Հայտնաբերել են

28/03/2010

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս հայտնաբերել են առանց պետական գրանցման գործող ավտոլվացման կետ, վարսավիրանոց եւ մետաղապլաստե դռների եւ պատուհանների արտադրամաս: Ավտոլվացման կետի եւ վարսավիրանոցի բացահայտումները կատարվել են ՕՀՎ Խորհրդայինի բաժնի աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոլվացման կետը մայրաքաղաքի Ավան թաղամասում գործել է մարտի մեկից. ապօրինի ձեռնարկատերը Մուշեղ Մամիկոնյանն է: Իսկ Երեւանի բնակիչ Էդգար Հարությունյանը մարտի մեկից որոշել էր վարսավիրական գործունեություն ծավալել` Թոթովենց փողոցի այգուն հարող տարածքում: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը ծավալվել էր 50քմ մակերես ունեցող տարածքում, որտեղ մատուցվել են վարսահարդարման եւ մատնահարդարման ծառայություններ` առանց հարկային մարմիններում հաշվառվելու: Օպերատիվ հետախուզության վարչության Շահումյանի բաժնի աշխատակիցներն էլ հայտնաբերել են մետաղապլաստե դռների եւ պատուհանների արտադրամաս: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնի է դարձել, որ Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող մոտ 180քմ մակերես ունեցող ապօրինի արտադրամասը պատկանում է դարձյալ մայրաքաղաքի բնակչի` Իշխան Գյուլումյանին: Վերջինս ապօրինի արտադրություն էր ծավալել այս տարվա հունվարից: