Էլի զարմացել է

23/03/2010

«Սկսում եմ զարմանալ մեր արտգործնախարարի հայտարարությունների վրա, հատկապես այն կապակցությամբ, որ Հայաստանը հայտնվել է 1998թ. կարգավիճակում, որ բանակցությունները Ղարաբաղի մասով ձախողված են: Զարմանալի է, որ ձախողման մասին խոսում է արտգործնախարարը»,- երեկվա ասուլիսում անդրադառնալով ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին, ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: «Կարելի է ասել, որ նա 10 տարի մեր թիմի հետ միասին ներկայացրել է արտաքին քաղաքականությունը եւ բանակցությունները, եւ եթե որեւէ ձախողում կամ սխալ կա, ապա հիմնական անձնական պատասխանատվությունը իր վրա է»,- հայտարարել է նա` ավելացնելով, որ երկու տարի է, ինչ Օսկանյանն այլեւս չի զբաղեցնում նախարարի պաշտոնը, սակայն այդ ընթացքում բանակցությունների գործընթացում որեւէ նոր բան տեղի չի ունեցել, որ նախկին ԱԳ նախարարը չիմանար: «Այսօր մեր մոտեցումները ԼՂՀ բանակցությունների վերաբերյալ որոշակիորեն տարբերվում են. մենք կողմ ենք եւ առաջարկում ենք, որպեսզի ԼՂՀ-ն լինի բանակցությունների կողմ»,- ասել է նա: Հարցին, թե հնարավո՞ր է համարում ընդդիմության` իշխանության գալը, Զոհրաբյանը պատասխանել է. «Ժողովրդավարական երկրում ցանկացած քաղաքական ուժ, եթե ստանում է հասարակության պաշտպանությունը, գալիս է իշխանության: Չի բացառվում, որ կարող են գալ: Խնդրեմ, 2 տարի հետո ընտրություններ են, թող փորձեն` կտեսնենք»: Անդրադառնալով ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ վերջին օրերին արձանագրված լարվածությանը, Զոհրաբյանն ասել է. «Չնայած որոշ հարցերում ունեցած տարաձայնություններին` ՀՀԿ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հարաբերությունները միշտ էլ նորմալ են եղել: Եթե որեւէ բան չի խոսվում, ասում են` փակ-գաղտնի քաղաքականություն է վարվում: Հենց մեկը մի երկու բան է ասում, չգիտես ինչու` անսովոր է թվում, եւ ոմանք դրանում փլուզման նախանշաններ են տեսնում»: