Բաց նամակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին

28/03/2010

Վեհափառ Տեր,

Մեր օրերում, երբ Հայաստանի Հանրապետությունը, հայ հասարակությունը եւ հայ մշակույթը գտնվում են ձեւավորման եւ համախմբման բարդ անցումային շրջանում, բոլորիս համար կարեւոր է նրբանկատ լինել հանրային նշանակություն ունեցող հարցերում կողմնորոշվելիս, հատկապես` որոշումներ կայացնելիս ու գործնական քայլեր կատարելիս: Տվյալ պարագայում խոսքը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի մասին է, որի հավանական քանդման խնդրով անհանգստացած է ոչ միայն ճարտարապետական, այլեւ ողջ մտավորական հանրությունը` երեւանցիները: Ճիշտ է, կառույցն այսօր գրեթե զրկված է որեւէ գործառույթից, ինչը տրամաբանական է դարձնում դրա զբաղեցրած տարածքի առավել նպատակային օգտագործման ծրագրերի մշակումը: Մեծապես շնորհակալ ենք, որ եկեղեցին առաջինը ձեռնամուխ եղավ մեր մշակույթի կորսված արժեքների վերականգնման գործին: Սակայն, մեր պատկերացմամբ, Եկեղեցու որոշումների եւ գործառույթների իրականացման հիմքերը այլ են, քան մասնավոր տնտեսական շահերի հետ շաղկապված աշխարհիկ իշխանությունների դատողությունները, դրանք չպետք է իրականանան մեկ այլ արժեքի ոչնչացման հաշվին: Թերեւս, հարկ չկա հիշեցնել կառույցի ճարտարապետական եւ, արդեն նաեւ` պատմական արժեքի մասին: Լճացման տարիներին, ամբողջատիրական պայմաններում, աննախադեպ զարթոնք ապրող հայկական ազգային մոդեռնիզմի այս «մարգարիտը» տաղանդավոր ճարտարապետներ Սպարտակ Կնդեղցյանի եւ Թելման Գեւորգյանի համահեղինակությամբ իրականացրած, եզակի գործերից է: Այն հաճախ է որակավորվում որպես երեւանյան «ճարտարապետական հրաշք», քանի որ այն ոչ միայն գեղարվեստական ձեւի, այլեւ բարդ քաղաքաշինական խնդրի փայլուն լուծման եզակի նմուշներից է: Այս շինության քանդումն, ըստ էության, կշարունակի խորհրդային իշխանությունների կողմից իրականացվող հոգեւոր-մշակութային վանդալիզմի բազմաթիվ այլ օրինակների արատավոր ավանդույթը: Ավելացնենք, որ հուշարձանի տարածքում է գտնվում տաղանդաշատ նկարիչ Օնիկ Մինասյանի կատարած խճանկարը, որը եւս դասվում է հայկական մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության` իր տեսակի մեջ սակավաթիվ, բարձր գեղարվեստական ճաշակով կատարված գործերի շարքին: Այդ խճանկարն այսօր, ցավոք, եւս անմխիթար վիճակում է, եւ այն անհրաժեշտ է փրկել, ոչ թե իսպառ ոչնչացնել: Մի՞թե Սուրբ Եկեղեցին կարող է ձեռք բարձրացնել մի արվեստագետի ստեղծագործության վրա, ով հայտնի է նաեւ իր եկեղեցական աշխատանքներով` Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բազմաթիվ որմնանկարներով, Էջմիածնի Սբ. Հռիփսիմե եկեղեցու գլխավոր խորանի պատկերներով: Ոլորտի ողջ մասնագիտական հանրույթը վկայում է, որ նշված շինությունն, ըստ էության, հղացվել եւ 1960-ական թթ. կեսերին իրականացվել է իբրեւ մի ամբողջական համալիր: Ցավոք, բուն ամֆիթատրոնից զատ, համալիրի մյուս հատվածներն արդեն իսկ անմտորեն ոչնչացվել են, եւ դրա երբեմնի գողտրիկ ներդաշնակությունն այսօր խաթարված է սրճարանի եւ ավտոլվացման կետի անշուք ներկայությամբ: Այսօր, երբ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում մեր հոգեւոր-մշակութային արժեքների ոչնչացման փաստերին հարեւան երկրների տարածքներում, ինչպե՞ս կարող ենք մենք ինքներս նույնը թույլ տալ մեր մայրաքաղաքում: Եթե նշված հուշարձանն այսօր չորակել որպես «պատմամշակութային արժեք» եւ չփորձել վերականգնել արդեն իսկ կորցրածը, ապա ի՞նչ պատասխան ենք տալու մեր հետագա սերունդներին. ֆիզիկապես վերացնելով հուշարձանը, բնավ չենք կարող ջնջել դրա հուշը, դրա մասին վկայությունները:

Այսպիսով, հուշարձանի ճակատագրի վերաբերյալ մտահոգություններն արդեն իսկ մեծ վրդովմունք են առաջացրել: Ավելին` նոր եկեղեցու շինարարությամբ նախկինում քանդվածի հուշը վերականգնելու ճիգերը չեն կարող փոխհատուցել սպասվելիք մեծ զոհաբերումը: Մինչդեռ, վստահությունը Եկեղեցու հանդեպ ամենազորեղ ուժն է, որն այսօր հարկավոր է մեր հասարակությանը` համախմբված լինելու եւ վերականգնելու համար երկրի կայունությունը:

Վեհափառ Տե՛ր, խոնարհաբար խնդրում ենք Ձեզ, մի՛ կոտրեք մեր ժողովրդի, մեր մի բուռ մտավորականության վստահությունը, թույլ տվեք, որ երեւանցիների կողմից այդքան սիրված շինությունը նոր կյանք ստանա, վերածնվի իր նախկին տեսքով, եւ ոչ թե քանդվի: Երեւանի կենտրոնական հատվածում կան տարածքներ, որոնք դեռ քաղաքաշինական ավարտուն կերպար չեն ստացել, եւ նոր եկեղեցու շինարարությունը այդպիսի մի տարածքում կարող է լավագույն լուծում լինել ոչ միայն տվյալ տարածքի, այլեւ ներկայիս խնդրի առումով: Որպես օրինակ կարող ենք բերել Գլխավոր Պողոտան կամ նույն` «Մոսկվա» կինոթատրոնի ետին հատվածը, որը հարում է ամառային դահլիճի տարածքին, կամ բազմաթիվ հիվանդանոցամերձ տարածքներ, որտեղ ժողովուրդը եկեղեցու մեծ կարիք է զգում: Բավական է հիշատակել Հանրապետական հիվանդանոցին կից հսկայական դատարկ տարածքը: Ճարտարապետները հայտնում են իրենց մասնագիտական կարծիքը եւ առաջարկում իրենց օգնությունն ու ծառայությունը Սբ.Պողոս-Պետրոս եկեղեցու համար նոր տարածք ընտրելու հարցում: Իսկ Եկեղեցու եւ մեր կաթողիկոսի լավագույն նվերը հայ հասարակությանը կլինի ամառային դահլիճին նոր կյանք տալը, հատկապես, եթե դա առնչվի հոգեւոր գործառույթներին: Մենք առաջարկում ենք կառույցը քանդելու փոխարեն՝ հոգեւոր-մշակութային բնույթի հաստատության համար հարմարեցման ճարտարապետական մրցույթ հայտարարել: Վստահ ենք, որ քաղաքային իշխանությունները կողջունեն նման առաջարկը:

Վեհափառ Տեր, եկեղեցաշինության Ձեր նվիրական առաքելությունը հարգելով` կարծում ենք, որ տվյալ պարագայում Սբ.Պողոս-Պետրոս եկեղեցու կառուցման հարցում տեղի ընտրությունը չէ դարձել առաջնայինը, այլ մեկ արժեք մյուսով չփոխարինելը:

Ըմբռնումի հույսով, հավատով եւ խոնարհումով`

1. Լեւոն Իգիթյան, ճարտարապետ, Գեղագիտության Ազգային կենտրոնի տնօրեն

2. Ռոբերտ Էլիբեկյան, Հայաստանի Ժողովրդական նկարիչ

3. Նազարեթ Կարոյան, Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ

4. Հակոբ Հակոբյան, Հայաստանի Ժողովրդական նկարիչ

5. Գրիգոր Ազիզյան, «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն

6. Պերճ Զեյթունցյան, գրող, հրապարակախոս

7. Զավեն Սարգսյան, Ս.Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն

8. Միքայել Դովլաթյան, կինոռեժիսոր

9. Մարտին Վարդազարյան, կոմպոզիտոր, Երեւանի պատվավոր քաղաքացի

10. Երվանդ Երզնկյան, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ

11. Միքայել Պողոսյան, դերասան

12. Արտյոմ Երկանյան, լրագրող, «Շանթ» հեռուստատեսություն

13. Զավեն Վարդանյան, դիրիժոր

14. Արա Երնջակյան, ռեժիսոր, Երեւանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար

15. Արամ Իսաբեկյան, նկարիչ, Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր

16. Սաշուր Քալաշյան, ՀՀ վաստակավոր ճարտարապետ

17. Արա Շիրազ, քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ

18. Արարատ Աղասյան, ՀԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն

19. Արկադի Բաղդասարյան, Հայաստանի վաստակավոր նկարիչ

20. Անուշ Տեր-Մինասյան, ճարտարապետ, Երեւանի Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն

….. եւ այլք