությունը՝ պատճառաբանելով, որ
իրենց ներմուծման ծավալներն այնքան մեծ են, որ տեղական արտադրությունը չի
կարող վնասել շուկայում FF-ի դիրքերին:
Մի խոսքով, ՀՀ-ում կան շաքարավազի արտադրության բոլոր
հնարավորությունները, եւ ներդրումների դեպքում կարելի է տեղում
կազմակերպել շաքարի արտադրությունը, ինչը մուլտիպլիկատիվ էֆեկտով դրական
ազդեցություն կունենա նաեւ մյուս ճյուղերի, առաջին հերթին՝ ճակնդեղի
մշակման ոլորտի վրա: Նշենք, որ Սեւանի շաքարի գործարանն այսօր
վարձակալության հիմունքով 400 հեկտար ճակնդեղի ցանքատարածություն ունի եւ,
ըստ նրա տնօրեն Ա. Առաքելյանի, կարող է ապահովել ներքին շուկայի 4-5 %-ը:
Պարզապես կյանքը ցույց է տալիս, որ ներկրելն ավելի հեշտ է եւ շահավետ:
Առաջին հերթին՝ ներկրողի համար:
«Քրտինքով» օլիգարխը
Այս բնորոշումը Սամվել Ալեքսանյանի դեպքում պետք է հասկանալ ոչ թե
փոխաբերական, այլ ուղղակի իմաստով: Վերջինս մյուս օլիգարխներից
առանձնանում է նրանով, որ իր ներկայիս կարգավիճակը ստացել, այսինքն՝ խոշոր
գործարար է դարձել երկար տարիների աշխատանքի արդյունքում, ժողովրդական
լեզվով ասած՝ իր քրտինքով: Ասվածը վերաբերում է ոչ թե նրա՝ մոնոպոլիստի
դիրք ստանալուն, այլ մինչ այդ ծավալած գործունեությանը: Քանի որ ոչ միայն
ՀՀ-ում, այլեւ անգամ զարգացած երկրներում մոնոպոլիստ են դառնում ոչ թե
սեփական աշխատանքի շնորհիվ, այլ բացառապես քաղաքական որոշման ու
հովանավորության արդյունքում: Իսկ բոլոր այն հիմնավորումները, թե այս կամ
այն ոլորտում մենաշնորհային դիրքի են հասնում միայն տնտեսական
մեխանիզմներով ու գործարարի առանձնաշնորհյալ տաղանդի շնորհիվ, ոչ թե
տնտեսագիտության, այլ բանահյուսության ժանրից են: Ինչ վերաբերում է Սամվել
Ալեքսանյանի անցյալին, ապա պետք է նշել, որ, ի տարբերություն այսօրվա շատ
խոշոր գործարարների (ովքեր 1990-ականներին լավագույն դեպքում բիզնեսով
զբաղվում էին Ռուսաստանում), նա ՀՀ-ում սկսել է բիզնեսով զբաղվել
ամենածանր տարիներին, մեղմ ասած՝ վտանգավոր պայմաններում: Թեեւ այն
տարիներին կարելի էր կարճ ժամանակում հարստանալ, սակայն նույն
հավանականությամբ կարելի էր 1-2 օրում սնանկանալ: Այնպես որ, էլի ի
տարբերություն շատ օլիգարխների, Սամվել Ալեքսանյանն իր նախնական կապիտալը
կուտակել է աշխատելով որպես միջին գործարար: 1991-94թթ. նա շաքարավազ եւ
կենդանական յուղ՝ կարագ ու ձեթ է ներկրել հիմնականում Իրանից: Այն
տարիներին դա վտանգավոր էր այն առումով, որ հայ-իրանական սահմանում՝
կապված նաեւ ԼՂ պատերազմի հետ, վիճակը բավական անկայուն էր, եւ ամեն
վարորդ չէր դիմում Իրանից բեռներ տեղափոխելու ռիսկին, ինչը մեծացնում էր
բեռնափոխադրման արժեքը: Երեւանի բնակիչները երեւի չեն մոռացել Մալաթիայի
շուկայի մոտ գտնվող նախկին հրաձգարանը՝ «Տիրը», որի տարածքում Սամվել
Ալեքսանյանը բացել է իր առաջին մեծածախ խանութը, որը քաղաքում հայտնի էր
մյուս խանութների համեմատ ապրանքների գների էժանությամբ: Այդ պատճառով
Ալեքսանյանին այն ժամանակ ասում էին նաեւ «Տիրի Սամվել»: Ինչեւէ:
Շաքարավազի շուկայում նա գերիշխող դիրք է ստացել եւ օլիգարխ է համարվում
վերջին հինգ տարիներին: Սամվել Ալեքսանյանը գործարար շրջանակներում
բիզնեսի առանձնահատուկ «նյուխ» ունեցող գործարարի համարում ունի եւ
զբաղվում է ոչ միայն շաքարավազի ներկրմամբ, այլեւ բիզնեսներ ունի
տնտեսության բազմաթիվ ճյուղերում, որոնց կանդրադառնանք այդ ոլորտներին
վերաբերող հրապարակումներում: Իսկ շաքարավազի ոլորտում նրա հիմնադրած FF
ընկերությունն առնվազն վերջին մի քանի տարիներին մենաշնորհ ունի: Ըստ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալների
(ՏՄՊՀ)` 2004 թ. իրացված 62 հազ. տ շաքարավազից 99,4 %-ը պատկանել է
FF-ին: Մնացած 0,6 %-ն արտադրել է Սեւանի շաքարի գործարանը, ինչը չնչին
թիվ է շաքարավազի պահանջարկի կառուցվածքում: Ի դեպ, մեր
տեղեկություններով, Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է շաքարի գործարան
կառուցել Սպիտակում: Ոչ թե խորհրդային տարիներին եղած եւ ավերված նախկին
գործարանի հիման վրա, այլ նոր տարածքում: Ընդ որում, ըստ այդ տեղեկության`
գործարանն ունենալու է բավական մեծ արտադրական հզորություն: Այս նոր
կառուցվելիք գործարանին կանդրադառնանք մեր առաջիկա համարներից մեկում:
Իհարկե, FF-ի՝ մոնոպոլիստ լինելու գնահատականին կարող են հակադարձել այն,
որ ՀՀ շաքարավազ են ներկրել թվով 25 ֆիրմաներ, որոնց մեջ էլ սակայն FF-ն
առաջին տեղում է՝ ներմուծել է ընդհանուրի 94%-ը: Շաքարի մնացած մասը՝ շատ
փոքր խմբաքանակներով, ներկրել են հիմնականում իրենց արտադրություններում
շաքար օգտագործող ֆիրմաները՝ «Գրանդ-Քենդի», «Շամպայն-գինիների գործարան»,
«Coca-Cola» եւ այն: Նշենք, որ օրինակ, 2003 թվականին ՀՀ է ներկրվել ավելի
մեծ քանակությամբ շաքարավազ՝ 87 հազ. տ (այդ տարվա մնացորդի պատճառով էլ
2004-ի ներմուծման ծավալը նվազել է): Ընդ որում, 2003-ին նույնպես
ներկրողների մեջ ամենամեծ տեսակարար կշիռն` 94 %, ունեցել է Սամվել
Ալեքսանյանին պատկանող FF ընկերությունը:
Նշենք, որ ինչպես առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր ապրանքատեսակները,
բանակը շաքարավազը ներկրում է իր խողովակներով: Դա ՀՀ շաքարավազի շուկայի
ծավալի հետ համեմատած՝ բավական մեծ տեսակարար կշիռ է կազմում: Հասկանալի
պատճառներով` բանակի շաքարավազի բնեղեն եւ դրամական ծավալները չենք նշում:
FF-ում ասում են, որ այսօր իրենք շաքարավազ են ներմուծում հիմնականում
Բրազիլիայից, որոշ չափով` նաեւ Ուկրաինայից: Այդ երկրներից շաքարավազը
նավով հասցվում է Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստ (5000-ից մինչեւ 16.000
տ տարողությամբ բեռնանավերով), որտեղից երկաթուղով տեղափոխվում է ՀՀ:
Այսինքն՝ ինչպես մյուս ներկրվող ապրանքների դեպքում, շաքարի վերջնական
արժեքի մեջ եւս ճանապարհածախսի բաղադրիչը շատ մեծ է: Իսկ վերջնական արժեքը
ձեւավորվում է հետեւյալ սխեմայով. ճանապարհածախս+հաշիվ-ապրանքագիր (1տ-ի
արժեքը բազմապատկած քաշով)+10% մաքսատուրք+ 20% ԱԱՀ=32%: Արդյունքում,
կոնկրետ FF-ի ներմուծած շաքարավազի վերջնական արժեքը կազմում է` 1 կգ-ը
220 դրամ (թեեւ տարվա ընթացքում գինը նվազել է մինչեւ 216 դրամ): Շաքարի
շուկայական արժեքն ավելացնում են մանրածախ վաճառողները: ՀՀ-ում վաճառվում
է հիմնականում 2 տեսակի շաքարավազ՝ 1 կգ-ը 180դր. եւ 220 դր. մեծածախ
արժեքով, որոնց տարբերությունը կախված է շաքարավազի մեջ, այսպես ասած,
քաղցրության աստիճանից, կամ շաքարի ՕԳԳ-ից: Կոնկրետ FF-ն վերջին 2 տարում
շաքարավազի գինը չի փոխել, նույնիսկ 2005-ին 10 դրամով իջեցրել է: Նշենք,
որ շաքարավազի գինն ուղղակիորեն կախված է տարադրամի փոխարժեքի
տատանումներից: Այսինքն՝ 2004 թվից դոլարի արժեզրկման (վերջին 1 ամսում,
իհարկե, դոլարն արժեւորվել է) արդյունքում շաքարավազի գինը պետք է որ
նվազեր, ինչը տեղի չունեցավ: Սա փոխարժեքի տատանումից ներկրողների
գերշահույթներ ստանալու մասին վարկածի լավագույն օրինակներից մեկն է: Այս
եւ բազմաթիվ այլ հարցերի շուրջ մեզ չհաջողվեց պատասխաններ ստանալ անձամբ
Սամվել Ալեքսանյանից, քանի որ վերջինս մեկ շաբաթից ավելի բացակայում է
հանրապետությունից:
Կարծում ենք, Սամվել Ալեքսանյանը շաքարավազի շուկայի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդեր:
Իսկ մեր հոդվածաշարի հաջոդ հրապարակումը վերաբերելու է ՀՀ բանկային համակարգին ու նրա «կարկառուն» ներկայացուցիչներին: