Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, նրա հաղթահարման ուղղությամբ կատարված քայլերն ու իրավիճակի հանգամանալից վերլուծությունը ստիպում են վերանայել ավանդական պատկերացումները ոչ միայն շուկայական տնտեսության նկատմամբ ընդհանրապես, այլեւ` սեփականության տարբեր ձեւերի ու նրանց արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերը մասնավորապես:
Այսօր մեզանում դժվար է խոսել պետական եւ սեփականության այլ ձեւերի օպտիմալ ու արդյունավետ փոխհարաբերակցության մասին: Կարծում եմ, առավել կարեւոր է հասնել ոչ այնքան օպտիմալ փոխհարաբերակցության, որքան ապահովել սեփականության բոլոր ձեւերի արդյունավետ կառավարումը: Այլ կերպ ասած, ճիշտ կարելի է համարել իրավիճակային այն փոխհարաբերակցությունը, որը կապահովի երկրի սոցիալ-տնտեսական արդյունավետ եւ հավասարաչափ զարգացումը: Բնականաբար, տվյալ փոխհարաբերակցությունը կհանդիսանա բավականաչափ շարժունակ եւ կբխի կոնկրետ տնտեսական իրավիճակից: Ավանդաբար պետությունը «իր ձեռքն է վերցնում» այն օբյեկտները (ձեռնարկությունները, ճյուղերը, ծրագրերը եւ այլն), որոնք կարեւոր են հասարակության համար, նրա կայուն զարգացման համար, սակայն գրավիչ չեն մասնավոր կապիտալի համար (օրինակ` գիտատար, սոցիալական ոլորտ, հիմնարար գիտություն, տնտեսությունն ամբողջապես վերահսկելու հնարավորություն տվող օբյեկտներ, նյութատար, պարբերաբար եւ առաջին ժամանակահատվածում անընդմեջ ներդրումներ պահանջող օբյեկտներն ու ծրագրերը, որոնց մեջ արված ներդրումները կարող են ծախսածածկվել եւ շահութաբեր լինել բավականին ժամանակ անց եւ այլն): Կցանկանայի նշել, որ սահմանային լիբերալիզմի` տնտեսության մեջ պետական նվազագույն միջամտության հայեցակարգը կամ «շուկան ամեն ինչ կորոշի» մոդելը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում նահանջել է, քանի որ տնտեսության վրա ուժեղացել է պետության միջամտության ազդեցությունը: Էլ ավելի ակնհայտ է դառնում, որ բացի իրավաստեղծ եւ ֆիսկալ գործառույթներից, պետությունը պետք է տիրապետի ինքնատիպ հանգուցային կետերի տեսքով իրական տնտեսական լծակների, որոնք հնարավորություն կտան վստահորեն վերահսկել սոցիալ-տնտեսական վիճակը երկրում: Վերը շարադրված ավանդական մոտեցումը ներկայի մեր իրավիճակի համար կիրառելի չէ, քանի որ այսօր պետությունը չունի անհրաժեշտ ռեսուրսներ ոչ միայն նոր պետական ձեռնարկությունների աջակցման եւ ուղղակի պահպանման ծախսերի ապահովման համար, այլեւ անգամ այսօր պետական սեփականություն հանդիսացող եւ առկա ձեռնարկությունների համար:
Կցանկանայի նշել մեկ այլ, ոչ պակաս կարեւոր մոտեցման մասին եւս: Ինչո՞ւ չդասակարգել պետական գույքն ըստ իր նշանակության եւ չտալ հնարավորություն` մասնավորեցման վերաբերյալ որոշումներ կայացնել համապատասխան պետական լիազոր մարմիններին՝ ըստ էության «անօգտագործելի կամ լքված ու սառեցված, կիսաքանդ ու կիսաավերված, կիսաթալանված» օբյեկտների վերաբերյալ: Եվ ինչու ի սկզբանե դնել վաճառքի այնպիսի գներով, որոնք հենց սկզբից էլ գիտենք, որ իրական չեն եւ չարդարացված բարձր են: Ո՞ւմ են հարկավոր այս դեպքում այդ, այսպես կոչված, «հակակոռուպցիոն» մեթոդները, երբ դրա արդյունքում տեղաշարժ չի լինում սեփականության կառուցվածքում, եւ, բնականաբար, որպես հետեւանք չեն լինում նաեւ մուտքեր պետական բյուջե` հարկերի տեսքով: Մի կողմից՝ պետական բյուջեում չեն բավականացնում միջոցները պետական գույքի արդյունավետ պահպանման համար, եւ մյուս կողմից՝ չենք գիտակցում հասարակ մի բան. որ այն գույքը, որը չունի որեւէ ռազմավարական նշանակություն, սակայն պետության կողմից չի կարող պահպանվել, առավել շահավետ է թեկուզ չնչին գումարներով կամ անգամ ձրի, սակայն կոնկրետ պայմանագրային պայմաններով տալ մասնավորին, քանի որ գոնե այդպես այդ օբյեկտը հարկերի տեսքով մուտքեր կապահովի պետական բյուջե: Ներկայումս ձեւավորված պետական գույքի կառուցվածքը ընդհանուր առմամբ կարելի է համարել ընդունելի միայն թվային եւ տոկոսային արտահայտությամբ, սակայն արդյունավետ այն համարել չի կարելի, քանի որ տնտեսության վիճակը չի թույլատրում պրակտիկայում հասնել այն բարձր ցուցանիշներով արդյունքներին, ինչը պետական սեփականությունը հստակ կարող էր ապահովել: Դրա պատճառը բացատրվում է ամբողջությամբ վերցրած երկրի տնտեսական վիճակով, ինչպես նաեւ՝ թաքնված մակրո- եւ միկրո մակարդակներում շուկայական կարգավորման գործիքների ոչ արդյունավետ կիրառման մեջ: Համենայն դեպս, հստակ է, որ կայուն զարգացման եւ աշխարհաքաղաքական ցնցումներից գոնե քիչ կորուստներով դուրս գալու, արդյունավետ պետական կառավարում եւ պետական գույքի կառավարում ապահովելու համար անհրաժեշտ է փոխել ստեղծված փոխհարաբերակցությունը պետական մասնաբաժնի ավելացման օգտին, հատկապես ռազմավարական նշանակության ճյուղերում: Ստեղծված իրավիճակում հարց է ծագում. ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական գործընթացներ են ազդում այսօր պետական գույքի կառուցվածքի փոփոխության վրա: Սեփականության կառավարման եւ հենց սեփականության նկատմամբ վերաբերմունքը միշտ ունեցել է քաղաքական բնույթ, որոշել է հասարակության սոցիալ-բարոյական չափանիշները: Պետության խնդիրը այս պայմաններում կայանում է ոչ միայն շուկայի կենսագործունեության համար պայմանների ստեղծումը, այլ նաեւ հասարակական շահերի հավասարակշռության պահպանման, սոցիալական հավասարակշռության եւ ազգային շահերի պաշտպանության գործում պետական սեփականության կառավարման մեծագույն նշանակության եւ կարեւորության ընդունումը: Պրակտիկան ցույց է տալիս, որ անսահմանափակ տնտեսական ինքնուրույնությունը, մասնատվածությունը, պետական սեփականության կառավարման գործընթացի կորուստը նույնպես անընդունելի է, ինչպես անընդունելի է դրա իրականացումը միայն կոշտ վարչարարության եւ վարչական մեթոդների կիրառմամբ: Եթե խոսենք պետության ազգային անվտանգության տեսանկյունից (այդ թվում՝ պաշտպանության, տնտեսական, ազգային, բնապահպանական եւ պարենային անվտանգության), խոսքը պետք է գնա պետական գույքի կառավարման բնագավառում պետության դերի կտրուկ մեծացման մասին:
Այս տեսանկյունից կառավարման գլխավոր օբյեկտներ պետք է հանդիսանան տրանսպորտի, կապի, էներգետիկայի, արդյունահանման եւ դրանց ենթակառուցվածքների համակարգն այնպիսի մոտեցումների կիրառմամբ, ինչպիսիք են, օրինակ, ազգային անվտանգության եւ տնտեսության կայունության ապահովման տեսանկյունից կարեւորագույն դեր ունեցող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության հստակ մեխանիզմների կիրառումը, օպերատիվ կառավարման սկզբունքի հիման վրա պետական սեփականություն մնացող ձեռնարկությունների ցանկի հստակեցումը, հողի նկատմամբ սեփականության ձեւերի փոփոխման նկատմամբ պետական լրջագույն վերահսկողության սահմանումը, պետական գույքի անարդյունավետ կառավարման համար խիստ պատասխանատվության սահմանումը, պետության սեփականություն ամրագրված բաժնետոմսերի փաթեթի կառավարման մանրակրկիտ կանոնակարգումը եւ այլն: Պետական գույքի կառուցվածքի փոփոխության վրա ազդող կարեւորագույն պայմաններից կարելի է համարել պետական գույքի կառավարման պետական ռազմավարության բացակայությունը, որով որոշված կլինեին պետական գույքի կառավարման գործընթացի նպատակները, խնդիրները եւ դրանց լուծման մեխանիզմները: Գտնում եմ, որ պետական գույքի կառավարման նպատակների իրականացման, ընթացիկ փուլի առաջնահերթությունների, նախապատվությունների եւ սահմանափակումների կիրառման նպատակով վաղուց արդեն պետք է ընդունած լինեինք պետական գույքի կառավարման ծրագիրը: Ըստ էության, այն իրենից պետք է ներկայացնի պետական գույքի կառավարման ոլորտում իրականացվելիք գործընթացների եւ նպատակաուղղված աշխատանքների ամբողջական նկարագիրն առնվազն առաջիկա 5-7 տարիների համար: Ծրագրով, այլ դրույթների շարքում, պետք է տեղ գտնեին անվտանգության ապահովման համար կարեւորագույն այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ.
– պետական գույքի կառավարման նպատակները, դրանց հասնելու սկզբունքները եւ միջոցները,
– պետական գույքի կառավարման գերակայությունները,
– պետական սեփականություն մնացող ձեռնարկությունների ընտրման չափանիշները,
– պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կառավարման մոտեցումները,
– հողի նկատմամբ սեփականության ձեւերի փոփոխման հնարավոր թույլատրելի դեպքերն ու պետական վերահսկողության մեթոդները,
– պետական սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման իրավունքի փոխանցման համար համապարտադիր պայմանները,
– պետական մասնակցությամբ կազմակերպությունների պահպանման հիմնավորվածությունը,
– 50-ից ավելի տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային խոշոր համարվող կազմակերպություններում կառավարման խորհուրդներով կառավարման մեթոդի ներդրումը եւ այդ գործընթացին համապատասխան պետական մարմինների ղեկավարների վրա անմիջական պատասխանատվության ամրագրումը,
– պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում պետության կողմից պետական բաժնեմասի կառավարման լիազոր-ներկայացուցիչների աշխատանքների ընթացքի գնահատման չափանիշների եւ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում պետության կողմից պետական բաժնեմասի կառավարման լիազոր-ներկայացուցիչների վերապատրաստման Հանրապետական դպրոցի ձեւավորումը,
– պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների վարձակալության տրամադրման մեխանիզմների հստակ ամրագրումը, շուկայական գներով վարձակալական վճարների նվազագույն շեմի սահմանումը եւ այլն:
Փորձենք հասկանալ. պետական գույքի կառավարման համակարգը կարիք ունի՞ իր կադրերի վերապատրաստման եւ, եթե այո, ապա ինչպիսի՞ գիտելիքներ են պետք պետական գույքի ժամանակակից կառավարչին: Կադրերի մասին հարցադրումը գտնում եմ խիստ սկզբունքային: Ինչպես եւ ցանկացած զարգացող համակարգ, պետական գույքի կառավարումը նույնպես կարիք ունի կադրերի վերապատրաստման: Այդ պահանջը պայմանավորված է նրանով, որ ներկա պայմաններում սկզբունքորեն փոխվել են պետական գույքի կառավարման նպատակներն ու խնդիրները: Ես կասեի՝ ոչ թե վերապատրաստման, այլ խոսքը պետք է գնա հատուկ մասնագիտության մակարդակով պրոֆեսիոնալ կառավարիչների պատրաստման մասին: Ընդ որում, այդ մասնագիտությունը չպետք է լինի որեւէ այլ մասնագիտական ուղղվածության, օրինակ, տնտեսագետի, իրավագետի, մենեջերի կցորդ: Այն պետք է հանդես գա հենց այդ մասնագիտությունների հատման կետում, քանի որ միայն համակարգված եւ համակարգային գիտելիքներով (անձնակազմի կառավարում, քաղաքացիական իրավունք, աշխատանքային օրենսգիրք եւ այլն) հնարավորություն կտա արդյունավետ կառավարել պետական գույքը:
Աշոտ ԶԱԼԻՆՅԱՆ
ՀՀ կառավարման ակադեմիայի դասախոս, Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ