«Կատաստրոֆա է սպասվում»

20/03/2010

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կանխատեսմամբ` 2013 թվականից Հայաստանում սկսվելու է «կատաստրոֆա»: «Այդ թվականին բյուջեին անհրաժեշտ կլինի 500 մլն դոլար, որ վճարենք պարտքերը: Իսկ այսօրվա դրությամբ բյուջեում կա 2.5 մլրդ: Անցած տարի այդ պարտքը 75 մլն էր: 500մլն-ը գերազանցում է մեր ամենամեծ ծախսին` բանակի ծախսին»,- ասել է նա: Ըստ Հ. Բագրատյանի` պետությունը վերցրել է անհեռատես պարտքեր` հատկապես ռուսական 500 մլն-ը: «Մինչեւ հիմա պարտքերի տոկոսը գնում է, չեն էլ կարողացել այդ վարկերն օգտագործել»,- ասել է նա` հավելելով, թե անկումն այնքան մեծ է եղել, որ անկման տեղ այլեւս չկա: Երկրի ՀՆԱ-ն 12 մլրդ դոլարից իջել է 8 մլրդ 760 մլն-ի: Իրական անկումն անցած տարի եղել է 22%: Այս տարի էլ, ըստ Հրանտ Բագրատյանի, գնաճը մեծ հավանականություն ունի աճել ավելի քան երկնիշ թվով: «Կառավարության չաշխատելու դեպքում տնտեսական անկումը կլինի զրո, իսկ հակառակ դեպքում այն կլինի մինուս»,- հայտարարել է նախկին վարչապետը:

Ի դեպ, Հ. Բագրատյանը տարօրինակ է համարում այն, որ տնտեսական անկման պատճառով Հայաստանում ոչ մի բանկ չի սնանկացել: «Եթե չի պատժվում արտադրողը, բնականաբար, պետք է պատժվի սպառողը: Այդ պետք է լինի հավասարակշռություն ապահովելու համար»,- նշել է նա: Ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակը ՀԱԿ-ի կազմած տնտեսական ծրագիրն է, որն առաջիկայում ՀԱԿ-ը պատրաստվում է ներկայացնել դեսպանատներին: «Դրանք լոլոներ չեն, կոնկրետ քայլեր են»,- ասել է նա:

Հ. Բագրատյանի համոզմամբ` նախ պետք է հաղթահարել տնտեսության գերկենտրոնացվածությունը: «Այսօր տասը ամենահարուստ ընտանիքների ձեռքում է գտնվում տնտեսության 54.7 տոկոսը: Պետք է մեծացվի այն մարդկանց քանակը, ովքեր ակտիվ մասնակցություն կունենան երկրի տնտեսական զարգացմանը: Ժամանակակից աշխարհում բնակչության 12 տոկոսն ակտիվ զբաղվում է բիզնեսով, իսկ Հայաստանում մեկ տոկոսն էլ չի զբաղվում»,- ասել է նա: