ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս անբարենպաստ իրավիճակի վերաբերյալ իսկական խուճապ են առաջացրել իշխանական շրջանակներում: Օսկանյանն ասել էր, որ ղարաբաղյան հարցում այսօր Հայաստանը հայտնվել է 1998թ. վիճակում, եւ ստեղծված իրավիճակը հաղթահարելու տարբերակներից մեկն էլ կարող է լինել իշխանափոխությունը: Հատկապես վերջին միտքը հարուցել է ՀՀԿ-ականների զայրույթը, որոնք իրար հերթ չտալով երեկ պատասխանել են Օսկանյանին: «Նա 10 տարի մեր թիմակիցն է եղել: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, եւ՛ Օսկանյանը, եւ՛ մյուսները մեր թիմակիցն են եղել: Մենք շարունակում ենք Ռոբերտ Քոչարյան, Օսկանյան, ինչո՞ւ չէ, նաեւ Սերժ Սարգսյան թիմի քաղաքականությունը, սակայն մեզ քննադատում են, որովհետեւ իշխանության չեն: Ինչո՞ւ հրաժարական տանք, որ այսօր մեր երկիրն աշխարհում դարձրել ենք գործո՞ն»,- հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Վ. Օսկանյանն ավելի կամ պակաս չափով քննադատական նման հայտարարություններ արել է առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, սակայն երբեք նման հակազդեցության չի արժանացել իշխանական թիմի ներկայացուցիչների կողմից: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ականների այս «նրբազգացությունը» պայմանավորված է Ռ. Քոչարյանի վերադարձի հավանականության մասին վերջին շրջանում ակտիվացած խոսակցություններով: Այսինքն` իշխանությունները, մեղմ ասած` «մտավախություն են զգում» այդ հեռանկարից: Թերեւս պատահական չէ, որ
Վ. Օսկանյանին պատասխանողների թվում է եղել նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այսինքն` այդ գործին լծվել են այն ՀՀԿ-ականները, ովքեր որպես կանոն՝ on-line ռեժիմով «արժանի հակահարված են տալիս»
Հայ Ազգային կոնգրեսի կամ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին: Ի դեպ, «հետաքրքիր զուգադիպությամբ»՝ Օսկանյանի գնահատականները հնչեցին ՀՀ Էկոնոմիկայի ՀՀԿ-ական նախարար Ներսես Երիցյանի հասցեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից եւ ՀՀԿ-ականների պատասխաններից հետո: Այսինքն, կարելի է ասել` ՀՀԿ-Քոչարյանի թիմ հակասությունները թեւակոխում են նոր փուլ: