Ինչ-ինչ՝ բայց մեր իշխանությունները մի բանում անգերազանցելի են. վատը լավի տեղ ներկայացնելու հարցում։ Ժողովրդական իմաստնության համաձայն՝ նրանց կարելի է նմանեցնել կատվի. այսինքն՝ ինչ բարձրությունից էլ ցած գցես, մեկ է՝ ոտքերի վրա են ընկնում։
Օրինակ, նախորդ տարի երբ համախառն ներքին արդյունքը վագրաձեւ անկում էր ապրում, մեր պաշտոնյաները մի գեղեցիկ անուն հորինեցին՝ «տեխնիկական ռեցեսիա»։ Այսինքն՝ 2008թ. ցուցանիշներն այնքա՜ն բարձր էին, որ դրանց հետ համեմատության մեջ 2009թ. ցուցանիշները «վատ էին նայվում»։ Նախորդ տարվա վերջին անկման տեմպը նվազեց, իսկ այս տարվա հունվարին եւ հունվար-փետրվարին պաշտոնական վիճակագիրներն անգամ աճ արձանագրեցին՝ համապատասխանաբար՝ 2.4 եւ 3.1%։ Բայց, իհարկե, այս անգամ պաշտոնյաներից եւ ոչ ոքի մտքով չանցավ դրան «տեխնիկական աճ» անունը տալ, քանի որ ճիշտ վերը նշված տրամաբանությամբ՝ այս տարվա աճը արձանագրվել է նախորդ տարվա անկման ֆոնին։ Թերեւս ավելի անկեղծ կլիներ 2009թ. առաջին 2 ամիսների ցուցանիշները համեմատել նախաճգնաժամային տարվա՝ 2008թ. համապատասխան ժամանակահատվածի համար։ Բայց, ինչպես հայտնի է, անկեղծությունը քաղաքական կատեգորիա չէ եւ դիվիդենտներ չի բերում։
Այս ամենը դեռ ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե գոնե լռեին։ Բայց մերոնք ոչ միայն չեն լռում, այլեւ բարդ ու ոսկեղենիկ հայերենով՝ սկսում են գովերգել իրենց իսկ նկարած աճն ու հիմնավորել «աճը»՝ իրենց անթերի քաղաքականությամբ։
Վերադառնանք, սակայն, պաշտոնական տվյալներին, մասնավորապես, արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշներին։ Այսպես՝ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով, այս տարվա հունվարին ներմուծումն աճել է՝ 12.4, իսկ արտահանումը՝ 57.5%-ով (նախորդ տարվա հունվարի համեմատ)։ Ներմուծումը հունվարին կազմել է 251.6 միլիոն դոլար, արտահանումը՝ 53.9 միլիոն։ Վատ ցուցանիշներ չեն (իհարկե՝ համեմատության մեջ)։ Դիտարկենք ներմուծման տվյալները, քանի որ պետական բյուջեի համալրման տեսակետից՝ ներմուծման ծավալները շատ կարեւոր են։ Մանրամասն տվյալներ (օրինակ՝ որ երկրից է ներմուծումն աճել կամ որ ապրանքատեսակների գծով) առայժմ չունենք։ Տեղեկատվության միակ աղբյուրը Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) վերլուծական տեղեկանքն է՝ խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի արդյունքները։ «Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա հունվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 67.6%-ով եւ կազմել ընդամենը 58.8 մլրդ դրամ»,- նշված է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ ներմուծման ընդհանուր աճը կազմել է 12.4%։ Փաստորեն, առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ խոշոր ներմուծողները սկսել են ավելի ազնիվ աշխատել, ստվերային դաշտից լրիվ դուրս են եկել, եւ ապրանքաշրջանառության աճը պայմանավորված է առաջին հերթին նրա՛նց գործունեությամբ։ Դա թերեւս ճիշտ կլիներ, եթե չլիներ մի «բայց»։ ԱՎԾ-ն աճը հաշվելիս հիմնվել է դոլարային տվյալների վրա, իսկ ՊԵԿ-ը՝ դրամային։ Իսկ դրամով հաշվարկ անելու դեպքում՝ աճը, բնականաբար, պետք է շատ ավելի մեծ լիներ, քանի որ դոլարը նախորդ տարվա հունվարին արժեր 305 դրամ, իսկ այս տարվա հունվարին՝ 380 դրամ։ Ասվածը առավել հասկանալի դարձնելու համար մի օրինակ բերենք։ Ենթադրենք՝ X ընկերությունը նախորդ տարվա հունվարին Հայաստան է ներմուծել 1 միլիոն տուփ սիգարետ, որի մաքսային արժեքը կազմել է 1 միլիոն դոլար։ Մաքսայինը, սակայն, ԱԱՀ-ն ու մաքսատուրքը գանձում է դրամով, եւ մաքսային արժեքն էլ պետք է վերածի դրամի։ Վերածել է եւ ստացվել է 305 միլիոն դրամ։ Նույն X ընկերությունը այս տարվա հունվարին նույն քանակի՝ 1 միլիոն տուփ ծխախոտ է ներմուծում, կրկին 1 միլիոն դոլար մաքսային արժեքով։ Սակայն այդ մեկ միլիոնը արդեն ոչ թե 305, այլ 380 միլիոն դրամ է։ Բնականաբար, եթե միայն X ընկերության համար մոնիտորինգ անցկացվեր ու հրապարակվեր, ապա ամենայն հավանականությամբ կկարդայինք. «Խոշոր հարկ վճարող X ընկերության կողմից ներմուծման ծավալները այս տարվա հունվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 24.6%-ով եւ կազմել 380 միլիոն դրամ»։ Կգրեին, հեռուստատեսային լրատվականներն էլ եթերից մեզ կավետեին հերթական «աճի» մասին։
Իհարկե, կոնկրետ այս տարվա խոշոր ներկրողների ցուցանիշների առումով չի կարելի ասել, որ աճ չկա, քանի որ ծավալներն աճել են նաեւ դոլարային արտահայտությամբ։ Սակայն իրական աճը հաստատ 67% չի կարող լինել, մանավանդ, եթե հաշվի առնենք գնաճը։ Սակայն պաշտոնական մեկնաբանության մեջ փոխարժեքի գործոնի մասին ոչ մի խոսք չկա։ Այնտեղ գրված է. «Այս ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է ոչ միայն առեւտրային նպատակով ներմուծված ապրանքների ավելացմամբ, այլեւ արտադրական պահանջներից ելնելով կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք ներկրված թանկարժեք սարքավորումներից»:
Ինչեւէ, ՊԵԿ-ի համար կարեւոր են ոչ այնքան վիճակագրական ցուցանիշները, որքան դրանցից բյուջե մուտքագրվող գումարները։ «Այս ցուցանիշի աճը ուղիղ համեմատական կարգով իր անդրադարձն է ունեցել նաեւ ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարների վրա, որը 2010թ.-ի հունվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ավելացել է 49.3%-ով եւ կազմել 10.9 մլրդ դրամ»,- նշված է վերլուծականի մեջ: Իհարկե, ոմանք կասեն՝ ի՞նչ տարբերություն, թե ինչի արդյունքում է արձանագրվել այդ աճը։ Կարեւորը՝ դրամով արտահայտված՝ 1.5 անգամ ավելի շատ մաքսատուրք ու ԱԱՀ է հավաքվել, ու դա լավ է, քանի որ, ասենք, ծերերը իրենց թոշակը ստանում են դրամով։ Սա, իհարկե, ճիշտ կլիներ, եթե դրամով արտահայտված ապրանքների գները չթանկանային։ Իսկ մեզանում փոխարժեքի բարձրացումն իր հետեւից անմիջապես բերում է ոչ միայն ներմուծված, այլեւ՝ տեղական արտադրանքի թանկացման։ Այսինքն՝ 20 հազար դրամ թոշակ ստացողը ուրախանալու ոչ մի բան չունի բյուջեի մուտքերի ավելացումից, քանի որ նրա 20 հազար դրամը օր օրի արժեզրկվում է եւ կորցնում իր գնողունակությունը։
Ճիշտ նույն կերպ՝ ուռճացված է նաեւ արտահանման ծավալների աճը։ Եվ կրկին՝ ոչ մի խոսք փոխարժեքի ազդեցության մասին։ Նշենք, որ այս միտումը առկա է բոլոր ոլորտներում (օրինակ՝ երբ խոսվում է վարկային պորտֆելի աճի մասին)։ Փոխարենը, ինչպես արդեն սկզբում նշեցինք, բոլորովին այլ պատճառներ են նշվում։ Օրինակ՝ ՊԵԿ-ի հրապարակման մեջ վերը նշված ցուցանիշների աճը բացատրվում է այսպես. «Նշված հանգամանքը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 2009թ. հաշվետու տարին եղել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարի, որի ազդեցության աստիճանական վերացումը հնարավորություն է ընձեռել խոշոր հարկ վճարողներին՝ վերանայելով ներքին հնարավորությունները նորովի կազմակերպել տնտեսությունը»: