Հիմա աճի մասին խոսելն ավելորդ է

28/03/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Եթե հավատալու լինենք Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին, ապա տնտեսական ճգնաժամը վաղուց հրաժեշտ է տվել Հայաստանին, ու հիմա մեր տնտեսությունը կայուն տեմպերով զարգանում է: Ըստ Վիճվարչության, հունվար-փետրվար ամիսներին հանրապետությունում արձանագրվել է 3,1 տոկոս տնտեսական աճ, իսկ ամենաուշագրավն այն է, որ փետրվարին հունվարի համեմատությամբ տնտեսական աճը կազմել է 15,2 տոկոս: Ընդ որում, բացառությամբ շինարարության, աճ է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում` գյուղատնտեսության, արդյունաբերության, արտահանման, ներմուծման ու նաեւ առեւտրի ոլորտում: Արդեն պարզ է, որ այս թվերին չեն հավատում նույնիսկ նրանք, ովքեր այն հրապարակել են, առավելեւս` շարքային քաղաքացիները, ովքեր ոչ միայն չեն զգում այս խիստ լավատեսական եւ ուռճացված ցուցանիշների ազդեցությունը իրենց կենսամակարդակի բարձրացման վրա, այլ հակառակը` ստիպված են խնայողություններ անել` օրեցօր արձանագրվող գնաճի պարագայում մի կերպ գոյատեւելու համար: Ու քանի որ տնտեսական աճ ասվածը նշանակում է նաեւ երկրում արտադրվող ապրանքների արտահանման ու սպառման ծավալների մեծացում, փորձեցինք արտադրական տարբեր ոլորտների ընկերություններից պարզել, թե որքանով է աշխուժացել իրենց բիզնեսը: Պարզվում է, որ տնտեսական ճգնաժամի պարագայում մարդիկ, իսկապես, շատ են ալկոհոլ օգտագործում, այդ իսկ պատճառով էլ ավելացել են «Երեւան գարեջուր» ընկերության արտադրության ծավալները: Գարեջրի, բնական հյութերի եւ լիմոնադի արտադրությամբ զբաղվող այս ընկերության 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց. «Երեւան գարեջուր» գործարանում այս տարվա մի քանի ամիսներին եւս նկատվում է իրացման, հետեւապես՝ նաեւ արտադրության ծավալների աճ: Նախորդ տարի էլ 2008-ի համեմատությամբ մոտ 4 տոկոս աճ են ունեցել»: Մեր այն հարցին` կարելի՞ է ենթադրել, որ պատգամավորն ըստ էության համամիտ է որոշ պաշտոնյաների այն հայտարարություններին, որ ճգնաժամը ավարտված է, եւ երկրի տնտեսությունը կամաց-կամաց ոտքի է կանգնում, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, ով ինչ է ասում, եւ ում մոտ ոնց է, բայց մեզ մոտ աճ կա: Մնացած ոլորտների մասին ոչ մի բան չեմ կարող ասել: Կարող է՝ մեզ մոտ աճ կա, ուրիշ տեղ` չկա»: «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կարծիքով էլ, տնտեսության մեջ դրական միտումներ նկատելի չեն: Նրա խոսքերով՝ «Հիմա տնտեսական աճի մասին խոսելն ավելորդ է: Այս տարի ընդհանրապես, մանավանդ փետրվար ամսին, նման աճ չի եղել: Ինչի՞ հաշվին պետք է այդ աճը լիներ: Եթե համեմատելու լինենք նախորդ տարվա հետ, ապա այս տարի վիճակը ավելի լավ չէ: Թե արտադրության եւ թե իրացման ծավալների առումով դրական տեղաշարժ չկա»: «Ռուսալ-Արմենալ» ընկերության տնօրեն Գեորգի Ավետիքյանն էլ ասաց, որ 2009-ի համեմատությամբ այս տարվա առաջին 2 ամիսներին իրենց արտադրանքի պահանջարկն ավելացել է, ինչով էլ պայմանավորված՝ աճել են թե՛ արտադրության եւ թե՛ արտահանման ծավալները: Իսկ երկրի տնտեսության մեջ դրական միտում նկատվո՞ւմ է, թե՞ ոչ։ Պարոն Ավետիքյանն ասաց. «Դա արդեն բոլորովին այլ հարց է: Այլ ոլորտների մասով չեմ կարող որեւէ բան ասել, միայն կարող եմ պատասխան տալ մեր գործարանի մասով»: Թռչնամսի եւ ձվի արտադրությամբ զբաղվող «Մաքս գրուպ» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը ասում է, որ իր ընկերության արտադրանքը լայն սպառման ապրանքատեսակ է, այդ իսկ պատճառով էլ անկախ ճգնաժամային իրավիճակից` մարդիկ գնում են այն: «Ճգնաժամային իրավիճակը բոլորս էլ մեզ վրա զգացել ենք: Բայց, սպառման առումով ասեմ, որ անկախ ամեն ինչից՝ մարդիկ հաց գնում են, չէ՞, մեր արտադրանքն էլ մեծ շուկա ունի, եւ այն իրացվում է: Այս ճյուղը հիմա զարգացման փուլում է: Կոնկրետ ձվի արտադրության ոլորտում շատ բարձր աճ կա: Մի փոքր այլ է թռչնամսի սպառման առումով, քանի որ այստեղ շուկայի պաշտպանվածության, ներկրողների հետ մրցակցության եւ այլ խնդիրներ կան: Բայց, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի ավելի լավ է: Կամ հարմարվողական ենք դարձել, կամ իսկապես դրական միտում կա: Ինչ վերաբերում է այս տարվա հունվար-փետրվարին արձանագրված տնտեսական աճին, ապա, կարծում եմ, որ եթե աճ կա, ապա այն միանգամից չենք կարող զգալ: Եթե, ասենք, 10 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, դա չի նշանակում, որ միանգամից 10 տոկոսով պետք է մեր ապրելակերպը լավանա: Այդ աճը մեզ վրա իր ազդեցությունը պետք է ունենա 2-3 տարի հետո»,- ասում է Խ. Մանուկյանը: Գինեգործությամբ զբաղվող «Մարան» ընկերության նախագահ Ավագ Հարությունյանի ներկայացմամբ էլ՝ Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ եթե մեկը ծնունդ է անում, դա անմիջապես անդրադառնում է երկրի տնտեսության վրա, այդ իսկ պատճառով դժվար է միանշանակ գնահատական տալ՝ տնտեսական աճի միտումներ կա՞ն, թե՞ ոչ: Նրա խոսքերով՝ «Տարօրինակ բան կատարվեց, նման բան երբեք չի եղել: Այս տարվա առաջին 2 ամիսներին` հունվարին եւ փետրվարին, գինու արտադրության եւ սպառման ծավալների ավելի քան 45 տոկոս աճ ենք ունեցել: Չհասկացանք, թե ինչ կատարվեց: Ավելացել է եւ գինու, եւ կոնյակի սպառումը, իսկ օղին` հակառակը, քիչ է սպառվում: Դա նշանակում է, որ մարդիկ սկսել են մտածել: Նկատի ունեմ, որ օղին քաղաքական խմիչք է, այսինքն՝ այն քաղաքական գործիք է, որի միջոցով փորձում են որոշակի հարցեր լուծել, բթացնել ժողովրդին, հեռացնել լուրջ մշակութային եւ տնտեսական իրողություններից եւ այլն: Դրա համար էլ լավ է, որ օղու սպառման անկում է գրանցվել: Ինչ վերաբերում է այս տարի գրանցված տնտեսական աճին, ապա ասեմ, որ, միանշանակ, տնտեսության անկման տեմպերը նվազել են, կարելի է նույնիսկ ասել, որ կրիզիսը չի ահագնանում, եւ նույնիսկ այն կանգ է առել: Կարծում եմ՝ դրա պատճառը նաեւ այն էր, որ նախորդ տարեվերջին, երբ տարին փակվում էր մինուսով, ընկերությունները շոկի մեջ էին, բոլորը մտավախություն ունեին, որ կրիզիսը կշարունակվի, եւ նրանք տարեվերջի մի քանի ամիսներին ուժ ու եռանդ թափեցին հնարավորինս ոտքի կանգնելու համար: Կարծում եմ՝ հենց այդ աշխատանքի պտուղներն էլ մենք հիմա քաղում ենք»: