ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցը` ՀՀ կառավարության պատասխանների հետ, հրապարակվել է ՀՀ Արդարադատության եւ ԱԳ նախարարությունների առաջարկությամբ: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ 2008թ. մարտին Հայաստան կատարած հատուկ այցի վերաբերյալ զեկույցում կոմիտեն մտահոգություն էր հայտնել մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով կալանավորվածների խոշտանգումների փաստի կապակցությամբ եւ մարտիմեկյան դեպքերի հրապարակային քննության կոչ էր արել: «Որոշ դեպքերում, երբ տեղի են ունենում որոշակի իրադարձություններ երկրներում, կոմիտեն իրավունք ունի ուղարկելու հրատապ այցելությամբ որեւէ մի խումբ: Մարտի 1-ի իրադարձություններից հետո տեղի է ունեցել նման այցելություն, եւ, բնականաբար, նման կոմիտեի զեկույցները միշտ չէ, որ հաճելի է ընթերցել, որովհետեւ նրանք լինում են շատ քննադատական,- ասել է նա` հավելելով,- Կարծում եմ` դրանք շատ կարեւոր են, որպեսզի հրապարակվեն, որովհետեւ եւ՛ հասարակության, եւ՛ իշխանության համար դա լուրջ զսպաշապիկ է: Այսինքն, պետք է մշակվեն գործողությունների քայլեր` անհապաղ դրանից հետո, որպեսզի դա վերացվի»: Հարցին` համամի՞տ է հնչեցրած մտահոգություններին, Դ. Հարությունյանը պատասխանել է. «Ես ոչ միայն համամիտ եմ, ես համարում եմ, որ, հավանաբար, մենք ստիպված ենք լինելու օրենսդրական փոփոխությունների միջոցով հասնել դրան, որպեսզի դա լինի նաեւ օրենսդրական պահանջ: Դրա մասին է խոսում նաեւ այն, որ ԺՀՄԻԳ-ի նիստում անգամ խնդիր դրվեց, որ մենք պետք է ներկայացնենք ժամանակացույցը ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների իրացման: Այդ առաջարկությունների շարքում գտնվում են նաեւ նմանատիպ առաջարկություններ»: