Մաշկի խնամքը գարնանը
Եղանակի կտրուկ փոփոխությունները` ուժեղ քամիները, սառը օդը, նույնիսկ առողջ մաշկի վրա բացասաբար են անդրադառնում: Այդ պատճառով մաշկը գարնանը հատուկ խնամք է պահանջում: Օրինակ, անանուխի թուրմը շատ լավ թարմացնում է հատկապես չոր մաշկը: Դրա համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ անանուխը լցնել 1 բաժակ եռջրի մեջ, թրմել 30 րոպե եւ ստացված թուրմով լվացվել երեկոյան ու առավոտյան: Թուրմը կարելի է օգտագործել նաեւ սառեցրած վիճակում` սառույցի կտորներով մերսելով մաշկը:
Ռեհանի եւ մաղադանոսի հյութը եւս շատ լավ օգնում է մաշկին: Մաղադանոսի կամ ռեհանի թուրմը ազատում է մաշկը թեփոտումից եւ հարթեցնում այն:
Պատանիների կորյակավոր մաշկին շատ լավ օգնում է կաղնու կեղեւի թուրմը, որը պատրաստվում է հետեւյալ կերպ. 1 ճաշի գդալ կաղնու կեղեւը լցնել 1 բաժակ ջրի մեջ` հասցնելով եռման ջերմաստիճանի (եռացնել 15 րոպե), քամել ու սառեցնել այն: Ստացված թուրմը 1:1 հարաբերությամբ խառնել թուրինջի հյութի հետ ու օգտագործել որպես դեմքը մաքրող լոսյոն: Այն սառնարանում կարելի է պահել 3 օր, ոչ ավելի:
Կոշտացած մաշկի համար շատ լավ սկրաբ կարելի է պատրաստել սուրճի մրուրով ու տաքացրած բուսական յուղով: Զգայուն չոր մաշկի դեպքում բուսական յուղը կարելի է փոխարինել յուղոտ թթվասերով: Այս դիմակը քսել դեմքին ու մերսել 5-10 րոպե: Հետո դեմքը լվանալ գոլ ջրով: Այս դիմակը կարելի է օգտագործել շաբաթվա մեջ 2 անգամ: Այն մաշկին հաղորդում է բնական թխություն:
Թարմացնող դիմակ է ստացվում նաեւ հազարի (մարոլ) թեւիկներից: Թերթիկները պետք է մանրացնել այնքան, որ ստացվի 2-3 ճաշի գդալ զանգված: Վերջինիս վրա ավելացնել 1 ճաշի գդալ բարձր յուղայնությամբ թթվասեր ու 1 թեյի գդալ կիտրոնի հյութ: Այս դիմակն անհրաժեշտ է հաստ շերտով քսել դեմքին ու պարանոցին` թողնելով 20 րոպե: Դեմքը լվանալ տաք ջրով, հետո ցայել սառը ջրով, այնուհետեւ դեմքը մաքրել թեյի տամպոններով: 10-15 անգամ այս դիմակը դնելով (շաբաթվա մեջ 2-3 անգամ)` մաշկին հաղորդվում է ձգվածություն:
Մաշկի կնճիռները հարթեցնող նշանակություն ունեն բրնձով կամ տարեկանի փաթիլներով պատրաստված դիմակները: Բրինձը կամ տարեկանի փաթիլներն աղալ սրճաղացով, որպեսզի դառնա ալյուրի նման զանգված, հետո վրան ավելացնել 2-3 ճաշի գդալ թուրինջի հյութ ու 1 ճաշի գդալ թթվասեր: Դիմակը քսել մաշկին, պահել 20 րոպե ու լվանալ ջրով:
Հատկապես չոր մաշկ ունեցողները կարող են ընդունել Կլեոպատրայի լոգանքներ: Նախքան լոգանք ընդունելը պետք է մաքրվել քրտինքից ու կեղտից: 1 լիտր կաթը հասցնել եռման ջերմաստիճանի, ավելացնել 2-3 ճաշի գդալ մեղր եւ 2 ճաշի գդալ նուշի կամ ձիթապտղի յուղ: Այս բաղադրությունը լցնել վաննայի մեջ եւ լոգանք ընդունել 20 րոպե: Այսպիսի լոգանք պետք է ընդունել մի քանի օր, որպեսզի արդյունքը զգալի լինի:
Ավիտամինոզը գարնանային հիվանդություն է
Ավիտամինոզը հիմնականում համարվում է գարնանային հիվանդություն: Հաճախ են մարդիկ գարնանն ունենում գերհոգնածության, քրոնիկական անքնության զգացում: Այս վիճակից դուրս գալու համար պետք է ընդունել վիտամիններ: A խմբի վիտամիններն օգնում են ազատվել մաշկի հետ կապված խնդիրներից, B խմբի վիտամինները վերականգնում են նյարդային համակարգը, կարգավորում են օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության պրոցեսները: Վիտամին C-ն լավ պայքարի միջոց է մրսածության դեմ եւ բարձրացնում է դիմադրողականությունը: Վիտամին D-ն ամրացնում է ոսկրային հյուսվածքներն ու եղունգները, իսկ ահա վիտամին E-ն օգնում է օրգանիզմից դուրս մղել բազմաթիվ թունավոր նյութեր ու տոքսիններ: Մեզ մնում է հասկանալ, թե ինչպես պետք է ստանալ այս կամ այն վիտամինը: Թեեւ հետազոտությունները ցույց են տալիս, որ այսօրվա մրգերն ու բանջարեղենն այնքան էլ հարուստ չեն վիտամիններով, այնուամենայնիվ, մարդիկ գերադասում են դրանք բազմաթիվ դեղատնային վիտամիններից: Այս ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում կիվին: Բացի այն, որ կիվին պարունակում է շատ վիտամիններ, հանքային աղեր, այս փոքրիկ կանաչ միրգը կարող է բավարարել մի քանի օրվա վիտամին C-ի չափաքանակը: Բնականաբար, հաջորդ հորիզոնականում խնձորն է: Վիտամիններով հարուստ են նաեւ սոխը, սխտորը, գազարը, կաղամբն ու բազուկը, ինչպես նաեւ կանաչեղենը: