Նոր վարկածներ

23/03/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Անցած շաբաթ սկսված ԲՀԿ-ՀՀԿ կիսահրապարակային հակամարտությունը շարունակում է մնալ քաղաքական շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներից մեկը: Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն «իր տեղում չէ», ինչին հետեւեց վերջինիս պատասխանը, դրան էլ՝ ԲՀԿ-ականների պատասխանները եւ այդպես շարունակ: Կոալիցիոն գործընկերների փոխադարձ մեղադրանքներին զուգահեռ՝ փոփոխություններ տեղի ունեցան կոալիցիայի մյուս անդամի` ՕԵԿ-ի նախարարների կազմում: Նոր նախարարներ նշանակվեցին ոչ թե ՕԵԿ անդամներ, այլ դրանից անմիջապես առաջ ՕԵԿ-ական դարձած փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը եւ ՀՀ նախագահի խորհրդական Մանուկ Վարդանյանը:

Ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների, այս իրադարձությունները որոշակիորեն կապված են իրար հետ: Բանն այն է, որ մեր տեղեկություններով, նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է եղել փոխել նաեւ ԲՀԿ-ական երկու նախարարների` նրանց փոխարեն նշանակելով իր համար ավելի վստահելի մարդկանց: Հիշեցնենք, որ անցած ամիսների ընթացքում փոխվեցին նաեւ ԲՀԿ-ական Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու սպորտի նախարարները: Մեր տեղեկություններով, այդ փոփոխությունների ժամանակ Ս.Սարգսյանը Գ.Ծառուկյանին թեկնածուներ է առաջարկել` պատճառաբանելով, որ ԲՀԿ-ական նախարարները բանիմաց չեն: Գ. Ծառուկյանը չի համաձայնվել նախագահի առաջարկին, սակայն այդ հարցը իշխանության վերնախավում փակված չի համարվել: Եվ ահա, երբ ՕԵԿ նախարարների հետ նման փոփոխություն կատարվեց (այսինքն` իրականում ՕԵԿ-ից վերցրեցին այդ պաշտոնները` նշանակելով Ս. Սարգսյանի համար ավելի վստահելի մարդկանց), ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանը հայտարարեց Ն. Երիցյանի` տեղում չլինելու մասին: Այսինքն, եթե ԲՀԿ-ական նախարարները չեն տիրապետում իրենց ոլորտներին, ապա նույն վիճակն է նաեւ ՀՀԿ-ական նախարարների դեպքում: Հիշեցնենք, որ ժամանակային առումով Գ. Ծառուկյանի հայտարարությունը հաջորդեց ՕԵԿ նախարարների փոփոխության մասին տեղեկատվությանը: Այսինքն` երկու կուսակցությունների նախարարներին փոխելու խոսակցությունը տեղի է ունեցել դրան նախորդած շաբաթվա ընթացքում: Ընդ որում, մեր տեղեկություններով, Ս.Սարգսյանը նոր նշանակումների անհրաժեշտությունը բացատրել է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման զարգացումներով: Այն պատճառաբանությամբ, որ այդ իրավիճակում նոր մարտահրավերների դեմ պետք է կանգնած լինեն բանիմաց ու պատրաստված կադրեր: Մասնավորապես խոսքը վերաբերում է Տրանսպորտի եւ Կապի եւ Արտակարգ իրավիճակների նախարարներին: Ի դեպ, մեր տեղեկություններով, ՕԵԿ-ական նախկին երկու նախարարներ Մհեր Շահգելդյանն ու Գուրգեն Սարգսյանը որոշ ժամանակ անց «համարժեք» պետական պաշտոններ կստանան: Բացառված չէ, որ նրանք նշանակվեն պաշտոնաթող նախարարների համար «նախատեսված»` նախագահի խորհրդականի պաշտոնում: