«Ընտրություններից անցել է 2 տարի, ընտրվել է նոր նախագահ, նոր կառավարություն: Կարծես թե նորմալ աշխատում ենք, ի՞նչ կարիք կա` նախկին իշխանավորը վերադառնա»,- երեկ` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին լուրերին, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: «Եթե դրա անհրաժեշտությունը լինի` մենք կդիմենք: Պետք չէ անընդհատ կողքից հուշել` Քոչարյանը գա՞ իշխանության, վարչապետ լինի՞, թե՞ ոչ»,- դժգոհել է Զոհրաբյանը` ասելով, թե ՀՀԿ-ն եւ կոալիցիան բավարար ուժեր ունեն երկիրը ղեկավարելու համար, եւ նոր մարդիկ պետք չեն: Ի դեպ, նա նաեւ հայտարարել է, թե գործող իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը տարբերվում է Ռ. Քոչարյանի վարած քաղաքականությունից: «Այսօր մեր մոտեցումները ԼՂՀ բանակցությունների վերաբերյալ որոշակիորեն տարբերվում են. մենք կողմ ենք եւ առաջարկում ենք, որպեսզի ԼՂՀ-ն լինի բանակցությունների կողմ: Մենք առաջարկում ենք շտկել սխալները, հենց դրանից են նեղանում մեր նախկին իշխանավորները: Այո, սխալ է տեղի ունեցել»,- ասել է նա: