«Եվրամիության «Նոր Հարեւանության քաղաքականության» եւ «Արեւելյան գործընկերության» ծրագրերում նախատեսված գործողությունների արդյունքում նախատեսվում է Հայաստանից դեպի ԵՄ երկրներ մարդկանց տեղաշարժի պայմանների, մասնավորապես` վիզային ռեժիմի մեղմացում: Ի՞նչ են ենթադրում այդ փոփոխությունները գործնականում, եւ կա՞ն արդյոք դրանց ընդունման մոտավոր ժամկետներ»։ Մեր այս հարցին ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետ Տիգրան Սեյրանյանն ասել է. «Վիզային հարաբերությունների փոփոխումը «Նոր Հարեւանության քաղաքականության» ծրագրի բաղկացուցիչներից է: Սա բազում տարրեր պարունակող գործընթաց է, որոնցից մեկը ենթադրում է Եվրամիության պետությունների, մասնավորապես՝ Շենգենի համաձայնագրի երկրների, մուտքի վիզաների տրամադրման գործընթացի դյուրացում որոշ կատեգորիաների ՀՀ քաղաքացիների` պետական պաշտոնյաների, գործարարների, գիտնականների, ուսանողների, մշակույթի գործիչների եւ այլոց համար: Նախատեսված է, որ գործընթացի հետ կապված հարցերը պետք է քննարկվեն ՀՀ-ԵՄ համագործակցության` Արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտեի շրջանակներում: Հավանաբար ենթակոմիտեի աշխատանքները կմեկնարկեն այս տարվա ամռանը, զուգահեռ պետք է սկսվեն նաեւ բանակցությունները վիզաների տրամադրման դյուրացման համաձայնագրի նախագծի շուրջ: Մյուս կարեւոր բաղկացուցիչը հետ ընդունման (ռեադմիսիայի) մասին ընդհանուր համաձայնագիրն է: Թեպետ Հայաստանն ունի նման համաձայնագրեր եվրոպական մի շարք պետությունների հետ (Լիտվա, Դանիա, Շվեյցարիա, Գերմանիա, Բուլղարիա, Շվեդիա, Բենիլյուքսի երկրներ, Նորվեգիա), մենք պատրաստ ենք բանակցել նաեւ ԵՄ-ՀՀ համանման ընդհանուր համաձայնագրի շուրջ եւ ակնկալում ենք, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ: Հայաստանի արտաքին գերատեսչությունն այժմ բանակցություններ է վարում Շենգենի անդամ պետությունների գործընկերների հետ` դիվանագիտական անձնագիր կրող անձանց փոխադարձության սկզբունքով մուտքի վիզա ստանալու պահանջից ազատելու մասին: Հայաստանը նման համաձայնագրեր ունի Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Շվեյցարիայի հետ: Սույն թվականի ապրիլի 1-ից այն կգործի նաեւ Ֆրանսիայի Հանրապետության հետ: Վստահ ենք, որ ԵՄ մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ մենք քայլ առ քայլ կմոտենանք Արեւելյան գործընկերության Պրահայի համատեղ հռչակագրում ամրագրված նպատակին` «աջակցել անվտանգ միջավայրում քաղաքացիների տեղաշարժին եւ վիզային ռեժիմի ազատականացմանը»: