Գովասանական ներբող՝ Քրիստոսի տասներկու առաքյալների գնդին՝ նախապատիվ պետությանց գլխավորներին եւ յոթանասուներկու սրբազան աշակերտներին

28/03/2010 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Ա. Տիեզերքի ծաղիկներ եւ Եդեմի տան տունկեր տենչալի: Նախաստեղծ Ադամի ծնունդներ եւ Սիոնի զարմեր: Ծառեր բարձրուղեշ եւ բյուրաճյուղ, երփնագեղ, քաղցրապտուղ եւ ախորժելի: Երկնընթաց ոստեր ընտրյալ՝ լուսասնունդ եւ տիրահաստատ, շահավետ եւ արդյունավոր, ոռոգված եւ արմատացած, պարարված եւ պանծացված ցողով Պարգեւողի. ընտրյալ սերմեր աճման բարեբույս անդաստանի: Բխումներ հանապազահոս, մշտակայլակ եւ հարակաընթաց, գետեր հեզասահ, գերածավալ, գեղածիծաղ եւ գարնանագուշակ: Սառեցնող օդերի սուզիչներ, եւ դժնակապես փչող շնչի նահանջիչներ եւ ապաքինիչներ, սուրբ եւ երջանկագունդ գումար առաքյալների դասի: Քանզի առ ձեզ եւ ձեզ համար, դադար տալով լռության ձայնին, ի գովեստ վեհի փառաց մեծության, անսասանելի դրությամբ հիմնավորված կառուցանում եմ միշտ:

Բ. Եվ արդ մաղթանքներով ձեր հայցողական շնորհ պարգեւեք երգաբանությանս, որպեսզի արժանապատիվ ձեր տեսությունը գերահռչակեմ: Քանզի ձեր վեհության շուքն ու զարդը ճոխագեղ առավել չքնաղապես են գերահռչակվում, քան շուրթերից բխող ճառերն ամենայն եւ զորությունը իմաստուն խոսքի: Եվ լսողները թող չզարմանան, որ ես խոսքիս ծածուկ խորհուրդը բանալով, ձեզ անեղծական պիտի անվանեմ, որ ստեղծվել եք ժամանակին եւ որդեգրվել էության շնորհով. Ոչ անժամանակ ըստ անսահմանի, այլ հավիտյան գոյերի սկիզբը, իբրեւ հիմքը սկսված ժամանակների, ընտրված նախքան աշխարհի սկիզբը, ըստ Պողոսի խոսքի: Քանզի, ինչպես վերին երկնային Սիոնը, սկզբնամեծար եւ կանխակառույց մայրն ազատ է եւ մաքրածին, նույնպես եւ որդիները նրա անդրանիկ եւ հոգեպայծառ: Ժամանակների սկզբնածայրից նկատված, կենաց մատյանում նկարագրված, բարձրության շնորհի փառքով պատկերված, բարերար Հոր անստվերական փայլով կերպավորված, ստորայիններիս անհավասար մեծությամբ ստեղծագործված, Փրկչի օծությամբ քահանայակից ձեռնադրված, անմահների դասախմբին նմանությամբ պարակցված:

Քանզի Հոր արարչակից տնօրինաբար մարմնացած Հիսուսի մարգարեաքարոզ եւ տեսանողագուշակ երեւման խորին խորհրդի հրաշափառ համբավը՝ հին ժամանակի սահմանափակ միջոցի չափից ավելի գերազանց կերպով մինչեւ աշխարհի ծագերը քարոզվեց ձեր միջոցով: Երանելի եւ բաղձալի, նախապատիվ սպասավորներ, մարմնացած մեր նմանությամբ եւ միացած Աստծո: Բազմապատիկ ընտրությամբ հողից զտված ինչպես ոսկի, անընդունակ մեր մարմնական չար ախտերին եւ մեղսագործությանը, պայծառ եւ սպիտակափայլ, որպես արծաթ, վարքով մաքուր եւ բարքով բարի, ջինջ օդի նման, հաստատությամբ քաջապինդ՝ կարծրաձույլ երկաթի պես, տենչալի լույսի նման ըղձալի եւ ախորժելի: Քանզի արդար եւ բնությամբ անստվեր լույսից կարգվեցիք մշտապայծառ լույսեր՝ անաղոտապես լուսավորելու աշխարհը, ուստի երկնքի եւ երկրի նորոգումը Հիսուս ձեզանով տնօրինեց:

Դ. Նույնպես տարիների մեջ չհաշվվող չորրորդ օրվա խորհուրդն այն մեծ, երբ լուսապատար պայծառությամբ հսկաընթաց եւ վայելչագեղ արեգակը, իր ընկերոջ՝ լուսնի լծակցությամբ, եւ աստղերի ուղղաշավիղ բոլորածիր հետեւորդությամբ, թեպետ անզգա եւ շնչավորների նման՝ Ամենակալի կամքով սանձված, լուսավորում են արարածներին՝ իբրեւ անվրեպ նշան ձեր խորհրդի: Քանզի իրավամբ երկրի պահակներն ու պահապանները եւ ուղղության կանոնները, իբրեւ կրոնական մաքրության պատկերներ, ձեր կերպարանքով կանխավ դրոշմվեցին: Որովհետեւ ոչ թե խոտաճարակ կենդանիներ, եւ կամ ուտելի ձկներ, կամ սերմնամատույց բույսեր, կամ պտղատու վարսավոր ծառեր, մարմնաճաշակ կերակուրների խորտիկներ էին բարերար Արարչի այս օրվա ստեղծածներն ու պարգեւածները, որ երկրից առաջացած՝ այնտեղ էլ կկորչեն, այլ երկնային զարդեր եւ վերին կամարի զարդեր, լուսաբորբոք եւ անշեջ լապտերներ:

Ե. Արդ նմանաբար եւ ազգակցապես ձեզ են պատշաճում վայելուչ այս խորհրդանիշերը, բազմահոլով արեգակներ՝ չարիքների պղծությունը ցամաքեցնողներ, բանական բույսերի դարմանիչներ, անձնավոր տունկերի վերընձյուղիչներ, մտքով սառածների ջերմացնողներ, խակ խորհուրդների հասունացողներ եւ թերի խորհուրդներն ամբողջացնողներ, մութ եւ խավար միտք ունեցողների լուսնանման բերկրեցնողներ եւ բարեգործողներ, աշխարհի ծովային ծփանքներից մոլորվածների՝ աստղանման ուղղիչներ եւ առաջնորդներ: Պայծառափայլ լուսավորներ, յոթնաշող ճրագներ, կիզացող շանթեր, ահագին ցոլքեր, հրեղեն հոսանքներ, մարդկանց մարզիչներ, ընտրության բովեր, եւ հոգիների հալոցներ: Քանզի դրանց կոչվեցիք Կոչողի կամքով՝ այս ամենը իրագործելու: Եվ այսքան ընդարձակ եւ բազմամասն շնորհներ ամբարելով, հավետ լցված եւ ամբողջովին մաքրված, երկնային արքայության բանալիները ընդունեցիք եւ ճոխացաք եւ փարթամացաք փառքով տիրապես, Բանի շնորհներով աստվածացած, Հոգու օծությամբ թագավորած, պանծալի իշխաններ, գլխավոր պետեր, վսեմ նահապետներ, նախահոգ նախարարներ, բարեշավիղ առաջնորդներ, հմտավարժ որսորդներ, երկնաբնակ դիտապետներ, անմոլար վերադիտողներ, ուղղադատ հովիվներ, քավչագործ քահանաներ, երեւելի երեցներ: Քանզի դրանք եւ դրանց նմաններն են ձեր փառավոր աստիճանի տիրաձիր գերազանցությունները: Մանավանդ, որ ստեղծված անդամները, մաքուր սրբությամբ եւ մերձավոր ընտանությամբ, գովված գլխին արժանապես միավորեցիք: Ուստի անխտիր եւ անանջրպետ, միակենցաղ եւ զուգակցորդ փառավորվել եք Քրիստոսի հետ: Քանզի այս խնդրեց Միածինը իր Պատվակցին ուղղված մաղթողական խոսքերով, կամենում եմ որ սրանք էլ ինձ հետ փառավորվեն, Հայր, քո շնորհների մեջ:

Զ. Երեք քառյակ թվով՝ գովելի բարություններին բաղդատված, աշխարհի չորս ծագերի համարձակ խոսնակներ, անեղի միաբան բնության սիրո ջատագովներ, շնորհազարդ Բանատուի հոգեշունչ ավետարանիչներ, ուղղաձիգ եւ հանդարտաքարշ ամոլներ, բանավոր եւ նվիրական զվարակներ, կրոնով լծակիցներ՝ համահետ եւ խոհեմընթաց, խաչաձեւ խորհրդավոր գործիքով մարդկային սրտերի անդաստանները հերկագործողներ, փրկագործության ավազանը կրողներ եւ ձեր թիկունքի վրա բարձրացնողներ: Քանզի երեք-երեք խմբված չորս գնդեր, թվով տասներկու ձուլածո ցուլեր, կերպագրված անդրիագործական արվեստով, դիտում էին դեպի հյուսիս եւ հարավ, արեւելք եւ արեւմուտք, իբրեւ ձեր նախատիպ օրինակները, իրենց ուսերի վրա կրելով պղնձյա խաչանիշ ավազանը, սողոմոնյան տաճարի գավիթի ծոցում, իբրեւ եկեղեցական խորհրդածությամբ տիեզերքի վերադիտողներ՝ վերստին նորոգությանն ի նպաստ սրբելով ջուրը մկրտության: Որով մեր աներեւույթ մտքերի կամ հոգիների ծածուկ ախտերը մաքրեցինք, ինչպես ստվերական առակի մեջ մաքրվում էին մատուցված արջառների որովայնների թաղանթները, եւ հնի տեղ նորը կարկառեցիք: Քանզի անվրեպ եւ անտարակույս այս խորհրդանշանը ձեզ է հարմարում, ով աստածարյալներ, որ խրոխտ եք միանգամայն եւ հանդարտ:

Եղջերվաց ձագերի օձասպան սերնդի նման, մարդասեր եւ ամենաստեղծ Հոգու Զորավոր Խնամքների շնորհիվ ժողովված, եւ Եսայու նախագուշակ խոսքի համաձայն վիճակով որոշված Բանի քարոզության, սատանայի մահացու եւ սպանիչ թույների իսպառ սատակիչներ, վիշապի՝ առաջին խաբողի դժնդակ շնչի խստության հաղթողներ, զորավոր հրեշտակներ, անքուն զվարթուններ, լուսեղեն պատգամավորներ, անաչառ դատավորի ընծայատուներ, անեղի կամքի շնորհները բաշխողներ, Աստծո ծածուկ խորհուրդների հոգեւոր մատյաններ, մարդկային ծնունդների ժամանակագրության տոմարներ, տիրագիծ եւ աստվածադրոշմ տախտակներ, հանդարտաձայն սաղմոսների նավակատյաց տոներ՝ ամենայն գովությամբ գերազանց: Փառքով զգեստավորված քան թե հանդերձով, երկնքի բնակիչներ քան թե տաճարների, հրեշտակների կենցաղակից քան թե երկրավորների, թեթեւ հոգիներ թանձր մարմնի մեջ, նյութով հորինված անբիծ անձրեւ, հոգեւոր իմաստությամբ արագաթեւ ճախրողներ, անմատույց մուտքերից մտքով ներս սլացողներ, երկնային հրաշքների երկրածնունդ պատմիչներ, անմահի փառքերի հողազանգ քարոզիչներ:

Ը. Դեւերի գլխավորին խորագիտության կարթով բռնողներ, դաժան բռնավորի հետ դյուրությամբ բռնվող փոքրիկ ձագի նման խաղացողներ, ձեռքերի մերկ մատներով, եւ ոչ թե ոտքերին հագած կոշիկներով, խորտակեցին խայթողի գլուխը: Որի նմանաչար օրինակը, Պողոսի տիրամեծար, մաքուր, ընտիր, պարգեւաձիր եւ շնորհաբաշխ աջի միջոցով, բորբոքած խարույկի բոցի մեջ նետվեց, բարբարոսների առաջին սահմանի վրա, ուր հրաշապես ճանաչվեց Հիսուս, իր աշակերտի համարձակությամբ: Քանզի, ինչպես որ Հոբի վարագուրված խորածածուկ այլաբանության մեջ, երկարատեւ եւ դժնդակ պայքարի վերջում երանելին տիրացավ հաղթության մրցանակին, ապա կակղեց չարի անգծելի եւ անտանելի կարծրությունը, եւ խայտառակվելով իբրեւ պատժապարտ, իսպառ վտարվեց այս կյանքի կայանից, այնպես էլ սա եւ իր համակրոն նույնահավատ գործակիցները, երկրածուփ ալիքները կոխոտող մի նավի գավիթից կարծես երջանիկների սակավաթիվ գնդով, այդ հաղթության հանգույն բանսարկուի մոլեգնաճառ գլուխը իր կամակոր մեքենայությունների ողջ զգայություններով եւ մտածություններով ուսի արմատներից կտրատեցին:

Թ. Որովհետեւ ընտրյալ եւ զարմանալի Կիլիկեցին, որ հեթանոսների առաքյալ կոչվեց Արաբիայում, երանելի, հրաշանուն եւ քաջամարտիկ ախոյանը. մանավանդ, մշտանվեր աղոթքներով եւ խնդրանքներով ծովի դիվաբախ ալիքները կարկելով եւ ընկրկելով խափանեց: Եվ թեպետ փայտակերտ լաստով սասանվեց ծովի անդնդախոր հորձանքներում, բայց անմարմնաբար, քան թե թանձրապես հաղթեց անդունդներին եւ անդնդականներին եւ ծաղրական այպանումով հեգնեց, մեծն Դավթի համաձայն, ծովային ահավոր վիշապին եւ անսայթաք քայլերով առաջացավ անկոխ հատակի սահմանով, մեծն Մովսեսի նման բաժանեց անհուն ծովի ծոցը, հմուտ որսորդների նավի խորհրդավոր օրինակի համաձայն նավորդների վրդովահար հոգիները ջրահեղձ մահից ազատեց: Եվ շրթնաշղթա կարծր առասանով սանձահարելով պաշարեց եւ տրորեց կործանողի կզակները՝ մեծ Եդովմացու առակավոր խոսքի համաձայն, եւ կենարար խաչի զորությամբ նվազեցրեց եւ չորացրեց իժի ժանիքների վնասակար եւ մահացու թույները: Եվ այսպես ստվերական գրի գուշակությունը իրագործեցին եւ կոխեցին, մանրեցին ատամները օձերի՝ մոլի հերձվածողների, եւ թունավոր խայթոցները կարիճների՝ նրանց գործակիցների, չարի մեջ զորացած մահվան եւ Բելիարի հետ:

Ժ. Իսկ նրա առաջին լծակիցն ու կցորդակիցը, սկզբնաթիվն ու նախամեծարը, հաստատուն վեմն ու զորավոր կոթողը, եւ անվանի քարը, յոթնաթիվ դավանությամբ հարմարագրված, այս աշխարհի սկզբնավորման եւ լրման խորհրդավոր ժամանակաշրջանի համաձայն ընտրյալ ու փառազարդյալ Կեփասը՝ Կենարարի շուրթերով երանված, եւ բարձրյալ Հոր բարերարությամբ ներշնչված եւ իմաստնացած, եւ իմաստության հոգու ուղիղ դավանությամբ, անքննելի ծննդյան հավիտենական սկիզբը քննած, արժանապես բարգավաճեց Անեղի խոսքով՝ երանի է քեզ, Սիմոն, Հովնանի որդի: Ուստի եւ նրանով ըստ այս ուխտակցությամբ սրան պաշտոնակից եղողներին անճառապարգեւ այս երանությունը ավետարանվեց Արարչի ձայնով: Զի, եթե համաձայն ենք նրանց դավանությանը՝ փառքին էլ կլինենք զուգապատիվ, եւ մարդացյալ Աստծո մաղթանքով՝ նրանց խոսքի զորության շնորհիվ մենք պատսպարված կլինենք եւ հավերժական հույսով պաշտպանված, քանզի մարմնացած Փրկիչը, ադամային մարմնով նրա զավակների փրկությունը հայցելով ասում էր. ինչպես սրանց համար, այնպես էլ սրանց խոսքերին հետեւելով՝ ինձ հավատացողների համար եմ աղաչում, Հայր իմ Բարձրյալ:

ԺԱ. Ահա պատճառները եւ սկզբնական շավիղները այս երանության բուն բովանդակ բազմաբույր բարիքների: Մարմնացյալի կենցաղակիցներ, խոսքն ստեղծողի խոսակիցներ, կամակատար մատակարարներ, կենարարի կերպարանքը նշմարողներ, փրկողի ծածկված փառքը հայտնապես տեսնողներ, ընտրյալների շարքում անվանիներ, հայրերի դասակարգում հրաշալիներ, վախճանվածների նորոգման վկաներ: Նոյի անդրանիկի՝ Սեմի նախապատիվ եւ կանխամեծար սերմից սկզբնավորվածներ, Մելիքսեդեկի մաքուր վարքի զուգաշավիղներ, Աբրահամի ուրախալի գոգի զավակներ, Իսահակի գրկի գովելի ժառանգներ, Իսրայելի ուխտի երանելի որդիներ, Հուդայի ավետիսի զարմեր եւ շառավիղներ, Մովսեսի օրենքի գերազանց աշակերտներ, ըղձալիների եւ գուշակվածների մերձավորներ եւ ներկաներ, առյուծների անպարտելի կորյուններ, պատարագելի գառնուկների զույգեր, տիրահավաք հոտերի խմբեր, աստվածասազարդ գնդերի ազգեր, Հոր Անդրանիկի ժառանգակիցներ, Միածնի փառքի եղբայրներ: Հիսուսի մարմինը ձեզանից է՝ ըստ սուրբ մարգարեի վկայության, մարդկորեն Տեր Քրիստոս ձեր մեջ, եւ հոգեպես դուք շաղկապված նրան: Ահա այսպիսի եւ առավել եւս անկշռելի եւ անհամեմատ գովեստներով պատվված եւ փառավորված եք: Կենաց տունկից ընձյուղված, պտղավետ, հրաշանշան, քաղցրաճաշակ որթի բարունակներ, աճումնաձիգ եւ վարսավոր ճյուղեր:

ԺԲ. Արդ այս բարգավաճ բարեբաստությամբ բերկրալի խոսքերի հրաշանշան եւ հաճելի խորիմաստ հանդեսով եւ անտխուր հրճվանքով տոնվեցիք բյուրավոր մարդկանցից: Թեպետ ննջեցիք երկրաստեղծ աչքերի փակումով, ընծայվելով հողածին զարմի ամենունակ եւ հոգնըմբռնող նախածնողական մայրենի ծոցին, բայց ձեր կենսատու խոսքի սերմերի արգասիքը մինչեւ այժմ էլ տեսնվում է արդյունալի ամբարների անվերջ եւ անհամար թվերով: Մահվան մեջ կենդանի, մարմնի մեջ անմահ, ստեղծվածների մեջ անեղծ, եւ սկզբնավորվածների մեջ մշտնջենավոր: Հիսուս Քրիստոսի եւ նրա հոգու առաքյալներ, Փրկչի կրոնի կաճառակիցներ, պարագրողի շավղակիցներ, եւ նմանակիցներ նրա, որ երեւաց: Հորը՝ Միածնի հետ, փառք եւ աշակերտներ, անսկիզբ եւ անժամանակ էության ազգական եւ ընտանիք, ինչպես մեկը մյուսից առնելով ոմանց իմաստասիրեց: Դուք արժանապատիվ փառքով առաքվածներ, ծածուկ ծոցից իջածի կողմից: Ձեր ձեռնադրությամբ մարգարե դարձան Ագապոսն ու Տիմոթեոսը, ձեզանից ավետարանիչներ «բարձր պատվար» հորջորջվեց սրբասնունդ պատանի Մարկոսը՝ աշակերտը Պետրոսի, հարության անունը կրող, համբարձումը պատմող, Անտիոքացի երիտասարդը՝ Ղուկասը՝ բժշկապետը հոգիների, քան թե մարմինների: Ձեզանով եւ ձեզանից՝ հովիվներ եւ վարդապետներ:

ԺԳ. Խրթնածածուկ բարբառների լեզուներ, օտարացեղ ձայների հայտնություններ, աներեւույթների բացահայտումներ, համարձակ եւ առատացած զորությամբ, տեսչությամբ, հանճարով, պատասխանատվությամբ, աներկյուղությամբ, խոսքի պատշաճ դարձվածքներով, հաջողակ երկուսի մեջ էլ, եղծելու՝ ինչպես Սափիրայի, եւ նորոգելու՝ ինչպես Տաբիթայի պարագայում: Անուշ հոտերի բուրումներ: Ահեղ որոտման վեհ ձայնատուներ, Բաներեգես է ձեր անունը Տիրոջից: Այսպես զորացած եւ քաջացած, ոտքերի անվնաս գարշապարներով խրախուսված եւ անգայթակղելի, ձեր քայլերն առաջնորդվեցին կենաց ճրագի փայլուն նշույլներով, շնորհաշավիղ եւ լուսատեսիլ՝ երկրայինների աննման տոհմից: Հաջողակ աջով տեառնագրվածներ, ի նշան նորոգության, ախտերի եւ մահվան տխուր վշտերի՝ Աստծո հրամանով հաղթական անպարտելիներ եւ քաջագույններ, համազույգ երկնային զորքերի: Ձեր ոտքերի մուտքը դեպի փառք՝ երանության վայրի սահմաններից ներս: Հարսանեկան պարերի կցորդներ անմահների կայանների խորանի մեջ, Ամենակալի ձեռքով օրհնվածներ, Համբարձման գովաբանված օրը՝ տասներկու պատշաճավոր թվով խորհրդավոր խմբեր, դատաստանի ատենապետներ՝ նորոգման սոսկալի օրվա:

ԺԴ. Արդ այսքան խնկելի եւ նվիրական, սխրալի եւ զարմանալի առավելություններով երանված եւ բարեբանված եք դուք, լուսանշույլ եւ ոչ հողանյութ, հոգեգումար եւ ոչ մարմնագունդ, հաղթական եւ ոչ պարտելի, երկնակենցաղ եւ ոչ երկրավոր, անապական եւ ոչ մահկանացու, սերովբեամաքուր եւ ոչ երկրամեղ: Թեպետ ստուգապես մարդիկ եք երկրավորների դասակարգից, սակայն հրեշտակներ եք հավաստապես՝ երկրավոր կայանների կրքերից հեռու: Միակ գլխի՝ Հիսուսի հետ զոդված տասներկու անդամներ: Բարձրյալի կենդանարար կամքի հաճոյական հիշատակարաններ: Քանզի նրանք, որ մարմնով են, չեն կարող Աստծո բնակարան լինել. եւ դուք մարմնով չեք, այլ՝ հոգով, որ կրողներն եք Աստծո հոգու: Եվ զատորոշվում են իրարից շնչավոր մարդն ու հոգեւորը, ուրեմն հոգեպես է, քան թե մարմնաբար, ձեր ընտրած կենցաղավարությունը:

ԺԵ. Կերպատարազ նշանագրեր զարմով այլազան, միահար շարված տասներկու կենդանակերպներին, որոնք վարում եւ կարգավորում են երկրի տարրերը, եւ տարվա շարժումներն ու հաստատությունը, ըստ քերթողների բացատրության: Քանզի նրանցից մեկը զոհացու է, ինչպես կատարյալ ոչխար արու, եւ մյուսը գործունյա իբրեւ զվարակ լծաձիգ եւ կասող, եւ արքայական՝ իբրեւ մարդադատիչ եւ առյուծ հզոր: Եվ այսպիսի թվով հարմարված, մինչեւ կատարյալ թիվը տասներկու: Տասներկուսն է երկրի մասերի թիվը, տասներկուսն են ժամերը ցերեկվա, տասներկու՝ մարմնի գլխավոր անդամները, տասներկու՝ սուրբ շուրջառի գոհարները, տասներկու՝ աղբյուրները եւ նրանցից ըմպող զորապետները, տասներկու՝ Հորդանանի հատակից վերցված գետածին վկայական քարերը, տասներկու՝ թիվը վեմերի, որ հաստատեց Եղիան կործանված սեղանի հիմնատեղում: Ահա խորհրդավոր տասներկու թիվը, վերոգրյալներով վկայված, ձեր սրբազան անունների հիշատակարանը:

ԺԶ. Եվ դեռ սրան կցելով պսակող եւ նորոգող Սուրբ երրորդության ամենազոր էությունը, ներբողական գրականության պտղածին ճյուղը պիտի բարձրացնեմ դեպի իմանալին: Քանզի երեք քառագիր վանկերի մեջ, որոնցով հորջորջում ենք մեզ հայտնված միափառ եւ Հայր եւ Որդի եւ Հոգի, եւ միաշար դասելով պատված եւ օրհնաբանված երեք ազգակիցների թիվը, ձեւանում է տասներկուսը: Ահա եւ նրանց մեջ ցանկացված, եւ վեհագույնով վկայված, եւ անճառելիով հաստատված Աստծո ազգականներ եւ սրբերի քաղաքակիցներ, իմանալի շինվածքներ, եւ անբաժան տաղավարներ, արարչության օթեւաններ եւ ախորժելի բնակարաններ:

ԺԷ. Իսկ յոթանասնից ճառը, փոխելով մեր խոսքերի ուղղությունը, հավետ չզգալի եւ ախորժելի մի խորհուրդ է ցուցանում: Քանզի ընտրյալների այսքան բազմագումար դասերի ներբողը ինչպիսի՞ խոսքերով կարող է կատարվել: Քանզի ավետարանական պատմության ամենասուրբ գրության համաձայն, մաքրակենցաղ եւ տիրաքարոզ ճամփորդությունից հետո, նրանք փութալով հասան իրենց առաքյալի մոտ եւ Տիրոջ առջեւ կանգնած զվարթ բերկրանքով պատմում էին նրան կանչողի անվան փառավոր զորությունը, ախտերի փարատումը եւ դեւերի հալածումը, իսկ նա ավետում էր նրանց իրականությունն առավել մեծ հույսի. «Ուրախացեք ձեր անունները երկնքի մեջ գրվելու համար: Ով փափագելի մեծ եւ անահ երանություն, քանզի Աստված, որ գրեց նրանք, ինքն իսկ վկայեց, այս պարգեւով հռչակելով նրանց սուրբ արքայության ժառանգներ եւ որդիներ: Ով աստվազգեստ անձեր, ամեն բանով կատարյալ, բազմաթիվ բարիքներով բեռնավոր, իսկական շնորհով կատարյալ, աննվազ պարգեւներով լցված: Յոթանասուներկու լեզուների այլազան ձայները միատեսակ զուգաշուրթ խոսակցության վերածողներ, բաժան-բաժան եղած աչքերի սիրո անսասան շաղկապներ, վայելչական խմբերի դասեր եւ դասապետներ, տիեզերքի, երկրի դատավորներ, կայսերական թագաժառանգների հույլեր. իշխանական ինքնակալ պետություններ, պատվական նախարարազունների գեղեցկագեղ գնդեր, երկնային բնակության ընտրյալ եկեղեցիներ, վեհերի դասակցության կաճառակից կցորդներ, անմահի փառքի կայուն եւ անխախտ կույտեր, Բարձրյալի հրամանների համարձակ կատարիչներ, հարսնացյալ եկեղեցու աստեղանիշ շարքեր, խորհրդավոր Հեղիմի յոթանասուն արմավենիներ»:

ԺԸ. Եվ բոլորը մեկեն գրելով այս ներբողաբանության կարգում, պայծառապես պիտի պճնազարդեմ դրվատական ճառիս նկարակերտությունը: Քանզի Աստվածային Բանը, անճառ եւ անքնին ծոցի անժամանակ իսկությամբ միայնակ ծնունդը, որը եւ եղավ մաքուր կույսի եւ անարատ սրբուհու անդրանիկն ու միածինը, մորից հատուկ՝ առանց երկրավոր հոր կամքի, Աստված, ըստ տեսականի, եւ մարդ՝ ըստ պարզության, միավորական խառնությամբ, ոչ իզուր եւ ոչ պարապ տեղը, այլ մեծ նպատակի համար, ձեզ վերակոչեց Առաքյալների սրբագունդ դաս, ոչ թե ընտրությամբ միայն վկայված, այլեւ պանծալի եւ պատշաճ թվով պայծառացված, կարգեր եւ կնիքներ խորհրդավոր յոթը տասերի, փոփոխական ժամանակների հեղաշրջիկ դարերի համաձայն: Իսկ յոթանասունին հավելված երկուսը՝ նշանն է գալիքների եւ ներկաների, երկնավորների եւ երկրավորների, մարմնի եւ հոգու տապանակիր տախտակների, երկնքի երկյակ գոյության, երկնային լուսավորների երկու լուսատու աչքերի, Եդեմի եւ մեր երկրի, հին օրենքի եւ նոր ավանդության:

ԺԹ. Եվ արդ, այսքան խորհուրդների նկարագրեր եւ պատկերներ, ոչ միայն առաքյալներ, այլեւ նահատակներ, ոչ միայն խոստովանիչներ, այլեւ նահատակներ, ոչ միայն խոստովանողներ, այլեւ վկաներ, ոչ միայն չարչարվածներ, այլեւ սպանվածներ, ոչ միայն մաքուրներ, այլեւ մարտիրոսներ, ոչ միայն ընծայվածներ, այլեւ նվիրյալներ, ոչ միայն մատուցվածներ, այլեւ հարգվածներ, ոչ միայն պատվվածներ, այլեւ պատարագվածներ, ոչ միայն մարմնով մահացվածներ, այլեւ խնկաբոցով Վերնայինին մատուցվածներ, քանզի իմաստուն Պողոսը ձեր գովաբանված դասը հռչակեց՝ Քրիստոսի եւ նրա Հոր անուշ եւ հաճոյական հոտը: Ցանկալիներ եւ երեւելիներ, գովելիներ եւ պատկառելիներ, խնկելիներ եւ պսակելիներ, Հակոբի տան զարմի մնացորդներ, Սոդոմի չարիքներին անհաղորդ որդիներ, Աբրահամ նահապետի հավատի ժառանգորդներ: Քանզի, եթե զորությունների Տերը ձեզ պահած չլիներ իբրեւ նոր Սիոնի ընտրյալ զավակներ, սա էլ պիտի նմանվեր ստվերական Սինային: Բայց բարձրացավ վերացավ երկրից աստվածային փառքով ձեր քարոզությամբ, ինչպես վերից խոնարհվել իջել էր անունը՝ իր իսկ գթությամբ:

Ի. Եվ արդ, եթե Երրորդության իսկությունը, ձեր լեզվով ծանուցվեց, եւ Արարիչը ձեզանով հռչակվեց, եւ Աստծո Որդին ձեզանից քարոզվեց, եւ վերին պարգեւների անքննին խորհուրդը երկրի վրա հայտնվեց, ապա ձեզ դավանում են ոչ թե երկրածինները, այլ երկնայինները եւ հոգեճաշակները եւ արփիաբնակները, որդիները բարձյալ Հոր շնորհի: Զի եթե Մովսիսյան ստվերագիր մատյանում Իսրայելը անդրանիկ որդի է կոչվել, եւ դարձյալ թե Աստծո եւ թե Տիրոջ որդիներ եք, նաեւ նրանք, որ նախապես գրվել էին Աստծո որդիներ, որ մերձեցան մարդկանց դուստրերին: Եվ դարձյալ ես գրեցի, թե Աստծո եւ Բարձյալի որդիներ եք: Իսկ նոր ավետիսի պաշտոնյաների եւ ճշմարտությունը տեսնողների, եւ Քրիստոսի ժառանգակիցների եւ մարմնի բաշխողների, եւ աստվածային կերպարանքի տնկակիցների, ոգեւորության պատվի մասին ո՞վ պիտի թերամտի եւ կասկածի: Քանզի նրանց խոսքն ու քարոզչությունը լցրեց տիեզերքը, եւ իբրեւ աստվածային կամքի պատգամներ, տարածվեցին աշխարհով մեկ, եւ իբրեւ արարչական բանի երիվարներ ծովածուփ ալիքները տրորեցին եւ սանձեցին ապստամբ վիշապի եւ աստվածային բանի հզոր զորությամբ, եւ բռնացողի գանձերի մթերքը՝ արիաբար գերելով գրավեցին, եւ փյունիկեցի զինվորների գումարտակը կենդանի ջրի մեջ խեղդեցին, եւ կարծրացած մտքերի անդաստանը արորներով հերկեցին, եւ մարդկանց ապստամբությունը կրոնի եւ մահվան հնազանդեցրին, եւ երկրածինների անողջախոհ կենցաղը՝ կուսական մաքուր հանդեսի փոխակերպեցին, եւ Արարչի հասուն սուրհանդակները հեռաբնակ վայրեր արշավեցին, եւ իբրեւ տան անձուկ մի գավիթ՝ ողջ աշխարհը ոտքով չափեցին եւ իբրեւ հին արհեստի վարժությամբ մաքսեցին մտքի եւ սրտի քսակները, եւ ձկնորսների դասից կոչված բանավոր բազմություններ ուռկանեցին եւ հալածիչների հույսից հրավիրված խաչված Աստծուն քարոզեցին, եւ հեթանոսների միջից ողորմություն գտած մոլեգնապատիր կուռքերին կործանեցին, եւ վրիպարհեստ բժիշկներից ընտրված՝ հոգիների աչքերը լուսավորեցին եւ աղախնածին ծառաներից ատրուկները՝ հրամանատու տերերին իշխեցին, եւ այսքան նվաստ դիրքերից՝ ծայրագույն շնորհի արժանացան:

ԻԱ. Եվ իբրեւ մեկ հնազանդ պատանի՝ ողջ աշխարհին աշակերտեցին, սկսելով Երուսաղեմից, Կեդարի նսեմանուն վայրերը Իսմայելի որդու, Հագարի թոռան անունով կոչված, Քանանի զարմից Քետացիների ծովային կղզիները, Սեմի ժառանգության բաժնի վիճակը՝ ամենայն եզերքներով, բազմահոլով Կադիրոնը՝ մեծ եւ երկայնանիստ Ասորեստանի հետ, մինկորովնը պարսից դոներով՝ Աբրահամի սերմից Բետուրայի որդի Զեմրանի տոհմին, արեւելյան մարզերը՝ պարթեւազն Մարերի եւ Արիների, Մադանի եւ Մադիանի, եւ Պարսկաստանը հեղեղող խուժերի, Լիբիան՝ հզոր ծովի հարավային ծոցի հետ Ասիայի կողմը՝ Եվրոպայով հանդերձ, Եթովպիայի երեք հինգերորդը՝ նրանցից մեկը եւ ամբողջությունը՝ երեք հինգերորդը՝ նրանցից մեկը եւ ամբողջությունը՝ մեկ ուրիշը նրանցից, փղշտացիների եւ Սիդոնի աշխարհը՝ հնդիկներով հանդերձ, եւ Սուրը փյունիկեցիներով միասին, սատաղացիները եւ սկյութացիները, Լատինները, որ կոչվում են հռոմեացիներ, Դաղմատացիների եւ եղիմացիների հետ՝ դեպի հյուսիս եւ արեւելք տարածված, ուր առավել ապրեց նրանց խոսքն ու ավանդությունը: Քանզի Աստված զորացրեց Հաբեթին, Նոյի մարգարեության համաձայն, եւ բնակեցրեց Սեմի տան մեջ, այսինքն՝ առաքելական վիճակի բաժնի մեջ, որոնք իբրեւ սիրելի Սեմի եղբայրներ հովվեցին նրանց իրենց խնամածո թեւերի ներքո պատվիրանի վերակացությամբ:

ԻԲ. Եվ այսպես փութացին ավետարանելու, հետիոտն, դաժանաքայլ, քրտնաթոր եւ աշխատակիր վաստակով՝ երկրի երեսի լայնատարր եւ ընդարձակ տարածությունների վրա հույներին եւ բարբարոսներին, Հիսուսի կենդանարար անունը չլսածներին, մարգարեներին եւ նրանց պատգամներին ամենածանոթներին: Եվ իբրեւ մտքի անփակ սրություն, եւ փայլակի մաքուր շողյուն՝ արարածներին ամենայն լուսավորեցին, եւ կռապաշտության խավարից վերածեցին փառքի, երկրավոր ազգերի տոհմերը, փրկված եւ ազատված, իբրեւ ավազանի անբիծ արգանդի անխարդախ ծնունդներ՝ ամենքի փրկիչ Տիրոջն ընծայեցին: Եվ իբրեւ որդիներ, քան թե ծառաներ՝ Հիսուսի մոր, կենցաղակից լինելով մաքրաբար, արժանաբար, արժանապես սպասավորեցին լուսածին մարմնի գովված հանգստին, ուր նրանցից ծնված Աստված ամենքի աչքերի հանդիման տեսանելի հռչակեցին: Որ եւ նրանով, եւ նրանից հետո անճառելի հրաշագործությամբ՝ մահացու ախտերը մարդկանցից հալածեցին: Խավարած աչքերի տեսողությունը կրկնահավելյալ լուսավորեցին: Ախտացյալ մարմինների լուծված անդամները առողջ կյանքի վերականգնեցին: Մեռյալներին վերստին կենդանացրին հայրությամբ եւ անտարակույս փրկությամբ: Դեւերի աներեւույթ չարի զորքերին Աստծո կամքի Բարկության հողմով իսպառ հալածեցին: Երկնային բնակարանների մուտքի Ճամփաները բացեցին հողածիններիս: Ձախակողմյան հեթանոսներին աջակողմյան օրհնեցին: Հրեական ձեռնարձակությունը իշխանական խոսքով սանձեցին: Մովսեսի դեմքի գեղազարդ փայլը իբրեւ ստվեր ցուցանեցին: Վերին բարկության սոսկալի սաստն ու տրտմությունը երկրավոր արարածներից տրոհեցին: Եվ երբ այս ամենով լցվեցին, լիացան եւ երանվեցին, ապա իբրեւ ընծա պատարագվեցին՝ զոհաբերվելու բարձր վերնական սեղանին: Եվ նկարագրյալ դրոշմվեցին երկնային դպրության մատյանում: Եվ ցամաքած ոսկորներով ջանում են ողջերին փրկություն լինել: Եվ Փրկչի հաղթության եւ անապական մահվան մրցանակ են քարոզում, բարձրահունչ ավետարանելու՝ մկրտությունը, քավությունը, եւ վերանորոգող հարությունը:

ԻԳ. Սրանք են մեր նախնիները, սրանք են մեր ծնողներն ըստ ավազանի, սրանք են դաստիարակները մեր կրթության, սրանք են վարդապետներն աշակերտողներիս, սրանք են բարի դավանության ուսուցիչները, սրանք են Սուրբ Եկեղեցու հիմնադիրները, սրանք են կցորդակիցները ճշմարիտ պաշտամունքի, սրանք են խրախույսներն ընտրական կրոնի, սրանք են ձեռնադրողները քահանայության, Քրիստոսից ընկալված եւ մեզ համար սահմանված, հավատարիմ ուխտի դաշնավորները, վեհագույն աստվածատունկ կարգի վկաները: Սրանց ընդունելի եւ հաճոյական մաղթանքների եւ աղոթքների շնորհիվ մենք էլ ընդունենք մեր մասը փրկության աստվածային նախախնամության բարերար գթությունից: Որ ձեռքերը մեր զորանան շնորհներով, բժշկություններով, կենաց պարգեւների բաշխումով: Նրանց համար, նրանց հետ, միեւնույն հավատով քավված, փրկված եւ արդարացած, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ. ում փառք եւ մշտնջենավոր գովեստ անդադար երգերով, Հոր եւ Սուրբ հոգու հետ, հավիտյանս հավիտենից. Ամեն: