Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Թուրքիայից 100 հազար հայերին վտարելու մասին իր հայտարարությունների համար մեղադրում է թուրքական եւ միջազգային ԶԼՄ-ներին: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` երեկ Էրդողանը հայտարարել է, թե ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներն իր խոսքերը ներկայացնելիս բաց են թողել «ապօրինի» արտահայտությունը` դրանով իսկ աղավաղելով իր հայտարարությունը եւ այն վերագրելով Թուրքիայում բնակվող բոլոր հայերին: «Իմ խոսքերը որեւէ առնչություն չունեն մեր հայ քաղաքացիների հետ… Կոչ եմ անում բոլոր հոդվածագիրներին եւ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են աղավաղել իմ խոսքերը, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ինձ հումանիզմի դասեր տալ, բոլոր նրանց, ովքեր ինձ կոչ են անում ներողություն խնդրել, փաստաբանի ձեր պարտականությունը կատարեք հավուր պատշաճի: Մենք լավ գիտենք, թե ումից ենք ներողություն խնդրելու: Դուք նախ թուրք ազգի փաստաբանը դարձեք, դա սովորեք, հետո նոր փորձեք մեզ հումանիզմի դասեր տալ»,- հայտարարել է Էրդողանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերին, նա հայտարարել է. «Պատմությունը խորհրդարանականները չեն գրել: Պատմությունն ուսումնասիրելու կամ պատմական խնդիրների վրա լույս սփռելու համար պետք է դիմել արխիվներին»: Նաեւ հիշեցրել է այն քայլերը, որոնք թուրքական իշխանություններն արել են Հայաստանին եւ Պոլսո հայ համայնքին ընդառաջ: «Մեր իրականացրած առաջին քայլերից մեկը եղավ այն, որ Հայաստանի հետ սկսվեց օդային հաղորդակցություն: Երեւան-Ստամբուլ չվերթերը մեր շնորհիվ սկսվեցին: Մեր սեփական կամքով վերանորոգեցինք Վանա լճի Աղթամար կղզու հայկական եկեղեցին: Սակայն նրանք այդ ամենը չեն տեսնում: Մենք մեր երկրում որեւէ խնդիր չունենք մեր հայ քաղաքացիների հետ: Իմ կառավարության շրջանում համայնքի հետ` ի դեմս Մութաֆյանի եւ այլոց, լավ հարաբերությունների մեջ ենք անձամբ ես, իմ նահանգապետերը, քաղաքապետերը»: «Լոնդոնում ես հայտարարեցի իմ երկրում ապօրինի բնակվող հայերի մասին: Սակայն շատ ցավալի է, որ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային պլատֆորմներում իմ այդ խոսքերը սկսվեցին գործածվել եւ գործածվում են առանց «ապօրինի» արտահայտության: Ահռելի տարբերություն կա հայերին արտաքսելու եւ ապօրինի բնակվող հայերին արտաքսելու միջեւ: Մենք տեսնում ենք, որ հատկապես միջազգային մամուլի կողմից փորձեր են արվում շիկացնել մթնոլորտը: Դրանք շատ կեղտոտ խաղեր են: Սեպտեմբերի 6-7-ի իրադարձությունները կեղտոտ սադրանք էին: Ես եմ հայտարարել, որ այդ ժամանակաշրջանում երկիրը լքողների դեմ անարդարություններ են իրականացվել: Սակայն նրանք, ովքեր ցանկանում են աղավաղել ապօրինի բնակվող հայերի հետ կապված իմ խոսքերը, հուսով եմ` իրենք իրենց կուղղեն»,- ասել է Էրդողանը: