36.6-ը ոչ միշտ է առողջության նշան

23/03/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հայաստանն այսօր նման է հիվանդանոցի, ուր հիվանդների մասին պատկերացում կազմելու համար օգտվում են բոլորի ջերմաստիճանի միջին ցուցիչից. մեկը դիահերձարանում է, հասկանալի է, պաղպաղակի պես սառը, մյուսն այրվում է` ջերմաստիճանը 40 աստիճան է, մեկինը` 38,6, սակայն հիվանդների միջինացված ցուցիչը նորմալ է` 36,6:

Թյուրընկալման եւ փոխադարձ անվստահության մթնոլորտը, որ կա աշխարհիկ իշխանությունների եւ հասարակության միջեւ, ոչ այդքան նկատելի` գործում է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու որոշ սպասավորների եւ Հայ Առաքելական եկեղեցու շատ հավատացյալների միջեւ: Նախագահական ընտրություններից առաջ եւ հետո, ովքեր կաթողիկոսից մեծ ակնկալիքներ ունեին, խիստ սահմանափակեցին իրենց սպասելիքները: Բայց, այնուամենայնիվ, հավատացյալները շատ կցանկանային, որ հոգեւորականները հասկանային իրենց, հաշվի նստեին իրենց հոտի յուրաքանչյուր անդամի հետ` մեկ առ մեկ: Եվ, որ թերեւս ամենաբարդն է, սիրեին մերձավորին: Կարծես` «Հայլուրով» էր. հարգարժան աբեղաներից մեկը բոլոր նրանց, ովքեր կողմ չեն, որ Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու գնով, համարեց «մութ ուժերի» ազդեցության տակ գտնվող մոլորյալներ: Նրա եզրակացությունը հավատացյալների համար այնքան էլ հաճելի չէր. ըստ աբեղայի` ամառային կինոթատրոնը սոսկ պատրվակ է, իսկ այս ամենի հիմքում եկեղեցի չկառուցելու ցանկությունն է:

Ակնհայտ է, որ Մայր Աթոռում բոլոր նրանց, ովքեր ըմբոստացել են եկեղեցու ցանկության դեմ` քանդել ամառային դահլիճը, գնահատում են որպես Հայ Առաքելական եկեղեցու, ասենք այսպես, ոչ բարեկամներ: Մեծ շռայլություն է եկեղեցու ավելի քան 4000 անդամի համարել «մութ ուժերի» ազդեցության կրողներ: Հաշվի առնենք, որ այդ 4000 ստորագրություն ունեցող դիմումի մեջ կարդում ենք բազմաթիվ հարգարժան մարդկանց անուններ:

Հայ Առաքելական եկեղեցու անդամ ճարտարապետներն անկեղծորեն հիմնավորում են իրենց մասնագիտական կարծիքը` եկեղեցիները, որպես կանոն, պետք է կառուցվեն բաց, ազատ տարածության վրա, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճն, այնուամենայնիվ, մշակութային արժեք է, ճարտարապետական լուծումների գտածո: Ինչին եկեղեցին չոր եւ առարկություն չընդունող տոնով պատասխանում է` ամառային դահլիճն ամենեւին ճարտարապետական արժեք չունի, իսկ մտավորականներն այսքան աղմուկ են բարձրացնում, քանի որ խոսքը ոչ թե դահլիճի տեղում կառուցվելիք ռեստորանի կամ գիշերային ակումբի մասին է, այլ եկեղեցու: Հղումն, ի դեպ, բավական դիպուկ է եւ իրավացի` դիմումի տակ ստորագրած մարդիկ նույն խանդավառությամբ եւ ջանասիրությամբ չեն պայքարել մայրաքաղաքի ճարտարապետական դեմքի համար, երբ քանդվում էին քաղաքի կենտրոնի` պատմական արժեք ներկայացնող տները, շինությունները:

Սակայն այս դեպքում կա մի կարեւոր հանգամանք. այո՛, եթե ամառային դահլիճի տեղում որեւէ օլիգարխ, բարձրաստիճան որեւէ պաշտոնյա կառուցեր ռեստորան, հյուրանոց կամ գիշերային ակումբ, աղմուկն այսքան շարունակական, հնարավոր է, չլիներ: Սակայն խնդիրն այն է, որ մեր եկեղեցու հարգարժան այրերն էլ գիտեն, որ հասարակությունը գոնե մինչեւ հիմա անզոր է եղել իր կարծիքն արտահայտելու միջոցով հարց լուծել: Իսկ այժմ խնդիրն այսքան հետեւողականորեն բարձրացնում են հենց նրանք, ում մենք համարում էինք իրենց քաղաքացիական դիրքորոշումն անդառնալիորեն կորցրած մարդիկ` ճարտարապետներ, գրողներ, մտավորականների այլ խմբեր: Այս մարդիկ իրենց ձայնը բարձրացրել են, որովհետեւ գործ ունեն օծված, բարձր գիտակցության տեր հոգեւորականների հետ, ում կարելի է հասկացնել, որ ցանկությունն ազնիվ է, բայց դրան հասնելու միջոցն այս դեպքում ճիշտ չի հաշվարկված: Որ առավել նպատակային կլինի, եթե եկեղեցին կառուցվելու համար չքանդվի մշակութային այս օջախը: Այսինքն` այս մարդիկ վստահ են, որ հանձինս մեր հոգեւոր հայրերի` գործ ունեն ոչ թե կոռումպացված չինովնիկների եւ քաղաքական գործիչների, այլ, կրկնենք, օծյալ մարդկանց հետ, ում կարելի է հասկանալ եւ ում կարելի է հասկացնել:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանն էլ, «Ա1+-»-ի փոխանցմամբ, ասել էր. «Ես` որպես քահանա, որպես մի պարզ քաղաքացի, որ ունեմ աստվածապարգեւ զավակներ, երջանիկ կլինեի, եթե իմ երեխաները Երեւանով քայլելիս` ավելի հաճախ Աստծո տուն տեսնեին (…), քան թե հոգեսպան գիշերային ակումբների եւ դրանց նողկալի պաստառների ականատես լինեին»: Չկա մեկը, ով կարող է այս խոսքերին հակափաստարկ բերել:

Սակայն հարգարժան հոգեւորականին հիշեցնենք` քանդվում է ամենեւին ոչ գիշերային ակումբ կամ խաղատուն, այլ մշակութային օջախ: Հավատացեք, եթե եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականները խիզախություն ունենային կայացնել որոշում` քանդել գիշերային ակումբները, խաղատները, փոխարենը յուրաքանչյուր քանդված գիշերային ակումբի տեղում եկեղեցի, մշակութային օջախ, հայորդաց տուն կառուցել, դժվար թե դրա դեմ բանական որեւէ մարդ առարկեր: Եթե եկեղեցու մեր հայրերը որոշեին եկեղեցիներ կառուցել նաեւ արվարձաններում, Հայաստանի բոլոր գյուղերում, ուր հոգեորսները գյուղ առ գյուղ ընդգրկում են տարբեր աղանդների մեջ, չէր լինի որեւէ մեկը, ով կառարկեր: Եթե այդ նպատակի համար համազգային դրամահավաք կազմակերպվեր, կմասնակցեր մեզնից յուրաքանչյուրը: Այստեղ կա եւս մեկ նրբություն. եթե մեր բազմահազար մտավորականների խնդրանքը եկեղեցու սպասավորները զանց առնեն, տեղի կունենա վտանգավոր բան: Կստացվի, որ այս մարդիկ` բոլորը միասին եւ առանձին-առանձին, ոչինչ են:

Բանական յուրաքանչյուր մեկնություն, որը դեմ է բարձրաստիճան հոգեւորականների ցանկություններին, չպետք է դիտարկվի որպես անարգանք Աստծո դեմ կամ ընկալվի որպես եկեղեցի կառուցելու դեմ ուղղված պատերազմ: Եթե անգամ եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների կարծիքով` ամառային դահլիճը մշակութային լուրջ արժեք չէ, միեւնույն է, ընդառաջ գնալով բազմահազարանոց հոտի խնդրանքին եւ Ս.Պողոս-Պետրոսը կառուցելով ոչ մշակութային օջախ քանդելու գնով, եկեղեցին կվերականգնի ավելին` իր հավատացյալների վստահությունը: