Գյուլն ուղղել է Էրդողանին

20/03/2010

Երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Թուրքիայի հետ կապված վերջին զարգացումներին: Հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք կրկին խոսել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված հայկական բանաձեւի ապագայի մասին, Ա. Գյուլը պատասխանել է. «Մեկ անգամ արդեն խոսել ենք: Սրանից հետո այս թեմայի հետ կապված Օբամայի հետ խոսելու բան չունեմ: Բավականին մանրակրկիտ խոսեցինք, բացատրեցինք: Այդ թեմայի հետ կապված մեր ասելիքն ասել ենք: Այսուհետ մնում է նրանց ասելիքը: Նրանց որոշումը դժվարացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ամեն դեպքում, Կովկասի խնդիրները մեր խնդիրներն են: Ներկա իրավիճակը ո՛չ Հայաստանին, ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ Ադրբեջանին ձեռնտու չէ: Մենք Կովկասում խաղաղության համար մեր ձեռքից եկածն անելու ենք»: Հարցին էլ, թե՝ ինչպե՞ս եք մեկնաբանում վարչապետ Էրդողանի` «Մեր երկրում անօրինական բնակվող 100.000 հայերին կվտարենք» արտահայտությունը, հատկապես, որ ինքն ավելի վաղ նշել էր, որ Հայաստանի հետ լուռ դիվանագիտություն է ընթանում, Գյուլը պատասխանել է. «Պարոն վարչապետն այդ ամենն ասել է Թուրքիայի դրական դիրքորոշումն ընդգծելու տեսանկյունից: Բացի այդ, ես այն կարծիքին եմ, որ մեր երկրում 100.000 ապօրինի հայ չկա: Այդ մարդիկ Թուրքիայում աշխատում են եւ իրենց ընտանիքներին են օգնում: Կարծում եմ, որ նա ասել է այն տեսանկյունից, որ Թուրքիան նրանց դեմ ատելություն եւ թշնամություն չի ցուցաբերում: Մարդկային խնդիրները պետք է տարանջատել քաղաքական խնդիրներից: Ես գիտեմ նրա զգայունությունը մարդկային խնդիրների նկատմամբ: Երբեմն մարդու խոսքն այլ կերպ են հասկանում: Թուրք ժողովրդի մոտ չկա օտարի նկատմամբ թշնամություն եւ ռասիզմ: Մենք միշտ ասել ենք, որ ԱՄՆ-ը, Սփյուռքը եւ Կովկասը տարբեր թեմաներ են: Անհրաժեշտ է հետեւել մեր առաջարկած Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմին: Ստատուս-քվոյի պահպանումը ոչ մեկի շահերից չի բխում: Դրա համար եմ ասել, որ անհրաժեշտ է անձայն աշխատել: Մինսկի խմբի աշխատանքները տեսանելի վիճակի են եկել: Կովկասում խնդիրների լուծման մեջ ՌԴ նախագահ Մեդվեդեւը վճռական է, ինչը շատ կարեւոր է»: