– 1951թ. հիմնադրված «Ջերմուկ մայր գործարանը» հանքային ջրերի միակ գործարա՞նն էր Ջերմուկում:
– Այո՛, այն առաջին գործարանն էր Ջերմուկում, բայց` ոչ միակը հանրապետությունում:
– Ե՞րբ դարձաք «Ջերմուկ մայր գործարանի» սեփականատեր:
– 1994թ.-ին ես որոշ ներդրումներ արեցի գործարանում, սակայն դեռեւս սեփականատեր չէի: Առաջին 4 տարին ես համագործակցում էի Աշոտ Արսենյանի հետ, ով այժմ «Ջերմուկ գրուպի» սեփականատերերից է: Այնուհետ Աշոտ Արսենյանն իր բաժնեմասերը վաճառեց Օսկանյաններին: Ջանիկ Օսկանյանի հետ էլ համագործակցեցի շուրջ 5 տարի: Այդ ընթացքում թե՛ նախկին գործընկերներիս, թե՛ Օսկանյանների հետ որոշակի ներդրումներ արեցինք` արտադրողականության բարձրացման ոլորտում: Վերջին 5 տարվա ընթացքում ես ունեմ «Ջերմուկ մայր գործարանի» ՓԲԸ-ի 99,2 բաժնեմասը, իսկ բացի ինձից, կա եւս 37 բաժնետեր:
– Ի դեպ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ բարեկամական կապ ունե՞ր Ջանիկ Օսկանյանը:
– Այդ մասին ես նախընտրում եմ չխոսել: Միայն կարող եմ ասել, որ բարեկամական կապեր ունեն:
– Այնուամենայնիվ, ինչո՞ւ Աշոտ Արսենյանի հետ համագործակցությունն ընդհատվեց` «Ջերմուկը» բաժանելով 2 թեւի:
– Հին պատմությունները պետք չէ հիշել: Դա նախեւառաջ բիզնես է, որտեղ ամեն բան հնարավոր է: Այսօրվա տվյալների համաձայն` քանակական ամենամեծ արտադրությունը տալիս է «Ջերմուկ գրուպը»: Այդ իմաստով մենք երկրորդն ենք: Բայցեւայնպես, հանդես ենք եկել զանազան առաջարկություններով` աշխարհագրական տեղանունների մասին, ըստ որի` այն ընկերությունը, որը կրում է տվյալ տարածաշրջանի աշխարհագրական անունը, ապա դրա կիրառությունը արգելվի մյուս ընկերություններին: Սա միայն արտադրության որակը պաշտպանելու նպատակ ունի: Դժբախտաբար, մենք այսօր ունենք փոքրածավալ արտադրություն, ինչը պայմանավորված է փոքր ընկերությունների երեւան գալով: Վերջիններս, օգտվելով մեր ապրանքանիշից, այսպես ասած, բրենդից, սկսում են սպառել իրենց արտադրանքը: Դա լուրջ հարված է մեզ համար, քանի որ միջազգային շուկայում վատորակ «Ջերմուկի» համար մենք ենք դառնում պատասխանատու: Ու մինչ մենք փորձում ենք իրավիճակը հստակեցնել` ժամանակն արագ անցնում է: Իսկ այդ ընթացքում ի հայտ են գալիս ընկերություններ, որոնք շարունակում են վատորակ հանքային ջուր արտադրելու գործընթացը: Իհարկե, նրանք այդ քայլով նաեւ Հայաստանի տնտեսության զարգացմանն են խոչընդոտում: Այս տեսանկյունից կարող եմ վստահաբար ասել, որ մեր տնտեսությունը բավական վնասներ է կրել: Այստեղ տեղի է ունենում օրենքի տարրական խախտումներ, երբ վերոնշյալ ընկերությունները չեն վճարում հարկերը: Մենք այս պահին ունենք 120 աշխատակից: Վերջին 2 տարվա ընթացքում գործարանային նոր տարածքի վերանորոգում էինք կատարում` անցկացնելով նոր հոսքագծեր: Մենք ունենք մեր առանձին լաբորատորիան: Մենք լուծել ենք նաեւ «Ջերմուկի» այն խնդիրը, իսկ ավելի ճիշտ` այն աղետը, որ տեղի ունեցավ ԱՄՆ-ում, երբ արտահանված հանքային ջրերի նորմատիվները հակասեցին ամերիկյան չափորոշիչներին:
– Այսինքն` ԱՄՆ-ի Դեղամիջոցների ու սննդամթերքի վերահսկման ֆեդերալ բյուրոյի (FDA) պահանջը ճշմարտացի էր, համաձայն որի` «Ջերմուկի» մեջ արսենիումի պարունակությունը չափազանց մեծ տոկոսայնություն ունի, եւ վնաս է մարդկանց առողջությանը:
– Իրավիճակը հետեւյալն էր: Նախկին ԽՍՀՄ-ի, ինչպես նաեւ՝ ՀՀ ներկա օրենքով ընդունված է բարձր հանքայնությամբ ջուրը, որը պարունակում է որոշ քանակով մկնդեղ: Իսկ այդ մկնդեղը չէր համապատասխանում ամերիկյան եւ եվրոպական չափանիշներին: Երբ ԱՄՆ-ի պատկան իշխանություններն ի հայտ բերեցին, որ այդ մկնդեղի քանակը բարձր է, մեզ պարզապես ապրանքը թափել տվեցին ու աշխարհով մեկ սկսեցին պրոպագանդել: Այսօր մենք «Ջերմուկից» զտում ենք այդ անորակ հատկությունները: Ես կարող եմ հավաստիացնել, որ մենք այսօր ունենք միջազգային չափորոշիչներին համապատասխան հանքային ջուր: Մենք արդեն «Ջերմուկն» արտահանում ենք եվրոպական երկրներ, Ամերիկա եւ արաբական երկրներ: Իսկ հուլիսի 1-ից այդ հանքային ջրի զտման նույն մոտեցումները կլինեն նաեւ հայաստանյան սպառողների համար:
– Փաստորեն, մենք մինչ օրս առաջնորդվում ենք սովետական մոտեցումներո՞վ:
– Խորհրդային տարիներին կարեւորություն չէր տրվում հանքային ջրի մեջ ծանր մետաղների պարունակությանը: Թեեւ մինչ օրս շատ մասնագետների համար դա վիճահարույց հարց է: Ըստ նրանց` ջրի մեջ ծանր մետաղների պարունակությունը օգտակար է օրգանիզմի համար: Իհարկե, սա միայն հերքում են եվրոպական ու ամերիկյան փորձագետները, որոնք գտնում են, որ ճիշտ է, միգուցե ծանր մետաղները բժշկական նշանակություն ունեն, բայց սեղանի ջրի դեպքում դա բացառվում է: Իսկ ընդհանրապես ջրի օգտակար հատկությունների 99 տոկոսը մենք թողնում ենք` զտելով հազիվ 0,1 տոկոսը: Այլ երկրներում դա հակառակ պատկերն ունի` այնտեղ 99 տոկոսով զտում են ջուրը` վաճառելով իբրեւ խմելու ջուր: Մենք «Ջերմուկի» միայն վնասակար մասերն ենք հանում` թողնելով ամբողջ օգտակարությունը:
– 2008թ. «Անբարեխիղճ մրցակցության դեպքի» առիթով Դուք դիմեցիք ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով` հայտնելով, որ հանքային ջուր արտադրող մի քանի ընկերություններ օգտագործում են Ձեր ընկերության ապրանքային նշանները: Ի՞նչ արձագանք ունեցավ հայցը:
– Դժբախտաբար, որեւէ արձագանք չունեցավ: Հանձնաժողովն ընթացք չտվեց գործին` հիմք ընդունելով տվյալ տնտեսվարող սուբյեկտների այն հայտարարությունը, թե իբր տվյալ ժամկետում իրենք չեն գործել: Ու, բնականաբար, գործը կարճեցին: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք պահանջում ենք, որպեսզի տվյալ ընկերությունները, որոնք օգտվում են մեծ ընկերությունների բրենդերից, իրենք էլ ապահովեն տեխնիկական ու սանիտարական պայմաններ: Հակառակ դեպքում նրանց գործունեությունը ստվերում է մեծ ընկերությունների հեղինակությունը: Ի վերջո, ժողովուրդն այսօր տարակուսանքով է մոտենում «Ջերմուկին»` մտածելով, թե «Ջերմուկի» շշի վրա քանի տեսակ եղնիկ է «ապրում»: Դեռեւս 15 տարի առաջ, երբ ներգրավվեցի այս գործին, մի շարք խարդախություններ կատարվեցին: Այդ ժամանակ նույնիսկ մեր ընկերության պիտակներն ու շշերն էին օգտագործում: Թեեւ այսօր էլ տեղի են ունենում որոշակի խարդախություններ: Չնայած այս իմաստով խորհրդարանի քննարկումները տեղանունների մասին որոշակի դրական տեղաշարժ առաջացրին: Վերջերս այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե այդ օրենքը վերաբերում է միայն «Ջերմուկին», մինչդեռ դա մյուս հանքային ջրերի, գինու գործարանների եւ այլ ընկերություններին է վերաբերում: Կարծում եմ` ժողովուրդը պետք է մտքի հանգստություն ունենա ցանկացած ապրանքատեսակի նկատմամբ: Ցավալին այն է, որ այն փոքր ընկերությունները, որոնք սկսում են գոյատեւել մեր ընկերությունների հեղինակության հաշվին, սարսափելի պայմաններում են արտադրություն կազմակերպում: Եթե երբեւէ մտնես այնտեղ, հավատացած եմ` հետագա ամբողջ կյանքում կհրաժարվես նրանց արտադրած ապրանքատեսակից: Շատ անմխիթար վիճակում են կազմակերպում արտադրությունը: Հայաստանում անհրաժեշտ է կատարել մարքեթինգի հստակեցում: Եթե ՀՀ խորհրդարանն այս օրենքը դեռեւս 15 տարի առաջ ընդուներ, վստահ եմ` մենք այսօր նման խնդիրների առաջ չէինք կանգնի:
– Բայց Ձեր նշած պահանջն այսօր այլ երանգավորմամբ է ընդունվում, ըստ որի` տնտեսական դաշտում խոշոր ընկերությունները, հանձին նաեւ Ջերմուկի «Մայր գործարանի», ուզում են ազատ մենաշնորհ ստանալ:
– Դա որոշ ԶԼՄ-ների երեւակայությունն է: Պարզապես մեր ընկերության մասին լրագրողները, չգիտես ինչու, ավելի շատ անդրադարձ կատարեցին: Ցավալին այն է, որ աննկատ է մնում այն, որ օրենքի բացակայության պատճառով նույն խոշոր ընկերությունները ֆինանսական մեծ վնասներ են կրում: Այսօր ամեն մեկը անօրինական ճանապարհով փորձում են «Ջերմուկ գրուպ» կամ «Ջերմուկ մայր գործարան» բացել: Այս իմաստով բավական իրարանցում է կատարվում, ավելի ճիշտ` ջերմուկի փոքր գավաթում մարդիկ ստեղծում են փոթորիկ` այն դարձնելով նաեւ ազգային մեծ հնչեղություն ունեցող թեմա: Իսկ իրականում պետությունն այսօր փորձում է անել այն, ինչը 15 տարի առաջ պետք է աներ: Բնական է նաեւ այն, որ կան այդ օրենքի ընդդիմադիրներ: Սակայն չեմ կարող հասկանալ ձեռնպահ մոտեցում ունեցող մարդկանց, ովքեր այսօր նստած են խորհրդարանում: Անթույլատրելի է այն, որ նման տնտեսական կարգավորիչ օրենքի մասին պատգամավորն ունենում է չեզոք մոտեցում:
– Պարոն Զեյթլյան, հայտնի է, որ խոշոր ընկերությունները չեն կատարում հարկային դաշտում իրենց պարտավորությունները, այդ թվում՝ խոսակցություններ կան հենց Ձեր ղեկավարած ընկերության մասին:
– Ես կարող եմ խոսել հարկային դաշտում հանքային ջրերի պարտավորությունների մասին: 1000 խոշոր ընկերությունների մեջ մեր գործարանը 587-րդ տեղում է: Հարկային դաշտում մենք մեր պարտավորությունները 100 տոկոսով կատարում ենք:
– Ի դեպ, հայերիս համար սեղանի ու բուժիչ ջրերի տարբերակումը օտարերկրացիների երեւակայության արդյունքն է: Որո՞նք են դրանց տարբերությունները:
– Միջազգային չափորոշիչների համաձայն` նման տարբերակում չկա: Գոյություն ունի բնական, հանքային ու աղբյուրի ջուր: Հանքային ջուրն իր բնույթով լինում է բնական, որը լիովին պաշտպանում է հանքային աղբյուրի բոլոր հատկությունները, եւ հանքային ջուր, որը ստանում են արհեստականորեն: Այսինքն` բուժիչ է համարվում այն հանքային ջուրը, որն ունի հանքայնացման որոշակի բարձր տոկոսներ: Ավելին` երբ մենք փորձում ենք դուրս գալ միջազգային շուկա, նրանք արդեն չեն հասկանում, թե ինչպես է հնարավոր, որ մի ընկերությունն աշխատի երկու չափորոշիչներով: Նրանց մոտ գոյություն չունի բուժիչ սեղանի ջուր հասկացությունը: Այսօրվա օրենսդրության փոփոխության նպատակը նաեւ դա է: Արտադրողների համար եւս 4 տարի ժամանակ է տրված: Եթե արսենիումի պարունակությունն այսօր մեղմեցին 0,1 տոկոսով, ապա 4 տարի հետո այդ նույն պարունակությունը հնարավոր է իջնի 0,01, ինչն ընդունված է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Այսինքն` այդ գործելաոճով հայաստանյան սպառողներին հավասարեցրել ենք միջազգային սպառողների հետ, ասել է թե` հրաժարվելով կրկնակի չափորոշիչներից, գնում ենք դեպի մեկ չափորոշիչի: